Երեկ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը հարց տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի կողմից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Մարիա Կարապետյանին․ որպես պատգամավոր, արդյոք ինչ-որ բան արե՞լ եք՝ Բաքվի բանտում պահվող գերիների վերադարձի հարցով:
Հրապարակ թերթը գրել է․ «Նախորդ փուլում չի եղել որեւէ միջազգային հանդիպում, որտեղ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին։ Այդ խոսակցությունը որքան հնարավոր է՝ հանդարտ տոնով անցկացնելն է մեր նպատակը, որը նպաստելու է մարդկանց վերադարձին, այլ ոչ թե թեման արծարծել այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ ցանկանում ենք վարկանիշային վնաս հասցնել Ադրբեջանին»,- պատասխանեց նա։ Սյուզաննա Ավետիսյանը հարցրեց նաեւ, թե ինչ կարծիք ունի Վերոնիկա Զոնաբենդի` ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին ուղղված ուղերձի մասին, որով նա խնդրել է Բաքու այցելելիս իրեն էլ հետը տանել։ Մարիա Կարապետյանն ասաց․ «Պետք է ոչ թե փորձենք նորմալացնել, այցեր ապահովել, այլ ավելի լավ է մնանք այն դիրքում, որ պահանջում ենք, որ նրանք շուտափույթ վերադառնան։ Երբ դու ձեւավորում ես խնդրանքներ, պետք է լավ կշռես, թե որ պահանջն ես խնդրում, քանի որ այդ մի փոքրը կարող է քեզ տրվել ու համարվել, թե տեսեք՝ ինչ մեծ ընդառաջում տեղի ունեցավ։ Պետք է կենտրոնանալ անձանց վերադարձի վրա»։ Մարիա Կարապետյանը հանձնաժողովի ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
– Մարիա Կարապետյանը, փաստորեն, խիստ մտահոգված է բռնապետական Ադրբեջանի վարկանիշով, բայց անգամ Խոշտանգումների դեմ կոմիտեն է վերջերս անդրադարձել Ադրբեջանի վայրագություններին: Ինչո՞ւ է իշխանական պատգամավորն այսքան բացահայտ աջակցում ալիեւյան ռեժիմին, եւ, Ձեր կարծիքով, նորմա՞լ է, երբ հայ պատգամավորը չի մտահոգվում հայ ռազմագերիների ճակատագրով, սակայն մտահոգվում է Ադրբեջանի իմիջով:
– Խորհուրդ եմ տալիս դիտել նորից այդ տիկնոջ չափազանց էմոցիոնալ պարը ադրբեջանական Նովրուզի ժամանակ եւ լսել նրա շնորհավորանքները Նովրուզի կապակցությամբ: Այդ ամենը պետք է համադրել իր այսօրվա մտահոգության հետ` Ադրբեջանի վարկանիշի հետ կապված, եւ կարծում եմ, որ դրանից հետո ոչ մի հարց չի ծագի այլեւս: Ադրբեջանը թքած ունի իր վարկանիշի վրա, եւ վերջերս Ալիեւը հայտարարեց, որ եթե անգամ Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանին հանի իր կազմից, ապա Ադրբեջանում այդ մասին անգամ չեն էլ իմանա, որովհետեւ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք այժմ իջել ենք շրիշակի այն մակարդակին, որ ՀՀ ԱԺ պատգամավորը մտահոգվում է Ադրբեջանի նման պետության մասին, փոխարենը Ադրբեջանի ղեկավարությունն ամեն առիթով հայտարարում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները սեպարատիստներ են, շատ ավելի վտանգավոր հանցագործներ են, քան անգամ Նյուրնբերգյան դատավարության նացիստները: Ես չունեմ բառեր՝ այս տիկնոջը եւ նման մտածողություն ունեցողներին բնութագրելու համար, իմ բառապաշարը չի հերիքում՝ այս ամենը նկարագրելու համար, սակայն սա այն իրականությունն է, որն ընտրել է մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը: Նրանք, ովքեր ընտրել են ՔՊ-ին, այժմ ստորագրում են նման կարգի հայտարարությունների տակ` գերիների մասին հանդարտ խոսենք, որ հանկարծ Բաքվի վարկանիշին վնաս չտանք, այն դեպքում, երբ Ստրասբուրգում` իմ ներկայությամբ, Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ թքած ունի միջազգային բոլոր կառույցների վրա եւ չի պատրաստվում իր օրակարգից հրաժարվել:
– Մարիա Կարապետյանը եւ նրա նմանները մի կողմից խոսում են մարդու իրավունքների, արեւմտյան արժեքների մասին եւ այլն, սակայն դրա հետ մեկտեղ բացահայտ աջակցում են մի պետության, որի ղեկավարը բռնապետի համբավ ունի, որտեղ մարդու իրավունքները համատարած ոտնահարվում են, եւ կան բազմաթիվ հայ ռազմագերիներ, որոնց խոշտանգում են:
– Մենք հասել ենք այն վիճակին, որ Ադրբեջանը մեջբերում է Արեգնազ Մանուկյանի գործը, եւ Ալիեւը զարմացած հայտարարում է, որ Ադրբեջանին մեղադրում են տոտալիտար լինելու, քաղաքական կալանավորներ ունենալու մեջ, սակայն Ադրբեջանում պահվող սեպարատիստները` նկատի ունի հայ ռազմագերիներին, ազատ կարողանում են պարբերաբար շփվել իրենց ընտանիքների հետ, իսկ Հայաստանում կին կալանավորը` Արեգնազ Մանուկյանը, զրկված է այդ հնարավորությունից։ Հիմա ո՞ր մեկս ենք ավելի բռնապետ: Բացարձակապես ոչ մի շոկային բան այժմ ինձ համար չկա: 2018-ից հետո ես հաղթահարել եմ այդ շոկը, ես ուղղակի հիմա զարմանում եմ ընդդիմադիր պատգամավորների վրա, ովքեր գնում են խորհրդարան, այս մարդկանց հարցեր են տալիս, նրանց հետ քննարկումների են մասնակցում եւ պարզապես լեգիտիմացնում են նրանց գործողությունները եւ այս կարգի հայտարարությունները:
– Մարդիկ կասկածներ ունեն, որ նման մտքեր արտահայտող ՔՊ-ական պատգամավորները կոնկրետ Ադրբեջանից են ուղղորդվում, գուցե՝ նաեւ ֆինանսավորվում:
– Հայաստանից էլ վատ չեն ֆինանսավորվում, ես կարծում եմ, որ այս մարդիկ ուղղակի այդպես են մտածում, այդ տեսակն են: Միշտ էլ այդպես են մտածել: ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ են նրանք, ովքեր ադրբեջանցիների հետ խաղաղության ճամբարներում արժեհամակարգ են կրթել: Ես ինքս էլ դեմ չեմ խաղաղությանը եւ մշտապես ասել եմ, որ մենք պիտի մեր հարեւանների հետ խաղաղ ապրենք: Ո՛չ կարող ենք Հայաստանը վերցնել ու տանել ռեգիոնից, ո՛չ էլ դա կարող է անել Ադրբեջանը, բայց եթե Ադրբեջանի ամենաբարձր օղակներից պնդում են, որ Հայաստանը տեռորիստ է, եւ պետք է ամեն ինչ անել «Հայաստան» անունը ռեգիոնից ջնջելու համար, ես նման խաղաղությունը դժվար եմ հասկանում:

Բաց մի թողեք
Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Հերթական ֆիասկոն
Մարդասպանին, գողականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել