Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին և հայտնել, որ ծեծի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նրանք Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի բնակիչներ 27-ամյա Աշոտ Ա.-ն և 24-ամյա Երջանիկ Ա.-ն են։
Գառնու համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գեղադիր բնակավայրում ավտոմեքենայի վերանորոգման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխվածների և նրանց համագյուղացիներ 20-ամյա Տիգրան Գ.-ի, 27-ամյա Մհեր Գ.-ի, 36-ամյա Մայիս Մ.-ի և 48-ամյա Ֆարամազ Գ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ձեռքերով, ոտքերով, ապա շինարարության մեջ օգտագործվող տարբեր գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Աշոտ և Երջանիկ Ա.-երին։
Դեպքը տեղի է ունեցել Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոցում։ Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Գառնիի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։
Հիվանդանոց տեղափոխված Աշոտ և Երջանիկ Ա.-երը հարազատ եղբայրներ են, բերման ենթարկվածներից Տիգրան և Ֆարամազ Գ.-երը Գառնի խոշորացված համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական ղեկավարի ազգականներն են, իսկ Ֆարամազ Գ.-ն աշխատում է Գառնիի համայնքապետարանում։ Այս դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Գառնիի բաժին անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, քանի որ Աշոտ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ Գեղադիր բնակավայրում նկատել է, որ իր ավտոմեքենայում եղած մոտ 300 հազար դրամ գումարից մնացել է մի քանի հազար դրամ։ Նա ոստիկաններին հայտնել է, որ երբ իրեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կայանել է հիվանդանոցի ընդունարանի հատվածում, ապա ինքնազգացողությունը քանի որ վատացել է, մտել է հիվանդանոց, իսկ այնտեղ արդեն անվտանգության աշխատակիցները իրեն տեղեկացրել են, որ իրենք ավտոմեքենան կուղղեն։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, պարզվել է, որ ավտոմեքենայից բացակայել է մոտ 300 հազար դրամ գումարը։ Գողության փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները նաև ունեն տեղեկություններ, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակից է եղել նաև Գեղադիրի վարչական ղեկավար Գևորգ Գ․-ն, այս տեղեկությունները պարզվում են։

Բաց մի թողեք
Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը»
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է. Լուսանկար
4-ամյա դստեր ներկայությամբ մեքենայից հրել, դուրս է գցել կնոջը․ նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել