25/08/2026

EU – Armenia

Վթար՝ Կոտայքում, 60-ամյա վարորդն «Opel»-ով մոտ 200 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. Լուսանկար

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում Ջրաբեր բնակավայրի վարչական տարածքում Երևանի բնակիչ 60-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աբովյան բժշկական կենտրոն»։

Շտապօգնության բժիշկները ձորում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով մեծ դժվարությամբ վիրավորին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image