Եթե Իրակլի Կոբախիձեն և «Վրացական երազանքը» ցանկանում են վրաց ժողովրդին ապացուցել, որ հայրենասեր իշխանություն են, ամենից առաջ պետք է հանդես գան անեքսիայի դեմ, մի բան, որ նրանք չեն անում,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Շարաշիձեն։
«Կոբախիձեն այսօր պետք է խոսի ոչ թե ինչ-որ առասպելների և օտարերկրյա գործակալներից սպառնալիքների մասին, այլ քաղաքական և իրավական գնահատական տա Ռուսաստանի օկուպացիային և անեքսիայի գործընթացին»,-apsny.ge կայքի փոխանցմամբ ասել է վրացի խորհրդարանականը։
Ավելին, Շարաշիձեն Վրաստանի վարչապետին հորդորել է, որ «եթե չի կարող դա անել, թող դուրս գա և խոստովանի, որ իրականում աշխատում է ոչ թե հանուն Վրաստանի, այլ Ռուսաստանի շահերի, երբ մեր եվրոպացի գործընկերներին «թշնամի» է հռչակում, բայց ինքը ուղղակի համագործակցության մեջ է գլխավոր թշնամի Ռուսաստանի հետ»,- ընդհանրացրել է ընդդիմադիր պատգամավորը։
Վրաստանի գործող վարչապետի հասցեին ընդդիմության կողմից քննադատության և մեղադրանքների պակաս չկա, բայց Շարաշիձեի կոշտ հայտարարությունը առանձնահատուկ է։ Նա ներկայացնում է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որի առաջնորդը նախկին վարչապետ Գախարիան է։
2024թ․ ընտրություններից հետո «Հանուն Վրաստանի» կուսակցությունից ընտրված պատգամավորները, ի տարբերություն արմատական ընդդիմության, մանդատ են ստացել և խորհրդարանում ներկայացված են։
Գախարիան մասնավոր հատվածից կառավարության Տնտեսական խորհրդի քարտուղար է նշանակվել «Վրացական երազանքի» իշխանության առաջին տարիներին, իսկ 2016թ․-ին պաշտոնապես ճանաչվել «վարչապետի իրավահաջորդ», և խորհրդարանական ընտրությունները լեգիտիմացնելու նրա որոշումը, բնականաբար, գնահատվել է որպես «Բիձինա Իվանիշվիլիի հետ գործարք»։
Ուշագրավ է, որ ընդդիմադիր պատգամավոր Շարաշիձեն քննադատել է ոչ միայն վարչապետ Կոբախիձեին, այլև «Վրացական երազանք» կուսակցությանը։ Կարելի է ենթադրել, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդի խնդիրը ոչ թե վարչապետի պաշտոնից Կոբախիձեի հեռացումն է, այլ Վրաստանի արտաքին քաղաքական-քաղաքակրթական ընտրության սկզբունքային փոփոխությունը։
Շուրջ երկու տարի Գախարիան և նրա կուսակցությունը նման խնդիր չեն առաջադրել, եղել են «կառուցողական ընդդիմություն» և կտրուկ ակտիվացել են, երբ նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Նելսոն Մանդելայի նման կգա իշխանության»։
Գախարիան հակադարձել է նույն օրը․ ««Միասնական ազգային շարժումը» երբեք իշխանության չի գա»,- ասել է նա։ Կարելի է ենթադրել, որ Վրաստանին «ներքաղաքական լուրջ զարգացումներ են սպասում», և «Վրացական երազանքի» օրոք քաղաքական բարձր դիրքի հասած Գեորգի Գախարիան «կարող է բոլորի համար ընդունելի» լինել՝ բացառությամբ Միխեիլ Սաակաշվիլիի։

Բաց մի թողեք
Պենտագոնը բացահայտում է, որ դաշնակիցների հետ արդեն իսկ բանակցություններ են ընթանում Եվրոպայում դիրքորոշման վերանայման վերաբերյալ
Իսպանիան կոչ է անում դաշնակիցներին չմեղադրել Մարոկկոյին Սեուտայի ճգնաժամի համար
Ծանոթացեք ամուսնական զույգի հետ, որը նպաստեց Մեծ Բրիտանիայում սոցիալական ցանցերի արգելքի իրականացմանը