Ֆինլանդիան գործնականում ավարտել է Ռուսաստանի հետ սահմանային արգելապատի կառուցումը։ Այդ մասին հայտնի է դարձել օգոստոսի 20-ին։
Արգելապատի երկարությունը մոտ երկու հարյուր կիլոմետր է, որ կազմում է Ֆինլանդիայի արևելյան սահմանի տասնհինգ տոկոսը։ Լիովին կառուցապատված սահմանային ենթակառուցվածքը պատկան մարմիններին կհանձնվի արդեն սեպտեմբերին։
Ավելի վաղ Ֆինլանդիան խիստ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերում։ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացրել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից գրեթե անմիջապես հետո։ Միաժամանակ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ է դարձել նաև Շվեդիան։
Ռուսաստանի հետ սահմանին ֆիննական արգելապատի կառուցման մասին տեղեկությանը զուգահեռ շատ էական հայտարարություն է տարածել Լեհաստանի փոխվարչապետ-պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային բոլոր անցակետերը»,- լեհ բարձրաստիճան պաշտոնյային մեջբերել է ռուսաստանյան «Կոմերսանտը»։
Ըստ Կոսինյակ-Կամիշի՝ Լեհաստանը «կարող է արևելյան սահմանը արգելափակել յոթից մինչև տանսչորսօրյա ժամկետում եւ այդ խնդիրը լուծելու համար ձեռքի տակ ունի անհրաժեշտ սարքավորումներ, ամրաշինական կառույցներ և պահեստներ»։
Լեհաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ այդ միջոցառումները իրականացվում են դեռևս 2024թ․-ին մշակված «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։
Լեհաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հետևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի քան մեկամսյա վաղեմության ելույթին, որի ժամանակ նա Ուկրաինայի ներկայիս տարածքի մի մասը անվանել է «լեհական, որ Ստալինի նվերն» է։
ՌԴ նախագահը այդ թափանցիկ ակնարկը հնչեցրել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների համատեքստում։ Իհարկե, Վարշավան և Կիևը պատմության և քաղաքակրթական ինքնության հարցերում դեռևս հեռու են համաձայնությունից, բայց, երևում է, Լեհաստանը «խայծը կուլ չի տվել» և սկզբունքորեն շարանուկում է սատարել Ուկրաինայի ինքնիշխանությանը։
Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրներն, այսպիսով, նախապատրաստվում են X ժամի։ Այն կարող է և վրա չհասնել, բայց եթե նախապատրաստական աշխատանքներ տարվում են, պետք է ենթադրել, որ «համաեվրոպական աղետի հավանականությունը մնում է շատ բարձր»։

Բաց մի թողեք
Թուրքիա – Ադրբեջան գոնե հրապարակային շփումներ չեն արձանագրվել
Ռուսաստանը խոսքից կարող է անցնել գործի և պատերազմի աշխարհագրությունը ընդլայնել
Մոսկվա – Բաքու հրապարակային «բանավեճը ուշադրություն շեղելոու նպատակ են հետապնդում»