18/08/2026

EU – Armenia

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին:

Հրապարակ թերթը գրել է․ Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց: Տեղափոխվեցին նաեւ կոկորդիլոսները եւ վագրերը: Իսկ եղնիկները, եղջերուները, մուֆլոններն ու բեզոարյան այծերը Երեւանի կենդանաբանական այգի չեն տեղափոխվել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Ասլանյանը։

«Մասնագիտական խմբով այցելեցինք, ոչ միայն կենդանաբանական այգու մասնագետներն էին, այլ նաեւ ներգրավված էին Կենդանաբանության եւ էկոլոգիայի կենտրոնի աշխատակիցները, WWF-ի մասնագետները։ Այս մասնագիտական խմբով նախնական գնահատում տվեցինք այնտեղ եղած կենդանիների տեսակների եւ բարեկեցության պայմանների մասով։ Մեր եզրակացությունը միանշանակ էր, որ կարիք չկա նրանց այնտեղից վերցնել, քանի որ ապրում են կիսաազատ պայմաններում, չկա կյանքին ու բարեկեցությանը վտանգի տակ դնող որեւէ գործոն, քանի որ ունեն ջուր, կեր, մեծ ազատ տարածք, եւ կարիք չկա նրանց այնտեղից վերցնելու։ Մեր միջնորդության հիման վրա քննչական խումբն ընդունեց որոշում, որ նրանց այնտեղից չտեղափոխեն։ Կային հայտացուցակում հայտագրված մուֆլոններ եւ բեզոարյան այծեր, բայց քանի որ նորմալ պայմաններում էին գտնվում, մենք ուղղակի գրանցեցինք, որ այդ կենդանիները կան, բայց առգրավելու, այնտեղից հանելու իմաստ չկար»,- ասաց նա։

Ինչո՞ւ կարապները, կոկորդիլոսները, առյուծներն ու վագրերը տեղափոխելու որոշում կայացվեց, այս դեպքում պահման պայմանները չէի՞ն համապատասխանում։ Աշոտ Ասլանյանը նշեց․ «Նրանք պահվում էին առանձին փակ տարածքներում, ըստ երեւույթին, քննիչների որոշումը ելնում էր դրանից, որ այնտեղ պետք է նրանց մոտ խնամողը գնար, կերակրեր, հետեւեր եւ այլն»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց Երեւանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 4 վագր, 3 առյուծ, 9 կոկորդիլոս եւ 13 կարապ։ Սակայն էգ առյուծը քնեցումից չի արթնացել։