24/08/2026

EU – Armenia

Ո՞ւր է տանում այս քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության ավարտ. Փաշինյանի նոր ծրագիրը՝ վտանգավոր քաղաքականության շարունակություն

Այսօր՝ 2026 թվականի օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը և այն ներկայացրեց ոչ միայն որպես հերթական կառավարության գործունեության ծրագիր, այլև որպես Հայաստանի քաղաքական ու պետական նոր փուլի մեկնարկ։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ «Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունը իրականություն է»։ Սակայն հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը. Ի՞նչ է իրականում կոչվում «Չորրորդ Հանրապետություն»։

Եվ ավելի կարևոր՝ ո՞վ իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պատմական շարունակականությունը քաղաքական միանձնյա հայեցակարգով վերաձևակերպելու։

Փաշինյանի այսօրվա ելույթը պետք է կարդալ ոչ թե որպես սովորական կառավարության ծրագրի ներկայացում, այլ որպես քաղաքական մանիֆեստ, որի հիմքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է, որն, ըստ վարչապետի, պետք է դառնա պետության նոր տեսլականը։

Կառավարության պաշտոնական հիմնավորմամբ ևս 2026–2031 թվականների ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի ընտրությունների ՔՊ-ի նախընտրական ծրագրի և տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։

Այսինքն՝ խոսքը պարզապես տնտեսական ցուցանիշների, ճանապարհաշինության, կրթության կամ սոցիալական ծրագրերի մասին չէ։

Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնության, պատմական հիշողության, պետականության ընկալման և ազգային նպատակների վերաձևակերպման մասին է։

Եվ հենց այստեղ է, որ այս ծրագիրը, իմ համոզմամբ, դառնում է խորապես վտանգավոր

Երրորդ Հանրապետությունը չի կարող պարզապես ջնջվել մեկ քաղաքական իշխանության որոշմամբ։ Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականին անկախություն չի ստացել այն բանի համար, որպեսզի երեք տասնամյակ անց որևէ իշխանություն հայտարարի, թե նախորդ պետականության գաղափարական հիմքը այլևս պետք չէ։

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել է ազգային ազատագրական շարժման, Անկախության հռչակագրի, 1991 թվականի հանրաքվեի և անկախ պետականության վերականգնման համազգային կամքի վրա։

Այդ պատմությունը ոչ Փաշինյանինն է, ոչ ՔՊ-ինը, ոչ որևէ կուսակցության սեփականությունը։ Դա Հայաստանի ժողովրդի պատմությունն է։

Հետևաբար «Չորրորդ Հանրապետություն» անվան տակ նոր քաղաքական ինքնություն կառուցելու փորձը չի կարող լինել պարզապես իշխանության հերթական գաղափարական նախագիծ։ Եթե դրա իմաստը Երրորդ Հանրապետության հիմնարար արժեքների, պատմական իրավահաջորդության և ազգային օրակարգի հրաժարումն է, ապա մենք գործ ունենք ոչ թե անվան փոփոխության, այլ պետականության բովանդակության փոփոխության հետ։ Եվ սա արդեն ազգային անվտանգության հարց է։

«Խաղաղությունը» չի կարող վերածվել ազգային հիշողությունից հրաժարվելու քաղաքականության

Փաշինյանը կրկին պնդեց, որ հայ ժողովուրդը շատ ավելի վաղ է հասկացել, որ Ղարաբաղյան հակամարտությունը «թակարդ» է։ Իհարկե, պատերազմը ոչ մի ժողովուրդ չի ցանկանում։ Խաղաղությունը արժեք է։ Բայց խաղաղությունը չի նշանակում սեփական պատմության, զոհերի, տեղահանվածների, հայրենիքի կորստի և ազգային իրավունքների մասին լռություն։ Խաղաղությունը չի կարող նշանակել՝ մոռացիր, որ դա եղել է, և սկսիր նոր պատմություն։

Պետությունը չի կարող իր քաղաքացիներին խաղաղություն առաջարկել՝ փոխարենը պահանջելով հրաժարվել պատմական հիշողությունից։ Ավելին՝ երբ իշխանությունը սկսում է սեփական ժողովրդին բացատրել, որ նրա նախորդ տասնամյակների ազգային ձգտումները եղել են սխալ, վտանգավոր կամ «թակարդ», ապա պետք է շատ լուրջ հարց տալ՝ ո՞ւմ շահերին է ծառայում այդ նոր պատմական մեկնաբանությունը։

Ամենավտանգավորը ոչ թե բառերն են, այլ դրանց հետևում կանգնած քաղաքական տրամաբանությունը

Այսօր Փաշինյանը խոսում է միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքում խաղաղություն, ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելու մասին։ Սրանք ինքնին ճիշտ և անհրաժեշտ նպատակներ են։ Բայց պետությունը միայն քարտեզի վրա նշված քառակուսի կիլոմետրերը չեն։

Պետությունը նաև ժողովուրդն է, պատմությունն է, հիշողությունն է, մշակույթն է, լեզուն է, ազգային ինքնությունն է, բանակն է, անվտանգությունն է, ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունն է։

Եթե պետության միակ առաքելությունը սահմանափակվում է քաղաքացիների բարեկեցությամբ՝ առանց ազգային պետականության պատմական ու անվտանգության բաղադրիչի, ապա այդ պետությունը աստիճանաբար վերածվում է պարզապես վարչական տարածքի։

Իսկ Հայաստանը չի կարող լինել պարզապես վարչական տարածք Հարավային Կովկասում։ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան հայկական պետություն։

Ո՞ւր է տանում այս քաղաքականությունը

Այստեղ ես համաձայն չեմ Փաշինյանի քաղաքական տրամաբանության հետ և այն համարում եմ Հայաստանի համար չափազանց վտանգավոր։

Այս քաղաքականության շարունակականությունը կարող է Հայաստանին տանել դեպի մի իրավիճակ, որտեղ արտաքին անվտանգությունը փոխարինվում է արտաքին ուժերի բարեհաճության ակնկալիքով, իսկ ազգային շահը՝ «բոլորի համար ընդունելի» լինելու ձգտումով։

Եվ հենց այստեղ է առաջանում այն վտանգը, որի մասին պետք է բաց խոսել. Հայաստանը չպետք է իր անվտանգությունը կառուցի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների բարեհաճության վրա։

Հայաստանը չպետք է իր ապագան կառուցի այն տրամաբանությամբ, որ եթե բավարար չափով հրաժարվենք պատմական և ազգային հարցերից, ապա մեզ թույլ կտան ապրել խաղաղ։ Պետության անվտանգությունը չի կառուցվում ուրիշների թույլտվությամբ։ Այն կառուցվում է ուժեղ պետական ինստիտուտներով, բանակով, տնտեսությամբ, դիվանագիտությամբ, ազգային միասնությամբ և սեփական շահերը պաշտպանելու քաղաքական կամքով։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի բարեկամության երաշխավորները չեն

Փաշինյանի քաղաքականության ամենամեծ խնդիրը, իմ ընկալմամբ, այն է, որ խաղաղության գաղափարը աստիճանաբար վերածվում է ինքնանպատակության։ Բայց խաղաղությունը նպատակ չէ, եթե դրա գինը պետական ինքնուրույնության կորուստն է։ Մենք կարող ենք և պետք է ունենանք հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ձգտենք խաղաղության։ Մենք պետք է բացենք տարածաշրջանային հաղորդակցությունները, զարգացնենք տնտեսությունը և նվազեցնենք պատերազմի հավանականությունը։ Բայց ոչ երբեք սեփական պետականության հաշվին։

Հայաստանը չպետք է դառնա այնպիսի երկիր, որի արտաքին քաղաքականությունը որոշվում է հարևանների ցանկություններով։ Եվ հատկապես անընդունելի է ցանկացած քաղաքականություն, որի հետևանքով հասարակության մեջ կարող է ձևավորվել այն համոզմունքը, թե Հայաստանի ապագայի համար անհրաժեշտ է հրաժարվել սեփական ազգային ինքնությունից։

Փաշինյանի ամենամեծ մոլորությունը՝ պետությունը նույնացնել իր քաղաքական տեսլականի հետ

Այսօր Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին և այդ հիմքով հայտարարում է «Չորրորդ Հանրապետության» իրականության մասին։ Բայց նույնիսկ ընտրական հաղթանակը իշխանությանը չի տալիս ժողովրդի պատմությունը վերաշարադրելու անսահմանափակ իրավունք։ Ընտրությունների արդյունքը իշխանության մանդատ է։Այն պատմական ճշմարտության մանդատ չէ։ Ոչ մի ընտրություն չի կարող վերացնել Անկախության հռչակագիրը։ Ոչ մի խորհրդարան չի կարող ժողովրդի հիշողությունից ջնջել Արցախը։ Ոչ մի կառավարություն չի կարող միանձնյա որոշել, թե որն է հայ ժողովրդի ազգային ինքնությունը։ Եվ ոչ մի վարչապետ իրավունք չունի իրեն նույնացնելու պետության հետ։ Փաշինյանը անցողիկ քաղաքական գործիչ է։ Հայաստանի Հանրապետությունը՝ մնայուն արժեք։

«Չորրորդ Հանրապետությունը» չպետք է լինի Երրորդի ժխտումը

Եթե Փաշինյանը ցանկանում է խոսել Հայաստանի զարգացման նոր փուլի մասին՝ թող խոսի։ Եթե ցանկանում է նոր տնտեսական մոդել ստեղծել՝ թող ստեղծի։ Եթե ցանկանում է բարեփոխել պետական կառավարման համակարգը՝ թող բարեփոխի։ Եթե ցանկանում է Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, ավելի հարուստ, ավելի ժողովրդավարական և եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն՝ դրա դեմ որևէ բան չունեմ։

Բայց եթե «Չորրորդ Հանրապետությունը» նշանակում է հրաժարում Երրորդ Հանրապետության պատմական իրավահաջորդությունից, Անկախության հռչակագրի գաղափարական նշանակությունից, ազգային հիշողությունից և հայ ժողովրդի պատմական իրավունքների գիտակցումից, ապա դա արդեն ոչ թե բարեփոխում է, այլ պետական ինքնության վտանգավոր վերաձևավորում։

Իսկ ընդդիմությունը պետք է հասկանա մի բան

Այս ամենը չի կարող կասեցվել միայն Փաշինյանին քննադատելով։ Հայաստանին անհրաժեշտ է ազգային-պետական այլընտրանք։ Այլընտրանք, որը չի կառուցվի միայն «Փաշինյանի դեմ» բանաձևի վրա։

Այլընտրանք, որը կասի՝ Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ոչ հանձնվելու գնով։ Հայաստանը հարևանների հետ հարաբերություններ է ուզում, բայց ոչ սեփական ինքնիշխանության հաշվին։

Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերություններ է ուզում, բայց ոչ որևէ այլ ուժային կենտրոնից կախված լինելու փոխարեն մեկ այլ կախվածության մեջ մտնելու միջոցով։

Հայաստանը ցանկանում է զարգանալ, բայց ոչ իր ազգային ինքնությունը լուծարելու ճանապարհով։

Հայաստանը պետք է ունենա հզոր բանակ, հզոր տնտեսություն, ամուր պետական ինստիտուտներ և ազգային արժանապատվություն։

Եվ ամենակարևորը՝ Հայաստանի ապագան պետք է որոշվի Հայաստանում և Հայաստանի ժողովրդի կողմից, ոչ թե Բաքվի, Անկարայի, Մոսկվայի, Բրյուսելի կամ Վաշինգտոնի ցանկություններին համապատասխան։

Սա արդեն քաղաքական պայքարի հարց չէ միայն

Սա Հայաստանի Հանրապետության ապագայի հարց է։ Ես այսօր Փաշինյանի ներկայացրած 2026–2031 թվականների ծրագիրը չեմ ընկալում որպես Հայաստանի զարգացման համոզիչ ծրագիր։

Ես այն ընկալում եմ որպես մի քաղաքական գաղափարախոսության շարունակություն, որը փորձում է վերաձևակերպել Հայաստանի պետականության իմաստը՝ հրաժարվելով նրա պատմական և ազգային բաղադրիչներից։

Եվ հենց այդ պատճառով այն պետք է կոշտ, սկզբունքային և հանրային քննության ենթարկվի։ Ոչ թե անձնական վիրավորանքներով։ Ոչ թե ատելությամբ։ Ոչ թե բռնությամբ։ Այլ փաստերով, պատմությամբ, քաղաքականությամբ և ազգային պատասխանատվությամբ։

Հայաստանը կործանումից պետք է փրկել ոչ թե մեկ ուրիշ իշխանություն պարզապես իշխանության բերելով, այլ պետական մտածողությունը վերականգնելով։

Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի ուրիշների անվտանգության շահերի սպասարկող փոքր տարածքի։

Մենք իրավունք չունենք մեր երեխաներին ժառանգություն թողնել մի պետություն, որն իր անցյալից ամաչում է, իր ներկան չի վերահսկում և իր ապագան կառուցում է ուրիշների հավանության վրա։

Հայաստանը պետք է ապրի։ Հայաստանը պետք է մնա ինքնիշխան։ Հայաստանը պետք է մնա հայկական։ Եվ եթե այս քաղաքական կուրսը տանում է հակառակ ուղղությամբ, ապա այն պետք է կասեցվի՝ օրինական, ժողովրդավարական և քաղաքական պայքարի միջոցով։ Որովհետև իշխանությունները գալիս և գնում են։ Հայաստանն է մնում։

Սիմոն Սարգսյան