18/08/2026

EU – Armenia

Փաշինյանը թարմացնում է կադրային բանկը՝ «դրսից ներմուծված ուղեղներով»․ Լուսանկար

Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին կոչ էր արել ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։

Հրապարակ թերթը գրել է․ Իսկ օգոստոսի 4-ին հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, որից դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսն անցել է երկրորդ փուլ։ Նա նաեւ հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել, առաջիկայում կլինի այդ որոշումների դե յուրե իրագործումը։ Այս հայտարարությանը հաջորդեցին առաջին նշանակումները, իսկ նշանակումներից մի քանի օր անց դրանցից մեկի շուրջ արդեն աղմուկ բարձրացավ։

Փաշինյանի՝ «դրսից ներմուծված ուղեղներից» մեկը` Տաթեւիկ Ասլանյանը, օգոստոսի 6-ին նշանակվեց ԲՏԱ նախարարի տեղակալ։ Նա բավականին լավ կրթություն է ստացել արտերկրում, ստարտափ է հեղինակել, Եվրոպայում բավականին հաջողությունների հասել, եւ թվում է` այս նշանակումը կարելի է միայն դրական գնահատել, բայց հրամանից օրեր անց համացանցում քննարկվող թոփ թեման Ասլանյանի՝ որպես փոխնախարարի առաջին հարցազրույցն էր, որի ժամանակ երիտասարդ կինը խոսում էր՝ անգլերեն բառեր կիրառելով, ինչը տհաճ տպավորություն թողեց օգտատերերի վրա եւ դարձավ ծաղրելու թեմա: Նա 31 տարեկան է, ծնվել է Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում։ 2015–2018թթ. սովորել է Տիլբուրգի համալսարանում (Նիդերլանդներ)՝ «Էկոնոմետրիկա եւ գործառնությունների հետազոտություն» բաժնում, ստացել բակալավրի աստիճան, իսկ 2018-2019թթ. մագիստրոսի աստիճան ստացել է Էրազմուսի Ռոտերդամի համալսարանում (Նիդերլանդներ)՝ «Էկոնոմետրիկա եւ կառավարման գիտություն» (բարձրագույն մաթեմատիկա եւ ստատիստիկա) բաժնում։

Օգոստոսի 10-ի որոշմամբ էլ Փաշինյանը Վահան Միսակյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել։ Միսակյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 3-ին, Հայաստանում։ 2003-2009 թվականներին սովորել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ 2009-2011 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում։ 2011-2012 թվականներին համալսարանի ճարտարապետության, պլանավորման եւ պահպանության ֆակուլտետում ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» մասնագիտությամբ։ 2012-2014 թվականներին նույն ֆակուլտետում ստացել է երկրորդ մագիստրոսի աստիճանը՝ «Քննադատական, համադրողական եւ հայեցակարգային գործունեություն» մասնագիտությամբ։ Միսակյանը մասնագիտական գործունեություն է ծավալել նաեւ ԱՄՆ-ում։

Նույն օրը մեկ այլ որոշմամբ առողջապահության փոխնախարար նշանակված Շահանե Մնացականյանը եւս դրսում կրթություն ստացած կադր է համարվում, սակայն նա ընդամենը 1 տարի սովորել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա եւ առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագրով։ Ծնվել է 1989 թվականին, Երեւանում, 2006-2013 թվականներին սովորել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապա նույն բուհում ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։ 2015-2017 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում՝ ստանալով հանրային առողջության մագիստրոսի աստիճան։ 2020-2021 թվականներին ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա եւ առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը, իսկ 2024-2025 թվականներին Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում սովորել է «Համաճարակաբանություն» մասնագիտություն եւ ստացել բժշկի դիպլոմ։ Նա տեւական ժամանակ աշխատել է Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում:

Շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Հայկ Առաքելյանն էլ ծնվել է 1990 թվականին, Երեւանում։ 2010 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան։ Այնուհետեւ կրթությունը շարունակել է արտերկրում։ 2015 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի LLM աստիճան՝ առեւտրային իրավունքի ուղղությամբ, իսկ 2016 թվականին Լոնդոնի Իմպերիալ քոլեջում ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ուղղությամբ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ փոխնախարար Ռոզա Բաբայանը կրկին նույն ծրագրի շրջանակներում է պաշտոն ստացել։ Նա եղել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար։ Բաբայանն ունի մագիստրոսի կոչումներ Հայաստանի գյուղատնտեսության ակադեմիայի սանիտարական փորձաքննության եւ անասնաբուժական ֆակուլտետից եւ Մոսկվայի իրավաբանական ինստիտուտից։ Ռոզա Բաբայանն աշխատել է ԱՀԿ-ում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԲՀ-ում, ԵԽ-ում, ԱԶԲ-ում: Նա 2021-2022թթ սովորել է Տորոնտոյի համալսարանում։

Իսկ օգոստոսի 14-ին էկոնոմիկայի փոխնախարար նշանակված Արամ Խաչատրյանը ծնվել է 1985-ին, Երեւանում։ 2002-2006թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2009-2011 թթ․ մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նա իր կրթության միայն վերջին տարին՝ 2015-2016 թթ., սովորել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանում՝ Արբիտրաժային եւ գործարար իրավունքի հետբուհական մագիստրոսի ծրագրով։ Նա Նիդերլանդներ NFP MA կրթաթոշակառու է եղել։

Փաշինյանի ծրագիրը հասկանալի է` թարմություն հաղորդել լճացած կառավարման համակարգին: Այնպես, ինչպես արեց Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում, երբ վարչապետ նշանակեց Կարեն Կարապետյանին, իսկ վերջինս տեխնոկրատների կառավարություն ձեւավորեց: Բայց եթե այն ժամանակ թարմացումը կատարվում էր առաջին դեմքերի` նախարարների մակարդակով, ապա Փաշինյանի թարմացումը կատարվում է փոխնախարարների մակարդակով, որոնց մի մասն էլ ոչ թե աշխարհի լավագույն համալսարաններում է կրթություն ստացել, այլ ընդամենը 1-2 տարի ուսանել է աշխարհի առաջատար բուհերում։ Նկատենք նաեւ, որ երկրում վարվող քաղաքականությունը որոշում, մշակում եւ իրականացնում են վարչապետն ու կառավարության անդամները, փոխնախարարները որքան էլ հայեցողական պաշտոններ են զբաղեցնում, նրանց ազդեցությունը երկրի ընթացքի ու զարգացման վրա նվազագույն է:

«Հրապարակ». Փաշինյանը թարմացնում է կադրային բանկը՝ «դրսից ներմուծված ուղեղներով»