13/08/2026

EU – Armenia

«Վարչաֆեստ»` առանց «Վարչաբենդի»

Օգոստոսի 21-22-ին Սեւանա լճի ափին տեղի կունենա «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը։

Այն իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը՝ կառավարության աջակցությամբ։ «Հրապարակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնել են, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 100 երաժշտական խումբ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, ինչպես նաեւ՝ Կանադայից, Ավստրիայից եւ Հոլանդիայից։

Նախարարությունից նաեւ հայտնում են, որ մրցույթում երաժշտական ժանրերի սահմանափակում չկա։ Նախընտրական լսումներն իրականացվել են երկու փուլով։ Երեկ ավարտվել է կենդանի լսումների փուլը։

Ի դեպ, մրցույթի բյուջեն 178 մլն 954 հազար դրամ է, որը նախատեսված է միջոցառման կազմակերպման եւ մրցութային ֆոնդի համար։ Մրցույթի գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է, առաջին մրցանակ՝ 3 մլն դրամ, երկրորդ մրցանակ՝ 2 մլն, երրորդ՝ 1 մլն դրամ։ Ժյուրիի նախագահը Վահագն Հայրապետյանն է, որը 57 տարեկան է, հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի ղեկավար, ինչպես նաեւ՝ Armenian Navy Band խմբի մասնակից։

Իսկ անդամները՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, վանաձորյան «Լավ էլի» խմբից Մհեր Մանուկյանը, վոկալիստ, կոմպոզիտոր Կառլ Մանուկյանը եւ երաժիշտ Վահագն Գեւորգյանը։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 13-35 տարեկան երաժիշտները։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» խումբը` որպես մասնակից, մրցույթին չի մասնակցելու։ Թեպետ խմբի՝ տարիքային շեմին չհամապատասխանող միակ անդամը Փաշինյանն է, եւ եթե խմբի չմասնակցելը պայմանավորված է այդ հանգամանքով, խնդիրը լուծելի էր՝ խումբը կարող էր մասնակցել առանց նրա, հատկապես երբ այն նոր կազմավորված խումբ է եւ իր մասնակցությամբ կխրախուսեր մյուս մասնակիցներին։

Արդյոք Փաշինյանն իր անվամբ մրցույթին անլո՞ւրջ է վերաբերվում, թե՞ իր խումբը մրցակցությունից վեր է համարում, դժվար է ասել։ Հավելենք նաեւ, որ նախընտրական շրջանում ակտիվ հանդես եկող «Վարչաբենդը» ընտրություններից հետո երեկ առաջին անգամ փորձ է արել։ Տեղեկացանք, որ խումբը թեև որպես մրցութային համար չի մասնակցելու միջոցառմանը, սակայն միջոցառման շրջանակներում հանդես են գալու երաժշտական համարով։