22/08/2026

EU – Armenia

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում

Խոսվում է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին, բայց երբ ծանոթանում ես Տիգրանաշենի տվյալներին, հարցերն ավելի են շատանում։ Եկեք քաղաքական հայտարարությունները մի կողմ դնենք ու նայենք փաստաթղթերին։

Հրապարակ թերթը գրել է․ 2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս։

Դրանից հետո կարգավիճակային որևէ փոփոխություն չկա։

Ու այստեղ առաջանում է ամենապարզ հարցը.

Պարույր Սևակ գյուղի թաղամա՞սն է Փաշինյանը հանձնում Ադրբեջանին։ Եթե այո, ապա Պարույր Սևակ գյուղի հետ ի՞նչ է լինելու։ Որտե՞ղ է ավարտվում գյուղը, և որտե՞ղ է սկսվում այն տարածքը, որը պատրաստվում են հանձնել։ Սա պարզապես բառերի խաղ չէ։

Եթե Տիգրանաշենը գյուղի թաղամաս է, ապա նրա տարածքի հանձնումը չի կարող ներկայացվել որպես ինչ-որ առանձին, գյուղից կտրված գործընթաց։ Դրա համար պետք է լինի հստակ իրավական հիմք, հստակ սահման և հստակ փաստաթուղթ։ Ու եթե կարգավիճակը փոխվել է, թող իշխանությունը ցույց տա՝ ո՞ր փաստաթղթով է փոխվել։

Որովհետև այստեղ մի շատ տարօրինակ իրավիճակ է ստացվում։ Թաղամասը գյուղի մաս է։ Եթե թաղամասն ես հանձնում, ասա՝ գյուղի հետ ի՞նչ ես անում։
Թե՞ հիմա նոր քաղաքական տեխնոլոգիա է՝ փողոց առ փողոց հանձնել, որ մեծ տարածքի կորուստը փոքր-փոքր կտորներով այնքան էլ նկատելի չլինի։

Այսօր՝ Տիգրանաշեն։

Վաղը՝ մեկ ուրիշ թաղամաս։

Հետո՝ մեկ ուրիշ փողոց։

Իսկ վերջում մեզ կասեն՝ «բայց դուք ինչո՞ւ եք աղմկում, ընդամենը մի քանի փողոց էր»։ Պետության տարածքը «մի քանի փողոց» չէ։

Հարցը հենց սա է՝ ո՞նց ես հանձնում մի թաղամաս, եթե այն քո երկրի գյուղի մասն է։ Ու եթե պատասխանը չկա, ուրեմն խնդիրը Տիգրանաշենը չէ։

Խնդիրը պետության տարածքը տնօրինելու այս նոր՝ փողոց առ փողոց քաղաքականության տրամաբանությունն է։

Խորհրդային Հայաստանի շատ տարածքներում բնակվում էին ադրբեջանցի հողագործներ, անասնապահներ, որոնք իրենց ապրած տարածքին, բնակավայրին իրենց անվանումն էին տալիս։ Բազում ադրբեջանական հնչյունափոխված տեղանուններ կան, որոնք պարզապես հուշում են, որ այդտեղ ապրել են ադրբեջանցիներ։ Նրանցից մեկն էլ Քյարքին էր։ Ադրբեջանցի զինյալները ոտնատեղ էին գտել․ այդ տարածք էին մտնում ու գնդակոծում Զանգեզուր տանող ճանապարհը։ Վազգեն Սարգսյանի և իր զինակիցների մեծագույն ջանքերի շնորհիվ կանխվել է Սյունիք տանող ճանապարհը կորցնելու իրական վտանգը։

Կա մի անուն, որի մասին այսօր պետք է խոսել, երբ խոսում ենք Տիգրանաշենի մասին։

Տիգրան։

1990 թվականի հունվարին մարտական գործողությունների ժամանակ զոհվեց Տիգրան Մելիքյանը։ Քյարքին, որն այդպես անվանել էին այդտեղ բնակվող ադրբեջանցիները, կոչվեց Տիգրանաշեն։ Տիգրանաշեն անունը պարզապես աշխարհագրական անվանում չէ։ Այդ հողի մեջ մեր զոհված զինվորի արյունն է, իսկ հերոսների անունները հանձնելու փաստաթուղթ չկա։ Եվ որպեսզի պատկերացնեք, թե ինչ ռազմավարական նշանակություն ունի Տիգրանաշենը, փաստերի վրա հենվենք։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, Ալեքսան Հակոբյանի հուշագրությունը ահա թե ինչ է հիշեցնում․

«Բաքվում հայերի հալածանքներին, ջարդերին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին, որն այդտեղ բնակվող ադրբեջանցիներն էին կոչել, անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից»։

Հիշեցնեմ նաև, որ 1992 թվականից Տիգրանաշենում վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանի Բաքու (՝ Բաքվի ջարդեր), Գանձակ ( Գանձակի ջարդեր), Սումգայիթ ( Սումգայիթի ջարդեր) և այլ վայրերից բռնագաղթած հայ փախստականները։ Այդ ջարդերի, տկլոր փախած փախստականների մասին այսօր մոռացության է մատնել այս իշխանությունը և Ադրբեջանի փախստականների հարցով է զբաղվում։ Ավելին՝ խոսում է Տիգրանաշենի անկլավ լինելու մասին։ Այդպես որ գնա, որտեղ ադրբեջանցիներ են բնակվել, Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ հայկական հող չէ։