Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը խնդրահարույց համարեց և դա կապեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։
«Հարցեր է հարուցում մասնավորապես դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում, իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։
Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն ԲԴԽ 10 դատավորներից 5-ին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների 3/5-ով, իսկ մնացած 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը։ Ընդգծենք նաեւ, որ բոլոր բռնապետները բոլոր ժամանակներում իրենց հակաժողովրդավարական քայլերն իրականացրել են ժողովրդի անունից, ժողովուրդ բառը շահարկելով:
ԲԴԽ նախկին անդամ Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը նշեց․ «Ես համաձայն եմ Փաշինյանի հետ, որ ԲԴԽ ձևավորման կարգը խնդրահարույց է։ Եւ այսքանով ավարտվում է իմ համաձայնությունը: Սկզբունքորեն գտնում եմ, որ ԲԴԽ անդամները պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից` մեծամասնությունը, այսինքն` 80 տոկոսը, և կարելի է թողնել, որպեսզի 20 տոկոսը ընտրվի Ազգային ժողովի կողմից:
Այսինքն, լիակատար հակառակ կարծիքն ունեմ։ ԲԴԽ-ն պետք է ձևավորվի` մեծ մասը դատավորների կողմից, 20 տոկոսը պետք է թողնել, որ գիտնականներն ընտրվեն, որպեսզի ԲԴԽ-ում գիտությունը ներկայացված լինի և ոչ թե հակառակը տեղի ունենա։ Նման կարծիք է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը` նախորդ անգամ Սահմանադրության փոփոխությունների ընդունման ժամանակ։ Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դիտողություն է արել մեր Սահմանադրությանը, որ այս խմբագրությամբ մեծամասնությունը չի ընտրվում դատավորների կողմից»։
Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այս դեպքում ոչ միայն չի ընդունում գործող իշխանությունն, այլ, փաստորեն, ամբողջությամբ հակառակն է անում՝ Վարդազարյանը արձագանքեց․ «Միայն Վենետիկի հանձնաժողովին չէ, ամբողջ աշխարհին է հակառակ գնում, որովհետև բոլոր այն երկրներում, որտեղ կա նմանատիպ կառույց, այսինքն, դատավրների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկող կառույց, դա պետք է կազմված լինի և ընտրված լինի դատավորների ընդհանուր ժողովի կողմից, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից։ Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը պիտի կապ չունենա քաղաքական իշխանության հետ»։ Հարցին՝ ի՞նչ հարց է փորձում լուծել Փաշինյանն այս քայլով՝ Վարդազարյանը պատասխանեց․ «Ուզում է գրպանային դատարան ունենալ, ԲԴԽ-ն` եթե ընտրվեց քաղաքական մեծամասնության կողմից, դա նշանակում է, որ ցանկացած դատավոր ունենում է 0 աստիճան երաշխիք դատական անկախության վերաբերյալ»։
Նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանից ևս հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի այս հայտարարությանը, սակայն վերջինս նշեց, որ ինքը շատ ավելի կարևոր գործեր ունի, քան Նիկոլ Փաշինյանին լսելը կամ նրա ելույթները մեկնաբանելն է։

Բաց մի թողեք
Բա, բանակում տիրող բարդակի հետևանքով մահերի համար ո՞ւմ մեղադրենք՝
Հայաստանի պետական լեգիտիմությունը «թուլացնո՞ւմ» է
«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ Անկախության Հռչակագիր. Տեսանյութ