18/09/2026

EU – Armenia

ԵԱՏՄ-ն Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող երկկողմ արտոնությունների համակարգ չէ

Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում խոչընդոտել Հայաստանի՝ գործընկերներ և զարգացման ուղի ընտրելու իրավունքին, սակայն Երևանը, նրա խոսքով, պետք է հստակեցնի իր ընտրությունը։

Լավրովը նշել է, որ եթե Հայաստանում արդեն սկսվել է օրենսդրությունն ու կարգավորումները Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, ապա Մոսկվան չի ցանկանում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության նախապատրաստումը փաստացի «վճարել» Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանին տրվող «հսկայական արտոնությունների» հաշվին։

Լավրովը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ապագայում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մասին դիրքորոշմանը։ Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը նախ դիմի Եվրամիությանը, ստանա պատասխան և անդամակցության ճանապարհային քարտեզ, ապա դրանից հետո անցկացվող հանրաքվեն այլևս պարզապես երկու հնարավոր ուղղությունների միջև ընտրություն չի լինի, որովհետև եվրոպական ինտեգրման գործնական գործընթացն արդեն սկսված կլինի։

Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում պայմանավորվել են անցկացնել առանձին երկկողմ հանդիպում՝ Հայաստանի եվրոպական ուղղության և դրա հնարավոր հետևանքների շուրջ «ամեն ինչի մասին ազնվորեն խոսելու» համար։

Լավրովի վերջին հայտարարության մեջ ամենակարևոր բառը «Եվրամիությունը» չէ։ Ամենակարևորը «վճարելն» է։ Ռուսաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 16-ին հայտարարեց, որ Մոսկվան չի ցանկանում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստությունը «վճարել» Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին հասանելի մեծ արտոնությունների հաշվին։ Նրա ձևակերպմամբ՝ եթե հայկական օրենսդրության և կարգավորումների եվրոպականացման գործընթացն արդեն սկսվել է, Հայաստանը պետք է «կողմնորոշվի»։

Իրավական իմաստով առայժմ ոչինչ չի փոխվել։ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ արտոնությունները վերացնելու մասին նոր որոշում չկա։ Լավրովը որոշում չի հրապարակել՝ նա հրապարակել է քաղաքական տրամաբանություն։

Եվ հենց դա է կարևոր։ Մինչ այժմ Մոսկվայի հիմնական փաստարկը պարզ էր՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի տնտեսական համակարգերը անհամատեղելի են։ Հիմա այդ նույն միտքը ստանում է ավելի առարկայական լեզու. եթե Երևանը շարժվում է դեպի եվրոպական կանոններ, Ռուսաստանը չի պատրաստվում անփոփոխ պահել այն տնտեսական պայմանները, որոնցից Հայաստանը օգտվում է եվրասիական համակարգում։

Այս խոսակցությունը, իհարկե, սեպտեմբերի 16-ին չի սկսվել։ Մայիսին Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն թվարկում էր ԵԱՏՄ անդամակցության առավելությունները՝ արտոնյալ էներգակիրներ, ռուսական և եվրասիական շուկաների հասանելիություն, մաքսային ռեժիմ, ներդրումներ, և վկայակոչում փորձագիտական գնահատական, որի համաձայն դրանց կորուստը կարող է Հայաստանի տնտեսության համար հասնել ՀՆԱ-ի 14 տոկոսին։ Դմիտրի Պեսկովն էլ նույն շրջանում հիշեցնում էր ռուսական գազի արտոնյալ գնի մասին և ասում, որ այլ ինտեգրացիոն համակարգի անդամի համար այդպիսի ռեժիմ հնարավոր չի լինի։

Այսպիսով, Լավրովը նոր սպառնալիք չի ստեղծում դատարկ տեղում։ Նա շատ ավելի պարզ անուն է տալիս արդեն ձևավորված ռուսական մոտեցմանը՝ եվրոպական ուղղությունը տնտեսական գին ունի։

Հայաստանի համար այս լեզուն ծանոթ է։ 2013-ին Երևանը երեքուկես տարի բանակցել էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ։ Բանակցություններն ավարտված էին, երբ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, Հայաստանը հայտարարեց Ռուսաստանի առաջնորդած Մաքսային միությանը միանալու որոշման մասին։ Եվրոպական խորհրդարանը հետագայում այդ շրջանի զարգացումները նկարագրեց Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ճնշման համատեքստում, իսկ Հայաստանի իշխանությունները այն ժամանակ հերքում էին, որ որոշումը պարտադրված էր։

Տասներեք տարի անց պատմությունը բառացիորեն չի կրկնվում։ Հայաստանը ուրիշ երկիր է, տարածաշրջանը՝ ուրիշ, Ռուսաստանն էլ՝ այլ վիճակում։ Բայց աշխարհագրությունը շարունակում է թելադրել իր օրենքները։

Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը հաճախ կախված է այն ենթակառուցվածքներից, որոնցով նրանք կապված են արտաքին աշխարհի հետ։ Կարելի է հայտարարել նոր ուղղության մասին, բայց իրական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ գազատարի, երկաթուղու, արտահանման շուկաների, վճարային համակարգերի և սահմանային հաղորդակցությունների նկատմամբ կախվածությունը այլևս մեկ կենտրոնի ձեռքում չէ։ Հենց այստեղ է Հայաստանի եվրոպական ուղղության իրական փորձությունը։

Եվրամիության մասին բանավեճը երկար ժամանակ հիմնականում արժեքների ու աշխարհաքաղաքական կողմնորոշման լեզվով էր ընթանում՝ ժողովրդավարություն, ինքնիշխանություն, անվտանգություն, քաղաքական ընտրություն։ Մոսկվան հիմա այդ բանավեճի կողքին հաշվիչ է դնում՝ գազը որքան կարժենա, հայկական ապրանքը ինչ պայմաններով կմտնի ռուսական շուկա, մաքսային ռեժիմը ինչպիսին կլինի։ Ինչ կկատարվի ներդրումների և ազատ առևտրի պայմանների հետ։

Սա ավելի արդյունավետ ճնշման լեզու է, քան գաղափարախոսությունը, որովհետև տնտեսությունը շատ ավելի արագ է հասնում քաղաքացու գրպանին, քան աշխարհաքաղաքական բանավեճը։

Այստեղ, սակայն, կարևոր է մի տարբերություն՝ ԵԱՏՄ-ն Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող երկկողմ արտոնությունների համակարգ չէ, այլ բազմակողմ տնտեսական միություն, և Լավրովի հայտարարությունն ինքնին չի փոխում Հայաստանի իրավական կարգավիճակն այդ կառույցում, բայց Ռուսաստանը շարունակում է վերահսկել Հայաստանի տնտեսության համար մի շարք առանցքային երկկողմ գործոններ՝ էներգակիրների պայմաններից և ռուսական շուկայի հասանելիությունից մինչև առևտրային ու լոգիստիկ որոշ ռեժիմներ։

Եվ հենց այդ գործիքների քաղաքական արժեքն է, որ Մոսկվան վերջին ամիսներին սկսել է ավելի բաց խոսքի առարկա դարձնել։ Միաժամանակ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկի հանդիպումից հետո պայմանավորվել են շարունակել այս խոսակցությունը առանձին ձևաչափով։ Փաշինյանն ասել է, որ հարաբերությունները նոր պայմաններում «վերաձևակերպման» կարիք ունեն, իսկ Պուտինը նրան հրավիրել է Մոսկվա՝ տնտեսական և ինտեգրացիոն հարցերը կետ առ կետ քննարկելու համար։ Լավրովն արդեն այդ առաջիկա խոսակցությունը բնութագրում է որպես հնարավորություն՝ ամեն ինչի մասին բաց խոսելու։

Այդ հանդիպման իրական բովանդակությունն, ամենայն հավանականությամբ, հենց այստեղ է լինելու՝ հարաբերությունների նոր գինը։ Տասնամյակներ շարունակ հայ-ռուսական հարաբերությունների մի զգալի մասը կառուցված էր մի չգրված փոխանակման վրա․ Ռուսաստանը Հայաստանին տալիս էր անվտանգության, էներգետիկայի և շուկայի որոշ առավելություններ, Հայաստանը մնում էր ռուսական ինտեգրացիոն համակարգերի ներսում։ Այդ կառուցվածքը հիմա քանդվում է մի քանի ուղղությամբ միաժամանակ։

Եվ երբ հին քաղաքական պայմանավորվածությունը սկսում է քանդվել, նախկինում «բնական» համարվող արտոնությունները հանկարծ գին են ստանում։ Լավրովի հայտարարության ամենակարևոր տողատակն այստեղ է։ Մոսկվան դեռ չի ասում, որ վաղը կփակի ԵԱՏՄ շուկան Հայաստանի առաջ։ Չի հայտարարել նաև տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ, բայց արդեն հրապարակայնորեն ասում է, որ Հայաստանի եվրոպական շարժման և նախկին տնտեսական ռեժիմի համատեղ գոյությունը չի համարում անվերջ շարունակելի։

Սա արդեն ոչ այնքան սպառնալիք է, որքան նոր բանակցության մեկնարկային պայման։ Հայաստանի եվրոպական ընտրության իրական գինը որոշվելու է ոչ միայն Բրյուսելի աջակցությամբ կամ Մոսկվայի դժկամությամբ, այլ նրանով, թե որքանով է երկիրը պատրաստ սեփական արտաքին քաղաքական ընտրության տնտեսական հետևանքները կրել՝ առանց Մոսկվայից կախված մնալու։

Փոքր պետությունների ինքնիշխանությունը մեծ տերությունների միջև հաճախ հենց այսպես է չափվում՝ ո՞վ կարող է նրանց ընտրության համար գին սահմանել, և որքանո՞վ են նրանք պատրաստ այդ գինը չվճարել կախվածությամբ։