24/08/2026

EU – Armenia

Ռուսաստանը, այսպիսով, ստանում է «կովկասյան երկրորդ ճակատ»

Բաքվում Ադրբեջանի «Մետաքսի ճանապարհ» ՀԿ նախաձեռնությամբ «Ռուսաստանում չերքեզների հետապնդումների ուժգնացումը» թեմայով առցանց խորհրդաժողով է գումարվել։

Քննարկումների մասնակիցները Ռուսաստանի իշխանություններին մեղադրել են «ցարի և Ստալինի ժամանակների բռնություններին վերադառնալու քաղաքականության» մեջ։ \

Չերքեզական սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ «վկայակոչել են փաստեր, երբ Ռուսաստանի ուժային մարմինները բռնություն են գործադրել ազգությամբ չերքեզ քաղաքացիների նկատմամբ՝ նվաստացնելով նրանց ազգային արժանապատվությունը»։

Խոսքը Ուկրաինայի դեմ պատերազմին «չերքեզ տղամարդկանց հարկադրաբար ներգրավելու» մասին է։ Առիթը օգտագործելով՝ «Ադրբեջանի էթնիկ և մշակության բազմազանության կոնտրոնի» նախագահ Սեյֆեդին Հուսեյնլին հիշեցրել է անցյալ տարի Եկատերինբուրգում Հուսեյն և Զիյադին Սաֆարովների «սպանությունը»։

Նրանք «կտտանքների են ենթարկվել իրենց տներում՝ հարազատների աչքի առաջ և ստացած վերքերից մահացել»։ Այդ գործի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «բացահայտվել է էթնիկ հանցավոր խումբ»։

Հուլիսի 13-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ «մեդիա ֆորումի» հարթակից Ռուսաստանը մեղադրվել է «չերքեզների ցեղասպանություն իրականացնելու» մեջ։

Խնդիրը, այսպիսով, դիտարկվում է շատ ավելի խորքային իմաստով։ Նախանցյալ դարի հիսուն-վաթսունական թվականներին Կովկասի լեռնականների մի զգալի մասը բռնատեղահանվել է Թուրքիա, որտեղ նրանց ժառանգները պատմական հայրենիքի հետ կապը դեռևս պահպանում են։

Ըստ էության, գործ ունենք Հյուսիսային Կովկասի պատմա-քաղաքակրթական «անկախացման» մեկնարկի հետ, և Բաքուն ստանձնում է տեղեկատվա-քարոզչական «ծանր հրետանու» դեր։ Ռուսաստանը, այսպիսով, ստանում է «կովկասյան երկրորդ ճակատ»։

Այս պարագայում պետք է հիշել, որ չեչենական առաջին պատերազմի շրջանում Բաքվում «Իչկերիայի հանրապետության ներկայացուցչություն» է գործել։

Այն «փակվել» է Վլադիմիր Պուտինի Ադրբեջան առաջին այցից հետո, երբ կողմերը ստորագրել են «Բաքվի հռչակագիրը» և փոխադարձաբար պարտավորվել «անջատողական շարժումներին չաջակցել»։

Այս իրավիճակում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը փորձելու է վերստին ակտուալացնել «հայկական պահանջատիրության» գործոնը։ Հայաստանի իշխանությունները, բայց հատկապես ընդդիմությունը պետք է կարողանան «գայթակղոության չտրվել»։