25/08/2026

EU – Armenia

Փաշինյա՞նն է ուժեղ, թե՞ ընդդիմությունը` թույլ. մեր քաղաքական գործընթացները ծիծաղելու աստիճանի կանխատեսելի են ու անկասելի

Հայաստանում քաղաքական գործընթացները ծիծաղելու աստիճանի կանխատեսելի են, միաժամանակ կրկին ծիծաղելու աստիճանի անկասելի։ Նույնիսկ վիճելի է դառնում այն հարցը` արդյո՞ք իշխանությունն է չափազանց ուժեղ, թե՞ ընդդիմությունը խիստ անուժ։

Ընդ որում, այս ողջ գործընթացը նմանվում է «Երեք խոզուկները» հեքիաթին, երբ Նիֆ-Նիֆը դիտորդի կարգավիճակում հետևում է, թե ինչպես է գայլը հարձակվում Նաֆ-Նաֆի տան վրա, հետո դիտորդ է դառնում Նուֆ Նուֆը պարզապես հետևելով, թե ինչպես է գայլը մոտենում Նիֆ-Նիֆի տանը։ Թեպետ հեքիաթում ամեն ինչ ավարտվում է գայլի տապալմամբ, բայց կյանքը հեքիաթ չէ, ու թերևս միակ նմանությունն այդ հեքիաթին՝ բոլորի դիտորդի կարգավիճակում լինելն է այնքան ժամանակ, քանի դեռ հերթն իրենց չի հասել։

Օրինակ՝ երբ կալանավորում էին Բագրատ Սրբազանին, ճնշող մեծամասնությունը, այդ թվում հոգևորականները Վեհափառի գլխավորությամբ, հետևում էին այդ գործընթացին, սակայն այդ պասիվ դիտորդներից բոլորի համար պարզ էր, որ թույլ տալով տանել Բագրատ Սրբազանին, հաջորդը գնալու են Միքայել Սրբազանի ետևից, ինչն էլ և տեղի ունեցավ։ Եթե այն ժամանակ միասնականությամբ կանխեին Բագրատ Սրբազանի կալանավորումը, կկանխվեր հետագա ընթացքը։

Բայց դա տեղի չունեցավ, ու հաջորդ կալանավորվողը եղավ Միքայել Սրբազանը։ Վերջինիս կալանքի ժամանակ արդեն իսկ բոլորի համար ակնհայտ էր, որ թիրախում հաջորդը լինելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ ամենն իմանալով հանդերձ բոլորը հետևեցին Միքայել Սրբազանի բանտարկանը, ու արդյունքը եղավ այն, որ այսօր մեղադրյալի աթոռին է նստած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա՞ դիմադրություն, կա՞ մասշտաբային ու լուրջ ընդվզում, միանշանակ՝ ոչ։

Արդյո՞ք կրկին բոլորս պարզապես դիտորդի կարգավիճակում չենք, միանշանակ՝ այո։ Բոլորս սահմանափակվում ենք հոդվածներ ու ստատուսներ գրելով, մեկ-երկու հարցազրույց տալով ու մտածում, որ բոլորը մեզ լսում են, ու այդքանը բավարար է իրավապահ մեքենայի դեմն առնելու համար։ Սխալվում ենք բոլորս, հաղթում է Նիկոլ Փաշինյանը։

Հատկանշական է նաև, որ գրեթե միշտ Նիկոլ Փաշինյանն անոնսում է իր քայլերի մասին, գուցե պատրաստվելու ժամանա՞կ է տալիս, գուցե իրեն հաճո՞ւյք է պատճառում նման խաղը։ Ով գիտի, գուցե, որովհետև Նիկոլ Փաշինյանը զուրկ է պետական մտածողությունից, զուրկ է կարմիր գծերից, զուրկ է նաև մարդկային տարրական ապրումակցումից։ Բայց փաստը մնում է այն, որ նա ժամանակ տալիս է։

Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն այսօր չսկսվեցինք, դրանք մեկնարկեցին այն օրը, երբ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը։ Ու թող որևէ մեկը չասի, թե այդ ամենն անակնկալ էր, դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում մարդկանց բանտարկելու, ունեզրկելու ու «բոմժ» սարքելու մասին։

Առաջին հարվածը Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ էր ու ինչպես Բագրատ Սրբազանի պարագայում, կրկին չկար միասնական աջակցություն ու դիմադրություն, բողոքի ակցիայի մասնակիցներն էլ ավելի շատ մտածում էին իրենց աշխատանքի, քան Ծառուկյանի անձի մասին։ Բայց նրանք սովորական քաղաքացիներ էին, ու նրանց արձագանքը թե՛ նորմալ էր, թե՛ բնական։ Իսկ քաղաքական լուրջ աջակցություն գոյություն չուներ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Եռագլուխ հրեշներից» երկու գլուխը կիսաքնած վիճակում էին, արձագանքում էին այնքանով, որքանով չէին կարող լուռ մնալ։

Մինչդեռ «Եռագլուխ հրեշ»-ը երեք գլուխ ուներ, չէ՞, ինչո՞ւ էին կարծում, որ Նիկոլ Փաշինյանը բավարարվելու է մեկ գլխով։ Եվ ահա, թույլ տալով կալանավորել ու ունեզրկել Գագիկ Ծառուկյանին` դրանով կանաչ լույս վառեցին դեպի Ռոբերտ Քոչարյանը։

Հաշվի առնելով, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում դատավորներին հրահանգեց, որ այսուհետ ում բռնելու են, այլևս բաց թողնել չի լինելու ու նաև դիտելով Հակակոռուպցիոն կոմիտեի այսօրվա հրապարակած կադրերը՝ Ռուբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ապա անվիճելի է, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվելու է ու ունեզրկվի ճիշտ այնպես, ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանի պարագայում։

Ու ի՞նչ եք կարծում, ո՞վ է լինելու հաջորդը, կարծում եմ, գուշակելը բարդ չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Եռագլուխ հրեշ»-ը բաղկացած էր Գագիկ Ծառուկյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սամվել Կարապետյանից։

Հ․Գ․ Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին հորդորեց խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դրեք մանդատները ու դուրս եկեք պայքարելու։ Մարդը հուշում է՝ դուրս եկեք պայքարելու, քանի որ «բարեվարք» պահվածքը չի կասեցնելու Նիկոլ Փաշինյանին վերջին գլուխը կտրելու փորձից։