08/08/2026

EU – Armenia

Սաուդյան Արաբիային Թուրքիայի կողմից «առևանգելուն» Միացյալ Նահանգները ինչպե՞ս կվերաբերվի

Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ և բաց է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանում կայունության ձգտող բոլոր եղբայրական երկրների համար։

Այդ մասին սոցցանցային գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ «Համատեղ պաշտպանության մասին» փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Նրա գնահատմամբ, համաձայնագիրը նախատեսում է համագորխակցություն անվտանգության, ռազմական արդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարի ասպարեզներում։

Թուրքիայի նախագահի գրառման ամենակարեւոր շեշտադրումը, թերևս, Մեքքայի համաձայնագրի «բոլոր եղբայրական երկրների համար բաց լինելու» հավաստիացումն է։ Թուրքիայի համար առաջին եղբայրական երկիրը Ադրբեջանն է։ Ավելին, թուրք-ադրբեջանական հարաբերությունները կառուցված են «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով, ինչը կողմերը բազմիցս վերահաստատել են առաջնորդների հայտարարությունների մակարդակով։

Այս իմաստով Էրդողանի հրավերի առաջին հասցեատերը, բնականաբար, Իլհամ Ալիևն է։ Պաշտոնական Բաքուն Մեքքայի համաձայնագրի վերաբերյալ դեռևս տեսակետ չի հայտնել։ Մերձավոր Արևելքում փաստացի նոր ռազմական դաշինքի ստեղծմանը առայժմ չի արձագանքել նաև Ռուսաստանը։

Փոխարենը աչքի է զարնում Իրանի շատ կոշտ դիրքորոշումը, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին կապերի կոմիտեի խոսնակ Ռեզային այն որակել է «թղթե անվտանգություն» և Սաուդյան Արաբիային հիշեցրել, որ ԱՄՆ-ի հետ տասնամյակների համագործակցությունը «ոչ մի արդյունքի չի հասել»։

Մեքքայի համաձայնագրի նախաձեռնությունը Թուրքիայինն է և փաստացի երկու՝ իսրայելական և իրանական, ուղղություններով Ադրբեջանին խիստ անհարմարություն է պատճառում։ Թուրք-սաուդա-պակիստանյան «եռյակ դաշինքը», անկասկած, հետապնդում է Մերձավոր Արևելքում Իսրայելի ազդեցությունը հակակշռելու նպատակ, բայց միաժամանակ կոչված է երաշխավորելու Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։

Բաքուն, այսպիսով, հայտնվել է Մեքքայի համաձայնագրին միանալու Անկարայի «եղբայրական» հորդորի, Իրանի հակազդեցությանը արժանանալու և Իսրայելի հետ համագործակցությունը առնվազն սահմանափակելու վտանգների միջակայքում։ Մանավանդ պարզ չէ, թե Պարսից ծոցի իր ավանդական դաշնակից Սաուդյան Արաբիային Թուրքիայի կողմից «առևանգելուն» Միացյալ Նահանգները ինչպե՞ս կվերաբերվի։