12/08/2026

EU – Armenia

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց

«ՀՀ վարչապետի աշխատակազմին 8 կետից բաղկացած հարցում էր ուղարկել՝ պարզելու հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի իրական օրակարգն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեզ հետաքրքրում էր՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել զրույցը, քննարկվե՞լ են ընտրությունները, նոր իշխանության ձևավորումը, հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը, ինչպես նաև ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները։

Առանձին հարցրել էինք նաև՝ ի՞նչ պատասխան է տվել Պուտինը Փաշինյանի բարձրացրած խնդրին, խոստացե՞լ է որևէ կոնկրետ քայլ կամ հանձնարարական, և ի՞նչ ապրանքների արտահանման մասին է խոսքը։

Վարչապետի աշխատակազմի պատասխանը, սակայն, այս հարցերին չի տալիս։ Փոխարենը մեզ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում արդեն անդրադարձել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասներին։

Այսինքն՝ վարչապետի աշխատակազմը 8 կոնկրետ հարցերի պատասխանելու փոխարեն լրագրողին ուղղորդում է վարչապետի՝ ավելի վաղ հրապարակային հայտարարությանը, որտեղ չկային մեր հարցերի պատասխանները։

Հատկապես ուշագրավ է, որ մնք հարցրել էինք ոչ թե ընդհանուր գնահատականների, այլ կոնկրետ պայմանավորվածությունների, Պուտինի դիրքորոշումների և հնարավոր քայլերի մասին։

Իսկ ռուսական շուկայում հայկական արտադրանքի սահմանափակումների թեման այս պահին պարզապես դիվանագիտական դետալ չէ։ Դա կենսական հարց է ՀՀ տնտեսության համար»։