Իրանը «Մեքքայի համաձայնագրին» միանալու առաջարկություն է ստացել։ Այդ մասին լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Իսլամական հանրապետության խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մեհդի Ռահիմին, փոխանցել է Բաքվի իշխանական haqqin.az-ը։
Ըստ Ռահիմիի, Իրանի «իշխանությունները ներկայումս այդ առաջարկությունը քննարկում» են։ Նրա գնահատմամբ՝ «տարածաշրջանի երկրների միջև «անվտանգային հովանոցի» ստեղծումը Իրանի հաղթանակն է, Թեհրանը վաղուց է նման կոչ արել»։
Ավելի վաղ նկատել ենք, որ «Մեքքայի համաձայնագրի» կողմերից երկուսը՝ Պակիստանը և Թուրքիան, Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի սկզբից ի վեր հանդես են եկել որպես միջնորդներ։ Մամուլում նաև տեղեկություն է հայտնվել, որ Սաուդյան Արաբիան «վերջին պահին ԱՄՆ նախագահ Թրամփին խնդրել է ձեռնպահ մնալ Իրանի դեմ «խորտակիչ» հարվածներից»։
Իրանը և Սաուդյան Արաբիան նախանցյալ տարի Չինաստանի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Այդուհանդերձ, Ռահիմին ակնարկել է, որ Իրանի հետ զինված հակամարտության ընթացքում ԱՄՆ-ին օժանդակող բոլոր երկրնեերը «դրա համար կհատուցեն»՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Սաուդյան Արաբիային, որտեղ ամերիկյան ռազմահենակայաններ կան։
Այս դեպքում, սակայն, ամենաուշագրավը «Մեքքայի համաձայնագրի» նկատմամբ Բաքվի դիրքորոշումն է։ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապված է ռազմական փոխադարձ օգնության պարտավորությամբ, միաժամանակ հանդիսանում է Պակիստանի ռազմավարական դաշնակիցը, իսկ Սաուդյան Արաբիան նրա ազդեցիկ գործընկերն է։
«Եռյակ միությանը» կամ «իսլամական ՆԱՏՕ»-ին Ադրբեջանի անդամակցության հարցում սկզբունքային է Իրանի հետ հարաբերություններ չսրելու հանգամանքը։
Փոխանցելով Al Mayadeen-ի տեղեկատվությունը, Բաքվի իշխանական լրատվամիջոցը իր կողմից հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ««Մեքքայի համաձայնագրին» հավանություն է տվել»։
Թուրքիա-Պակիստան-Սաուդյան Արաբիա «պաշտպանական դաշինքի» ստորագրումից անցել է երեք շաբաթ։ Այդ ընթացքում Սպիտակ տունը հրապարակային «հավանություն» չի արտահայտել, բայց և քննադատություն կամ «անհանգստություն» էլ չի հնչեցրել։
Ըստ երևույթին, Բաքվում Վաշինգտոնի լռությունը ընդունել են որպես «համաձայնություն»։ Ինտրիգն այն է, թե արդյոք Իրա՞նը «կմտնի Մեքքայի «հովանոցի» տակ», թե՞ Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիա՞ն են Իրանից «անվտանգության երաշխիքներ ակնկալում»։

Բաց մի թողեք
Սա ոչ թե ակադեմիական քաղաքն է, այլ` ակադեմիական լուծում քաղաքում
Հետաքրքիր քննարկումներ են Իրանում Փաշինյանի` Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին հայտարարությունների համատեքստում
Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս