ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին:
Թրամփը նշել է, որ ոչ ոք Թեհրանին ավելի լավ հնարավորություն չի տվել գործարք կնքելու, քան ինքը, սակայն Իրանը «չի կարողացել օգտվել դրանից»։
«Այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ իրականացված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին: Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանի նավատորմը ոչնչացվել է, ռազմաօդային ուժերը՝ ոչնչացվել, ռազմական օբյեկտները վերածվել են ավերակների, ազգային արժույթն արժեզրկվել է, երկիրը «կախված է թելից»։
Թրամփը շեշտել է, որ այն երկրները, որոնք թույլ կտան իրենց ֆինանսական հաստատություններին, ընկերություններին, օդանավակայաններին կամ պետական գործակալություններին աջակցել Իրանին, կբախվեն «հսկայական տնտեսական հետևանքների»։ ԱՄՆ նախագահը պահանջել է անհապաղ դադարեցնել իրանական նավթի «մաքսանենգությունը», կանխիկ փոխանցումները, փոխանակման կետերի միջոցով արժութային գործարքները, նավերի գրանցամատյանների և կեղծ ընկերությունների օգտագործումը և սահմանափակումները շրջանցելու այլ մեթոդները։
«Սա տնտեսական D-օր կլինի, և մեզ անհրաժեշտ է, որ մեր բոլոր դաշնակիցները ուս ուսի կանգնեն Միացյալ Նահանգների հետ՝ իրանական սպառնալիքը մեկուսացնելու և հաղթահարելու համար»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։
Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա»։
Թրամփը որոշել է փոխել մարտավարությունը Իրանի հետ հարաբերություններում և հրահանգել է վարչակազմի պաշտոնյաներին դադարեցնել բոլոր բանակցությունները, ասել է մի ամերիկացի պաշտոնյա։
CNN-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն արդեն տեղեկացրել է իր դաշնակիցներին, որ այժմ կհետևի նոր ռազմավարության. ԱՄՆ-ն այլևս չի ձգտում ջախջախել Իրանին, այլ պլանավորում է աստիճանաբար «խեղդել» այն։ Ամերիկացի առաջնորդն արդեն հրահանգել է բանակցային թիմին չմիջամտել Իրանի հետ։ «Թրամփը շարունակում է դժգոհ մնալ Թեհրանի՝ իր պահանջները կատարելու դժկամությունից (…) Նա ցանկանում է սպասել, մինչև Իրանի առաջնորդները հայտարարեն իրենց պատրաստակամության մասին՝ կնքելու իր ուզած գործարքը», – հաղորդել է հեռուստաալիքը։

Բաց մի թողեք
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը այս ամսվա վերջին կվերադառնան Մեծ Բրիտանիա
Ուկրաինան նոր պաշտպանության նախարար ունի. Լուսանկար
Չեխական արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել. Լուսանկար