Նիկոլ Փաշինյանը շարունակում է անթաքույց քաղաքական հաշվեհարդարը: Այս անգամ նրա թիրախում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքն են` որդիները, հարսը:
Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմադիրներին բանտարկելու գործը Նիկոլ Փաշինյանի համար նաեւ հրաշալի հնարավորություն է՝ բանակում տեղի ունեցող մահերն ու Տիգրանաշենի հանձնման թեման մոռացության տալու համար: Քոչարյանին բազում սպանությունների եւ հանցագործությունների մեջ մեղադրող իշխանությունն այս անգամ որոշել է տնտեսական մեղադրանքներ ներկայացնել նրան, եւ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրած մեղադրանքն այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, «տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։
Երեկ վաղ առավոտյան կատարված խուզարկություններից ու ձերբակալություններից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց։ Նրանց բերման ենթարկեցին, ապա Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյաններին կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան: Հասարակական գործիչ, Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություններում աշխատած Արեն Ապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա հերթական քաղաքական պատվերն է, սակայն նշեց, որ չի ցանկանում խոսել այս թեմայով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նկատեց. «Ամենաառաջին բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, այն է, որ երբ 2018 թվականին կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը, սկսվեց Արցախի հանձնման պրոցեսը: Ես՝ ինքս, բազմիցս եմ նշել, որ Քոչարյանի կալանավորումը հենց դրանով էր պայմանավորված, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողանա իրագործել քայլեր, որոնք միտված են Արցախը հանձնելուն, ինչը որ տեղի ունեցավ: Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ նորից ինչ-որ բան հանձնելու պրոցես է սկսվում, ընդ որում՝ այդ պրոցեսին ամենաշատը խանգարում է Ռոբերտ Քոչարյանը` իր անձով, քաղաքական կեցվածքով: Այժմ նորից Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու պատճառներից մեկը, կարծում եմ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են:
Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում եւ ամեն գնով փորձում է փչացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Նիկոլն ամեն ձեւով փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին, որպեսզի դրա դիմաց գոնե դրական վերաբերմունք կարողանա ստանալ: Ես վստահ եմ, սակայն, որ այս քայլով Նիկոլն ավելի է վատացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Մեր ազգաբնակչության մի հստակ զանգված չի հասկանում, որ իր բարեկեցությունը մեծապես պայմանավորված է ՌԴ-ի հետ տնտեսական կապերով, եւ այդ կապերի չեզոքացումից որոշ ժամանակ անց նրանք կհասկանան, որ Ռուսաստանի հետ դաշնակից լինելը շահավետ է: Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Լեւոն Քոչարյանի սուր ելույթը նույնպես նպաստեց այս ամենին:
Նիկոլ Փաշինյանի պատասխանը Լեւոն Քոչարյանին ուղիղ ցուցում էր իրավապահներին, որպեսզի իրավապահները կրկին դիմեն ապօրինի գործողությունների: Այս մասկիշոուներով, այդ ամենը նկարահանելով՝ իրավապահները բավարարում են իրենց շեֆի պահանջները, կադրերը Նիկոլին են ուղարկում Whatsapp-ով, որպեսզի նայի, ուրախանա: Ես վստահ եմ, որ այս քայլերով իշխանությունները չեն կարողանալու կոտրել պայքարի ոգին: Մենք՝ բոլորս էլ գիտեինք, որ ինչ-որ մի պահի լինելու է նման գործողություն, սա էլ մի փուլ է, որով պետք է անցնենք: Ես հույս ունեմ, որ համակարգում դեռ մնացել են ազատ դատավորներ, որոնք չեն ենթարկվում իշխանություններին»:

Բաց մի թողեք
Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում
Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ
Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին