18/08/2026

EU – Armenia

Կանանց լարում է ամուսինների դեմ` մերժված կոնվենցիաների համար հող պատրաստում

Աննա Հակոբյանը տեւական լռությունից հետո որոշել է փոխել թեման` եթե առաջ քաղաքական հայտարարություններ էր անում, հոգեւորականների մասին Ֆեյսբուքում գրառումներ անում, «Կրթվելը նորաձեւ է» արշավ էր իրականացնում, հիմա սկսել է խոսել կանանց նկատմամբ բռնության թեմայով, նախօրեին էլ տեսաուղերձով է հանդես եկել։ «Բռնությունը ծնվում է տգիտությունից։

Բռնությունն արատ է։ Այն թուլամորթության արդյունք է եւ ոչ երբեք ուժի։ Բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք-կողքի, եւ մեր ընտանիքները չեն կարող բռնության մշակույթի օրրան լինել։ Սիրելի՛ կանայք, այլեւս չենք հանդուրժում»,- նշել է նա։

Բռնությունը, ինչ խոսք, ամենաարատավոր ու դատապարտելի երեւույթներից է, կանանց դեմ կլինի, տղամարդկանց, երեխաների, թե ծերերի: Աշխարհում չի գտնվի մեկ առողջ մարդ, որ կարդարացնի բռնությունը: Բռնությունը դատապարտելի, արատավոր ու զազրելի երեւույթ է եւ միշտ եղել է քրեորեն պատժելի արարք: Մարդիկ տարիներով բանտարկվում են բռնություն գործադրելու համար, այնպես չէ, որ հայ հանրությունը նոր է ջունգլիներից իջել եւ չգիտի բռնության վնասակարության մասին: Ինչ խոսք, մեզանում կան նաեւ ընտանիքներ, որտեղ կանայք իրապես ենթարկվում են բռնության եւ լռում են այդ մասին, սակայն Աննա Հակոբյանը նույնացվում է գործող իշխանության հետ, իր ամուսնու` Նիկոլ Փաշինյանի հետ, եւ նրա բարձրաձայնած խնդիրները մարդկանց մոտ նեգատիվ վերաբերմունք են առաջացնում: Հակոբյանի տեսաուղերձների տակ էլ հիմնականում բացասական մեկնաբանություններ են թողնում, հիշեցնում, որ Հայաստանում կան կին քաղաքական բանտարկյալներ, որ իր ամուսնու ավտոշարասյունը հղի կնոջ է սպանել, որ այս իշխանությունը բռնության, ատելության խոսք է տարածում` նախկին իշխանություններին, ընդդիմադիրներին, արցախցիներին ուղղված, եւ իշխանության առաջին դեմքի կինն իրավունք չունի խոսել բռնության մասին, քանզի իր ամուսինն է բռնության ավանդույթի տարածողը մեր երկրում:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Բռնության թեման նորություն չէ: Մենք անգամ ընդունեցինք որոշ կոնվենցիաներ, իսկ որոշներն այդպես էլ դեռ չենք ընդունել, եւ ես կարծում եմ, որ այս թեման քաղաքական բնույթի է, այն աշխարհաքաղաքական գործիք է իրականում: Աշխարհում չենք գտնի մի ողջամիտ մարդու, որը կարող է բռնությանը կողմ լինել, անկախ նրանից, թե ով է բռնության ենթարկվողը, ինչ սեռի է պատկանում եւ այլն: Բռնությունը շատ վատ բան է: Առհասարակ, ագրեսիվությունը, մարդուն ցավ պատճառելը՝ հոգեբանորեն թե ֆիզիկապես, իրականում դատապարտելի երեւույթներ են: Քանի որ Աննա Հակոբյանն անդրադառնում է հատկապես կանանց դեմ բռնության թեմային, ես կանդրադառնամ հայկական ընտանիքի մշակույթին:

Իրականում, մեր մշակույթը բավականին կնամեծար մշակույթ է: Մենք ունեցել ենք շատ ազդեցիկ կանացի կերպարներ, եւ բնավ այնպես չէ, որ հայ կանայք տղամարդու կողմից ենթարկվել են բռնության, ծեծի են ենթարկվել, ընտանիքում նվաստացել են եւ այլն: Կին-տղամարդ հարաբերությունները բավականին նորմալ են: Անշուշտ, լինում են նաեւ դեպքեր, որոնք դատապարտելի են ու արգահատելի, բայց գոյություն ունի քրեական օրենսգիրք, որտեղ հստակ նշված է, թե բռնարարին ինչ պատիժ է սահմանվում: Պարտադիր չէ, որ քրեական օրենսգրքում շեշտը դրվի կնոջ նկատմամբ բռնության վրա, կամ պարտադիր չէր առանձին օրենք ընդունել: Դարձել ենք արեւմտյան կասկածելի արժեքների զոհը: Ինչ-որ կասկածելի բաների մասին են խոսում եւ, ներողություն` մեր ժողովրդին գավառամիտի տեղ են դնում, կարծում են, որ մարդկանց համար դրսից ներմուծվող ցանկացած երեւույթ ընդունելի է, լավ է, եւ որ մարդիկ այդ արժեքները փակ աչքերով պետք է ընդունեն եւ այլն: Բազմաթիվ ծրագրեր են եղել, որտեղ մենք, օրինակ, նշել ենք, որ այս թեման չափազանցված է, եւ արժանապատիվ դիրքերից ենք հանդես եկել, իհարկե, ասել ենք, որ դեմ ենք բռնությանը, այդտեղ չի կարող լինել երկրորդ կարծիք, սակայն երբեմն տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում, կան տղամարդիկ, ովքեր չեն կարողանում ընտանիքի բարեկեցությունն ապահովել եւ հայտնվում են շատ վատ վիճակում, կանանց կողմից ճնշված: Այնպես որ, կանանց դեմ բռնության թեման վաղուց ակտուալ չէ, ուղղակի գործիք է: Այս կնոջ ակտիվացումը ես կապում եմ մեր կողմից մերժված կոնվենցիաների հետ: Ստամբուլյան կոնվենցիայի համար, հավանաբար, հող են նախապատրաստում: Նորից այդ հարցերը բերելու են մեջտեղ: Ես չեմ ժխտում, որ կան կանայք, ովքեր ծանր վիճակում են, սակայն նրանց պետք է աջակցել այլ տարբերակով: Դրանք առանձին դեպքեր են, ինչպես, օրինակ, փողոցային խուլիգանությունը եւ մնացյալ հանցանքները: Ի՞նչ է նշանակում` մտնում է ընտանիք, կանանց լարում ամուսինների դեմ, մեր ավանդական դերակատարումները շատ ճշգրիտ են եւ իմաստուն, դրանք արդարացված են հոգեբանական տեսանկյունից եւս: Արտերկրում ապրող տարբեր հոգեբաններ, ուսումնասիրելով հայկական ընտանիքի մոդելը, ուղղակի հիանում են եւ ասում են` պահպանեք այդ առողջ հարաբերությունները»: