Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նույն օրը կայացած Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ալիևը Թրամփին G 20 գագաթաժողովին «հրավիրելու համար շնորհակալություն է հայտնել»։
Այս տեղեկությունը, բնականաբար, Հայաստանում ենթադրությունների տեղիք է տվել։ Տեսակետ է շրջանառվել, որ խաղաաղության գործընթացի նշանակությունը ԱՄՆ-Ադրբեջան «ռազմավարական համագործակցությունն» է, իսկ Հայաստանը «միայն գործիք» է։
Նույն օրը, սակայն, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տարածել է Դոնալդ Թրամփին Իլհամ Ալիևի նամակը, որտեղ G20-ի գագաթաժողովին «մասնակցության հրավեր ստանալու համար» շնորհակալական խոսքը բացակայում է։
Ի՞նչ է տեղի ունեցել Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի մասին հաղորդագրության տարածումից հետո, ոչ ոք չի կարող ասել։ Բայց փաստ է, որ դրանից մի քանի ժամ հետո Ալիևի նամակը փաստացի հերքել է ԱՄՆ նախագահի կողմից G 20-ի գագաթաժողովին մասնակցության հրավեր «ստանալու» մասին նրա աշխատակազմի տարածած տեղեկությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Վաշինգտոնում գումարվում էր ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողով, Ղազախստանի նախագահ Տոկաևը փորձել է հրավեր ապահովել նաեւ Իլհամ Ալիևի համար, բայց՝ անհաջող։ Դրան հաջորդել է Իլհամ Ալիևի Տաշքենդ այցը, որի ընթացքում ոչ պաշտոնապես ձևավորվել է Կենտրոնական Ասիա+ Ադրբեջան ձևաչափը։
Անցյալ շաբաթ Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են Ղրղըզստանում, ընդունվել է «Չոլպան Աթայի հռչակագիրը»։ Ակնկալվում է, որ այդ ձևաչափը արդեն ֆորմալ «հաստատում կստանա» առաջիկա հոկտեմբերին՝ Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի Խորհրդատվական խորհրդի պաշտոնական նիստում, որ կկայանա Թուրքմենստանում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ հեռախոսազրույցների ընթացքում Դոնալդ Թրամփը Տոկաևին և Միրզիյոևին «G20-ի գագաթաժողովին մասնակցության հրավեր է փոխանցել»։
Ըստ երևույթին, Ալիևի աշխատակազմը «իրադարձություններից առաջ է ընկել», բայց Վաշինգտոնից դիվանագիտական խողովակներով հասկացրել են, որ Ադրբեջանի նախագահը Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ «նույն քաշային կարգում» չէ։
Այլապես նույն օրը ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Ալիևը նրան «բաց նամակ» հղելու անհրաժեշտություն չէր ունենա կամ պաշտոնապես շնորհակալություն կհայտներ, որ Դոնալդ Թրամփը իրեն «ճանաչել է Հարավային Կովկասի առաջնորդ»։
Թրամփին Ալիևի նամակում մի չափազանց կարևոր դիտարկում կա, նա կարևորել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը մեկ տարով երկարաձգելու որոշումը։
Հասկացվում է, որ ԱՄՆ Կոնգրեսում այդ կարևորագույն օրենքը չեղարկելու լոբբինգը ցանկալի արդյունքի չի հասել, և Ալիևը հույս ունի, որ Թրամփը ևս մեկ անգամ այն կշրջանցի։ Դա միանգամայն հնարավոր է, բայց փոխարենը ի՞նչ է պահանջվելու Ալիևից։

Բաց մի թողեք
ԱՄՆ – թուրք – պակիստանյան «հավասարակշռության հակակշի՞ռ» է
Մոսկվան բացահայտեց Ալիևի սուտը
Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը