Վերջին տարիների ամենացավալի իրողությունն այն է, որ մարդիկ կորցրել են լռելու ունակությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ դա մի հատկություն է, որ մարդը փոքրուց է ձեռք բերում: Մանուկ տարիքում հաճախ են ասում` լռիր, երբ մեծերը խոսում են, լռությունը ոսկի է, շատ լսիր` քիչ խոսիր, անպոչ գդալի պես մեջ մի ընկիր:
Անտեղի մի խոսիր, հիմար հարցեր մի տուր, ինչից չես հասկանում` դատողություններ մի արա, մեծ-մեծ մի խոսիր… հազարավոր նման խոսքեր ու խրատներ են լսում մարդիկ փոքր տարիքում, ինչը ողջ կյանքում ուղեկցում է նրանց եւ շատ փորձանքներից է փրկում հետագայում:
Ինչ-որ պահից սկսած, սակայն, հայ հասարակությունը կորցրեց լռելու հատկությունը, եւ մարդկանց թվաց, թե միշտ, անընդհատ եւ ամեն ինչի մասին կարելի է խոսել, ամեն ինչի մասին կարելի է պոռոտախոսել ու փիլիսոփայել, քեզնից մեծերին ու ավելի խելոքներին կարելի է խրատել ու խելք սովորեցնել:
Լեզվիդ եկածը բարձրաձայնել, մտքիդ եկածը` դուրս տալ: Եվ հանկարծ տեսանք, որ մեր շուրջը լիքը տգետ, անխելք, չար, վնասակար մարդիկ կան, որոնք երբ լռում էին, խելոք, բարի, ճիշտ մարդկանց տպավորություն էին թողնում, երբ սկսեցին խոսել, քողն ընկավ մեր աչքերից, եւ դառը իրականությունը հառնեց մեր աչքի առաջ` իր ողջ սոսկալիությամբ:
Պարզվեց` մեր շուրջը լիքը հայատյաց, արցախատյաց մարդիկ կան: Կան մարդիկ, որոնք չգիտեն, թե հայրենիքն ինչ է, հող հայրենին ինչ է: Կան մարդիկ, որոնք իրենց նմանին միայն վատ բաներ են կամենում, որ ուրախանում են մարդու մահով, կալանքով, տխրում են նրա հաջողությամբ: Կան մարդիկ, որոնք 5 տարեկանի չափ դատելու, սխալը ճշմարտությունից, վատը լավից զատելու ունակ չեն, եւ նրանց 5 տարեկանի նման կարելի է խաբել ու օգտագործել: Բայց եթե շարքային պարզ մարդը կարող է նաեւ անգրագետ լինել, կյանքի դժվարությունների բերումով նախանձ ու չար լինել, օրենքներից գլուխ չհանել, պետության արժեքը չիմանալ, ապա պաշտոն ու կարգավիճակ զբաղեցնող մարդիկ դրա իրավունքը չունեն: Նրանց վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված, նրանցից ավելի մեծ պահանջներ ունի հասարակությունը:
Երբ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը չի հասկանում, որ չի կարելի սեփական պետության ու ազգի դեմ հայտարարություն անել խորհրդարանի բարձր ամբիոնից, դա մեծ ողբերգություն է: Մարդն ինչքան անպատասխանատու եւ հիմար պետք է լինի, որ մի ապուշ միտք զարգացնելու համար հայտարարի, թե Տաշիրն ու Լոռին էլ ժամանակին վրացական թագավորության մաս են եղել: Նախ, խորհրդարանը պատմագիտական հարցեր քննարկելու տեղ չէ, երկրորդը` քո սուղ պատմական գիտելիքները կգնաս՝ ձեր թաղի «բեսեդկում» կպատմես, երրորդը` առանց այն էլ ձեր քաղաքական ուժն այնքան վնաս է պատճառել մեր հայրենիքին, որ նոր վնասների, նոր տխմար հայտարարությունների բեռի տակից դժվար է լինելու դուրս գալը: Մենք դրանք դեռ տասնամյակներ ու հարյուրամյակներ ենք մարսելու, դրանց վրա նոր բեռ ավելացնելը նոր ու մեծ թշնամություն է հայ ազգին: Լավ, սրանց փոքր ժամանակ չե՞ն սովորեցրել, որ երբեմն պետք է լռել: Լռել, որ իրենց ապիկարությունների շարքն էլ ավելի չընդարձակվի:
Խոսել չգիտեք, լռե՞լ էլ չգիտեք։

Բաց մի թողեք
Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են
Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները
Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն