03/09/2026

EU – Armenia

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։

Նոր միջոցներով նախատեսվում է Եվրամիություն հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատել մաքսատուրքերից։
«Այս կարգավորումները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը», – նշվում է փաստաթղթում։

Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես վերացնել հայկական արտադրանքի լայն տեսականու, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Երբ կանոնակարգն ուժի մեջ մտնի, նախատեսված արտոնությունները կգործեն երկու տարի։

Կանոնակարգի վերջնական ընդունման համար այն պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդարանի կողմից։ Քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։

Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2–ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ 18 միլիոն եվրո կտրամադրվի ՀՀ–ին՝ օգնելու ամրացնել առևտուրը։ Նրա խոսքով` ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն։