22/08/2026

EU – Armenia

Տարիներ շարունակ հերքում էին Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տիգրանաշենի (Քյարքիի) և այլ տարածքների պատկանելությանը՝ հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատումն իրականացնում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներով են առաջնորդվում։

«Հիմա այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի. սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ կան տարածքներ, որոնք քարտեզներում և գետնի վրա փոխադարձաբար այլ կերպ են արտահայտված՝ բերելով Ջերմուկի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի օրինակները։ Փաշինյանը բացառեց հարցի լուծումը ռազմական ճանապարհով՝ այն անվանելով «անցյալ և փակված էջ»։

Վարչապետն ընդգծեց, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կմ է, որտեղ Արծվաշենը ներառված է որպես էքսկլավ, իսկ Հայաստանի տարածքում գտնվող անկլավները ներառված չեն․ «Ոնց էլ անենք սահմանազատումը, Հայաստանի տարածքը պետք է լինի, լինելու է և է 29,743 քառակուսի կիլոմետր»։ Բայց ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ սովորության համաձայն մշտապես հերքել են Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի պատրաստակամության մասին, ինչպես որ նախաքան 2020 թվականը հերքում էին, որ իշխանության են եկել Արցախը հանձնելու համար: Այժմ ընթերցողին ենք ներկայացնում ՔՊ-ականների այն գրառումներն ու հայտարարությունները, որոնք բացահայտ, կամ ըստ էության հերքում են, որ Փաշինյանը Տիգրանաշենը պատրաստվում է հանձնել: Հատկապես Արարատի նախկին մարզպետ, այժմ պատgամավոր Գարիկ Սարգսյանն է քանիցս իր հարցազրույցներում պնդել, որ Տիգրանաշենին ոչինչ չի սպառնում:

Սարգսյանը 2021-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ցավի ու կորստի քաղաքական կապիտալիզացիայի շրջանակներում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հիմարությունն է բստրել, հիմա էլ պնդում է, թե Քյարքին տալիս են, Սյունիք գնալ չի լինելու։

Իհարկե, մարդկանց ամենօրյա ռեժիմով խաբելու, վախի ու տեռորի մթնոլորտում պահելու համար Բագրատյանն ու մնացած 16-ը ոչնչի, անգամ բացահայտ ստի առաջ կանգ չեն առել և կանգ չեն առնելու, բայց ես վստահ եմ, որ նրանց գործողությունները ինչպես հարկն է գնահատում են մեր քաղաքացիները։

Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում։

Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու։

Չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժե գնալ»»:

Բոլորովին վերջերս «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ռուբեն Ռուբինյանին ուղիղ հարցրել էր՝ երաշխավորո՞ւմ է, որ իրենց իշխանության օրոք Տիգրանաշենը չի հանձնվելու։ Ռուբինյանը պատասխանել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,743 քառ. կմ-ը «լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է», և որ Հայաստանի այդ սահմանների ներսում գտնվող տարածքները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո»:

Ռուբինյանը պատասխանել էր. « Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է»:

2025-ի նոյեմբերին Ալեն Սիմոնյանը խոսելով Տիգրանաշենի մասին, ասել էր, որ իշխանությունը հայտարարել է՝ սահմանը պետք է վերականգնվի Ալմա-Աթայի հռչակագրով, և հարցրել էր.
«Այս ժամանակահատվածում Տիգրանաշեն կար՞, թե՞ չկար»։
Նա նաև պնդել էր, որ կոնկրետ տարածքները որոշվելու են սահմանազատման գործընթացում։

Արարատի նախկին ՔՊ-ական մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ևս Տիգրանաշենի հանձնման լուրերը բազմիցս հերքել է: Նա մասնավորապես ասել է. «Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի»։

Անդրանիկ Քոչարյանն էլ 2023-ին իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսելով Տիգրանաշենի մասին, պնդել էր. .

«Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած, մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով»։

Նա դա ասել է այն հարցին ի պատասխան, թե Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման մասին հայտարարությունը արդյո՞ք վերաբերում է Տիգրանաշենին և անկլավներին: Քոչարյանը նշել էր, որ իրենց գործողությունների հիմքում պետական սահմանի քարտեզներն են, այդ թվում՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի օգտագործած քարտեզները։