22/08/2026

EU – Armenia

Տիգրանաշենը եւ Արծվաշենը համարժեք չեն, Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար

Հրապարակ թերթի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ։

– Տիգրանաշենի թեման իր ակտիվությունը չի՞ կորցնում: Սկզբում ՔՊ-ն ասում էր, որ անկլավների հարց չկա, իսկ հիմա Փաշինյանը Տիգրանաշենը ճանաչում է Ադրբեջանի մաս:

– Տիգրանաշենի մասին, դեռ օրեր առաջ, կրկին խոսեց Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ անկլավների ու էսկլավների հարցը կլուծվի սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում, մինչդեռ, երբ ստեղծվել էր այդ հանձնաժողովը, անկլավների հարցը ներառված չէր այդ հաձնաժողովի աշխատանքներում: Հետո Նիկոլ Փաշինյանն այն բերեց օրակարգ եւ ինտենսիվ համեմատություններ է անում Արծվաշենի հետ` փորձելով նաեւ հոգեբանական ճնշում գործադրել մարդկանց վրա, թե ով է դեմ, որ Արծվաշենը պետք է վերադարձվի մեզ: Ոչ մեկը դեմ չէ Արծվաշենի վերադարձին, չկա այնպիսի հայ մարդ, որ ասի՝ ես դեմ եմ Արծվաշենի վերադարձին: Այդ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է ասել, որ Արցախը երբեւէ չի եղել հայկական եւ չի եղել մեր հայրենիքը: Իսկ յուրաքանչյուր նորմալ հայ մարդ, իհարկե, կասի` Արծվաշենը մեր հայրենիքն է: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե մենք ինչ գին պետք է վճարենք Արծվաշենը ետ բերելու համար:

– Եթե Տիգրանաշենը հանձնում ենք, ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի աշխարհագրական քարտեզի հետ: Ի՞նչ արժեք ունի այդ գինը:

– Եթե այդ գինը պետք է լինի Տիգրանաշենի հանձնումը, ապա Տիգրանաշենը եւ Արծվաշենը համարժեք չեն՝ իրենց ռազմավարական առումներով: Իհարկե, երկուսն էլ մեր հայրենիքն են, մենք ուզում ենք, որ մեր հայրենիքն ամբողջականացվի: Սակայն եթե այդ գինը լինելու է Տիգրանաշենը, նշանակում է՝ Ադրբեջանն ուղիղ մխրճվում է Արարատի մարզ, ուղիղ վերահսկողություն է սահմանում ամբողջ մարզի նկատմամբ եւ հայ-իրանական ճանապարհի վրա այնպես, ինչպես վերահսկողություն է սահմանել հայ-վրացական հատվածի նկատմամբ: Այսինքն, Ադրբեջանն ամբողջությամբ մեզ իր աքցանի մեջ է առնում: Կտրվում են Վայոց ձորն ու Սյունիքը: Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար:

– Դե, վարչապետն ասում է, որ մենք լավ ճանապարհ կգցենք, քան այն, որը հանձնելու ենք Ադրբեջանին:

– Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է` կա Տիգրանաշենը շրջանցող լավ ճանապարհ, նա լավ ճանապարհ ասելով հասկանում է միայն ասֆալտի որակը: Սակայն ճանապարհի ռազմավարական նշանակությունը պայմանավորված չէ ասֆալտի որակով, այլ` իր նշանակությամբ: Կարող է լինել ընտիր, միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհ, սակայն այն ռազմավարական առումով ոչինչ լինի, ուղղակի զրոյական նշանակություն ունենա: Եվ հակառակը՝ կարող է լինել վատ ճանապարհ, սակայն ունենա խիստ ռազմավարական նշանակություն: Էլ չասեմ, որ Տիգրանաշենը նույնպես մեր հայրենիքի մի մասն է, հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել, մեր հայրենիքի մի մասը փոխարինել մեր հայրենիքի մյո՞ւս մասով: Ահա՝ դա է ուզում անել Նիկոլ Փաշինյանը:

– Մենք Արծվաշեն ասելով Տիգրանաշե՞նն ենք հանձնում:

– Որքան նկատել եք, ավելի շատ խոսում է Արծվաշենի վերադարձի մասին, քան խոսում է Տիգրանաշենի հանձնման մասին: Դա հենց Նիկոլ Փաշինյանի հոգեբանական ճնշումն է, որպեսզի վաղը, երբ քեզ հարց տան` ինչ է, դու չե՞ս ուզում, որ Արծվաշենը վերադարձվի Հայաստանին: Ահա՝ Նիկոլ Փաշինյանը մարդկանց դնում է բարոյական ճնշման տակ: Թող խոսի, թե ինչ ենք հանձնելու Արծվաշենի դիմաց, եթե, իհարկե, ընդհանրապես Արծվաշենն Ադրբեջանը որեւէ մի օր կվերադարձնի Հայաստանին: Երբեւէ Ալիեւը մի օր չի խոսել, որ Արծվաշենը ես վերադարձնելու եմ Հայաստանին: Նիկոլ Փաշինյանն է մշտապես խոսում, որ այսինչ բանը հանձնելու ենք, այնինչ բանը տալու ենք, այն մյուս բանն իրենցն է եւ այլն, եւ այլն: Ալիեւի շուրթերից երբեւէ Արծվաշենի անուն չի հնչել: Եվ ընդհանրապես՝ եկեք մի բան փաստենք, որ Ալիեւը երբեւէ չի հայտարարել, թե որտեղ է ճանաչում ընդհանրապես Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ Նիկոլ Փաշինյանն է միայն խոսում կոնկրետ քառակուսի կիլոմետրի մասին, ինքն է միայն շեշտում, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, սակայն Ալիեւը երբեւէ չի ասել, թե որոնք են ՀՀ տարածքները: Ալիեւի պատկերացմամբ՝ գուցե այն 29.743 ք/կմ տարածքը բոլորովին ա՞յլ տեղ է գտնվում:

– «Էստի համեցեք», կամ «էս մի փոքրիկ ձագն էլ տամ քեզ». մինչեւ ո՞ւր, ինչ-որ բան կմնա՞ մեզ, ի վերջո:

– Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին զանգահարել էր Ալիեւին` խոսել Վաշինգտոնում կնքված այդ համաձայնության կարեւորության մասին: Սակայն Հայաստանի հակահետախուզական ծառայությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ օգոստոսի 8-ից հետո Բաքուն ոչ միայն չի մեղմացրել «արեւմտյան Ադրբեջան» եւ «ադրբեջանցիների վերադարձ» գաղափարախոսությունը, այլեւ ավելի գործնական քայլերի է այն բերվել: Այսինքն, Ալիեւը Հայաստանի գրեթե ողջ տարածքը համարում է պատմական Ադրբեջան եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում: Այդ համատեքստում զինում է իր բանակը, ավելացնում է ռազմական բյուջեի ծախսերը՝ մյուս գերատեսչությունների հաշվին: Այսինքն, Ալիեւի համար առաջնայինը մնում են բանակը, զենքը եւ իր գաղափարախոսությունը, որը նա բերել է պետական մակարդակի վրա: Հետեւաբար, Ալիեւից ակնկալել, որ նա կհանձնի այս կամ այն տարածքը, մի փոքր մանկամտություն է: Էլ չասենք, որ պատրանք ստեղծելու համար գուցե Ալիեւը հանձնի՞ Արծվաշենը: Սակայն Արծվաշենը լինելու է ամբողջապես ադրբեջանական տարածքներով շրջափակված: Եթե նույնիսկ մարդը գնա այնտեղ ապրելու, նրա ամբողջ անվտանգությունը մնալու է Ադրբեջանի քմահաճույքին: