Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս: Աբսուրդի, երկակի ստանդարտների, կեղծիքի, անամոթաբար ստելու, օրենք խախտելու…գառան մորթու տակ թաքնված գայլերի երկիր:
Հրապարակ թերթը գրել է․ Նայեք ձեր շուրջը` հազարավոր ապացույցներ: Նորատուսցի բանդուրյանների նմանները, որոնք չարիք են, վտանգավոր հանրության համար, ազատության մեջ են, Արեգնազ Մանուկյանն ու Ավետիք Չալաբյանը` բանտում:
Լկտիաբար Ընտրական օրենսգիրքը ոտնահարած ու մի ողջ կուսակցության հասանելիք 5 մանդատը խլած իշխանությունը խոսում է նախկին իշխանությունների ընտրակեղծիքների մասին: 10 հազար դրամ թոշակ բարձրացնելով` մեր վճարած հարկերից, մի 100-200 հազար քվե խաբեությամբ կորզած քաղաքական ուժն ընդդիմությանը մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ:
Պետական բուջեից միլիոններով ինքնապարգևավճար բաժանած կառավարությունը «թալան» է անվանում նախկին պաշտոնյայի` Աբովյանի տան մեկ քառորդ մասը:
Հազարավոր զոհեր տված իշխանությունն անդադար խոսում է Մարտի 1-ի 10 զոհի ու Պողոս Պողոսյանի մահվան մասին:
ԱՆԻՖ-ով ու տարբեր պետական ծրագրերով (մենակ Ամուլսարի փորձաքննության համար` 400 հազար դոլար) մսխած իշխանությունը մի խեղճուկրակ համայնքապետի մեղադրում է 1 կամ 2 միլիոն դրամ վատնելու համար, որը նա 2 տարում վճարել է գյուղապետարանի վարորդին, իսկ նա, պարզվում է, աշխատանքից հաճախ բացակայել է:
Կառավարության ղեկավարը որտեղ, ինչքան մտքով անցել է` նվիրել է թշնամուն, որտեղ ուզեցել է թշնամին` «սահմանազատում» է արել, հիմա հայտարարում է` ես ինչպե՞ս կարող եմ Արծվաշենը թողնել օտար տիրապետության տակ, դա հայկական հող է, Սահմանադրությունն ինձ արգելում է դա անել:
Ամեն աստծո օր Սահմանադրություն խախտող կառավարության նախարարություններից մեկում աշխատող ընկերուհուս հետ պայմանագիրը չեն շարունակել, թե` քո 65 տարին լրանալուց 1 օր հետո է նոր օրենքն ուժի մեջ մտել: Այդ օրենքով քաղծառայողները կարող են 65-ից հետո էլ աշխատել պետական համակարգում (իսկ մարդը կարևոր, օգտակար, անգամ անփոխարինելի մասնագետ է): Վիդիտելի` օրենքը թույլ չի տալիս:
Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել: Էս աբսուրդի ու փարիսեցիության մեջ էլ ապրում ենք և հաճախ չենք էլ նկատում այս ամենը: Մեզ շատ անհաշտելի բաների հետ հաշտեցրին սրանք…

Բաց մի թողեք
Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են
Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ)
Իշխանության դեգրադացիա․ ովքեր էին կառավարում նախկինում, ովքեր՝ հիմա