27/08/2026

EU – Armenia

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Ոնց հասկանում եմ, շատերը երիտասարդ են` չգիտեն, ոմանք էլ երևի մոռացել են, չեն հիշում մեր վերջին 40 տարվա պատմությունը և հենց դրանից օգտվելով էլ մարդամեկը ամենաբարձր ամբիոնից հանգիստ խեղաթյուրում է մեր պատմությունը, այն ներկայացնում օրվա կուրսով ու իր հայեցողությամբ…եկեք մի քանի բան վերհիշենք.

Հրապարակ թերթը գրել է․ Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել 1988-ի փետրվարին` Արցախից: Փետրվարի կեսերին արդեն լուրեր էին հասնում, որ խմորումներ կան, իսկ 20-ին կայացավ ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նիստը, որը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս է գալիս Ադրբեջանական ԽՍՀ կազմից և մտնում է ՀԽՍՀ կազմի մեջ, նաև դիմում է Մոսկվային, որ իր որոշումը Կենտրոնը վավերացնի, քանի որ Սովետական Միությունը դեռ կար` միայն 3 տարի հետո պետք է կազմալուծվեր:

Բայց ղարաբաղյան շարժումը ոչ մի կապ չուներ Սովետի փլուզման հետ, ԽՍՀՄ կայսրությունն արդեն քանդվում էր և դա երևում էր արդեն 1985-86 թվականներից: Դա ոչ հայերն էին որոշել, ոչ էլ կարող էին հայերը կանխել, ուստի հայտարարել, թե Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվել էր «պատմական արդարություն հաստատելու» գաղափարախոսությամբ, արցախյան շարժման հիմքի վրա, առնվազն ապուշություն է կամ` փաստերի միտումնավոր խեղաթյուրում:

Սովետը քանդվում էր, քանդվելու էր, դրա քանդվելն անխուսափելի էր և Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվել է ԽՍՀՄ փլուզման արդյունքում, այլ ոչ թե ղարաբաղյան շարժման հետևանքով կամ համար: Եվ Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը բնական էր, ոչ մեկի ցանկությամբ ու որակումով պայմանավորված չէր, ինչպես փորձում է կեղծ «չորրորդ հանրապետությունը» փաթաթել մեր վզին` պատմության այս մեծ զեղծարարը…

Իսկ Ղարաբաղյան շարժումը Արցախում հայ մարդկանց ապրելու իրավունքի պաշտպանության համար էր ստեղծվել, ծնվել էր ազնիվ մղումներով, առանց ուղղորդումների, հայ ժողովրդի միասնական որոշմամբ` մեր հայրենակիցների մի հատվածի` իր պատմական հողում ապրելու իրավունքի իրացման համար: Վերջ:

Մարդ ինչքան անբարո պետք է լինի, որ Արևմտյան Հայաստանի ու Արցախի խնդիրները բերի, իրար հետ շուլալի, փորձի Կարսն ու Արդահանը նույնացնել Ստեփանակերտի հետ: Իր հողում մարդու ապրելու իրավունքն անվանի «պատմական արդարություն հաստատելուն» ուղղված գործընթաց…

Հայաստանի պատմության վերջին 100 տարում, առավել ևս վերջին 30 տարում ոչ մեկն Արևմտյան Հայաստանն ազատագրելու, «պատմական արդարությունը» վերականգնելու խնդիր չի դրել: Այո, հայերը երազել են, հիշել են, կարոտել են, երգել են, այցելել են իրենց պատմական հայրենիք, բայց Թուրքիայից հող գրավելու արկածախնդիր ծրագրեր երբեք չեն կազմվել: Դա պատմական իրականությունն աղավաղելու և Արցախի հարցը փակելու համար է ասվում` մեր թշնամուն ձայնակցող այս իշխանական խմբակի կողմից:

Եվ ուշագրավն այն է, որ հայերին մեղադրում է «պատմական արդարություն» վերականգնելու նկրտումների մեջ, իսկ մի քանի րոպեից ինքը սկսում է խոսել 30-ամյա վաղեմության սեփականաշնորհման սխալների, մարդկանց ունեցվածքը խլելու միջոցով` «արդարություն վերականգնելու» անհրաժեշտության մասին…

Եթե դու մերժում ես մարդու` իր պապերի, ապուպապերի, նախնիների սարքած տանը -հողում ապրելու իրավունքը, ո՞նց ես համարձակվում խոսել այն մասին, որ 1995 կամ 2000 թվին ինչ որ մեկը էժան գնով գույք է առել կամ վաճառել և դա անարդար է, ուստի պետք է 2026 թվին վերականգնել արդարությունը… քո այս վիճելի «արդարության վերականգնումը»` արցախցիների` իրենց հողում ապրելու իրավունքի կողքին նույնն է, որ մրջյունը դնես փղի կողքին… մարդասպանին ու փողոցը կարմիր լույսի տակ անցնողին նույն պատժին արժանացնես…

Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ, էսքան անբարո ու գլխիվայր շրջվա՞ծ…

Նկարում` 1991 թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկն է: Նման հանրաքվեներ այդ ժամանակ արվեցին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետություններում:

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...