Ադրբեջանի կառավարող զույգը այցելել է Նախիջևան։ Իլհամ Ալիևը «մարտական դրոշ է հանձնել համազորային բանակի «Կոմանդո» ստորաբաժանմանը», ինչպես նաև ներկա գտնվել «Մոմունե-խաթունի վերակառուցված դամբարանի և նրա անվան զբոսայգու բացմանը»։
Նախիջևանում Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ «Ադրբեջանի և նրա անբաժանելի մաս Նախիջևանի միջև ուղղակի հաղորդակցությունը վաղեմի երազանք է, որ արդեն մոտ է իրականացմանը»։ Ալիևը նշել է, որ Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը «գրեթե պատրաստ է, իսկ երկաթուղու կառուցումը ամեն պահ կարելի է արագացնել, որ կախված է հայաստան հատվածի կառուցման հետ»։
Ալիևը Նախիջևան է այցելել վաշինգտոնյան համաձայնությունների տարեդարձի առթիվ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարության հրապարակումից մեկ օր հետո։ Մինչ այդ նա Դոնալդ Թրամփին անձնական ուղերձ է հղել, իսկ հաջորդ օրը Իրանի նախագահի հետ «սիրալիրություններ փոխանակել»։ Բաքուն և Թեհրանը հրապարակայնացրել են, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը «կանգնած է եղել իրանական եղբայր ժողովրդի կողքին»։
Ըստ երևույթին, կողմերը մարտի հինգին Նախիջեւանի օդավանակայանի դեմ «Իրանից դրոնային հարձակման» թեման փակված են համարում։ Ադրբեջանին հաջողվել է Իրանի դեմ պատերազմին մասնակցությունից խուսափել, ինչը, հավանաբար, Իսրայելում «տարակուսանքի» տեղիք է տվել։
Ֆեյսբուքյան «Իրանիստիկա» հարթակը, որ, ամենայն հավանականությամբ, գործում է Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո, Ալիևի Նախիջևան այցի առթիվ տեսակետ է հայտնել, որ «իրանա-ադրբեջանական ուղղությունը միայն զարգանալու և ամրապնդվելու է, քանի որ տարածաշրջանային նոր ճարտարապետությունում Բաքուն ուրիշի պատերազմով և քաոսով շահագրգռված չէ, նա շահագրգռված է իր կայունությամբ»։
Իրանա-ադրբեջանական «սիրալիրության» գնահատման համար, երևի, հարկ է սպասել ամիսներ առաջ անոնսավորված՝ Արաքսի վրա կառուցված կամրջի բացմանը։ Եթե այն տեղի ունենա և անցնի հանդիսավոր պայմաններում՝ կողմերի նախագահների մասնակցությամբ, կարելի է զգուշավոր եզրակացություն անել, որ Թեհրանը և Բաքուն փոխադարձ անվստահության տասնամյակների բարդույթը եթե ոչ լիովին, ապա գոնե հիմնական մասով հաղթահարել են։
Այս համատեքստում աչքի է զարնում Հայֆայի համալսարանի շրջանավարտ Lazar Jacubov-ի ֆեյսբոուքյան գրառումը: «Ադրբեջանը երկու ընտրություն ունի՝ լինել կամ Թուրքիայի, կամ Իրանի ստրուկը՝ փոխելով հայտնի կարգախոսը որպես «մեկ ազգ՝ մեկ պետություն»»։

Բաց մի թողեք
Հուշարձանը միայն մշակութային արժեք չէ, խնդրի էությունը դրանից չի փոքրանում
Ռուսաստանը արցախյան պատերազմը առանձնացրեց դաշնակցային պաշտպանությունից
Բայրամովի ելույթում Հայաստանի համար առարկության ենթակա դրույթներ շատ կան