Մեծ պարտքերի տակ գտնվող Հայաստանի պետբյուջեից մեծ փողեր են ծախսում՝ Երեւանում COP17 կենսաբազմազանության համաժողով անցկացնելու համար։ Մինչդեռ ՀՀ-ում բնապահպանության, կենսաբազմազանության բազում հիմնահարցեր կան։ Դրանք դիտարկենք մեկ մարզի` հարուստ բնություն եւ բնապահպանական հիմնախնդիրներ ունեցող Տավուշի կտրվածքով։
Հրապարակ թերթը գրել է․ Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի արել, թե Տավուշում փայտածուխի քանի արտադրամաս է գործում։ Մարզպետի աշխատակազմից առաջարկել են դիմել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին: Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչություն, այդ վարչությունն ինչպե՞ս է իրականացնում շրջակա միջավայրի պահպանության գործառույթ, եթե տեղյակ չէ, թե Տավուշի մարզում շրջակա միջավայրն աղտոտող փայտածուխի քանի արտադրամաս է գործում։
Տավուշում փայտածուխի արտադրամասերի մեծ մասը մետաղյա կիսված մեծ տակառներ են, որտեղ վառելափայտը մարմանդ ծխեցնում` ածուխ են ստանում։ Այդ արտադրամասերը ոչ մի բնապահպանական չափանիշ չեն պահպանում, աղտոտում են մթնոլորտը, շրջակա միջավայրը։ Տավուշի մարզի անտառներում ապօրինաբար հատված վառելափայտի մեծ մասն իրացվում է փայտածուխի այս արտադրամասերում։ Հոկտեմբերի 5-ին հարցում եմ արել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին․ «Տավուշի մարզում օրինական հիմունքներով փայտածուխի քանի՞ արտադրամաս է գործում, որ համայնքում՝ քանի հատ։ Տեսչական մարմինը 2025 եւ 2026 թվականներին դրանցից քանիսի գործունեության ուսումնասիրություն է կատարել, քանիսի գործունեությունն է համապատասխանում բնապահպանական սահմանված չափանիշներին»։ Տեսչական մարմնից հայտնել են․ «Տավուշի մարզում ներկայում հաշվառված է փայտածուխի արտադրության 80 արտադրամաս (անհատ ձեռնարկատերեր եւ ֆիզիկական անձինք)։ 2025-2026 թթ. ընթացքում իրականացված 3 ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումներով կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, որից 2-ով՝ հողերի ոչ նպատակային օգտագործման հիմքով, վարույթի նյութերն ուղարկվել են համապատասխան համայնքապետարաններ, քանի որ, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի՝ վարչական տույժի քննությունն իրականացնում են տարածքային կառավարման մարմինները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ արտադրամասերում պարբերաբար իրականացվել են ստուգայցեր, որոնց արդյունքում նույնպես կիրառվել են վարչական տույժեր։ Բացի այդ, փայտանյութի ապօրինի ձեռքբերման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փայտածուխի արտադրության 80 արտադրամասի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է նաեւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու նպատակով»։
Մարտիրոսյանին նաեւ հարցրել եմ․ «Տավուշի մարզում առկա է համայնքների 25 աղբավայր, որոնք գործում են օրինական հիմունքներով։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2025 եւ 2026 թվականներին դրանցից քանիսի՞ գործունեության ուսումնասիրություն է կատարել, քանիսի՞ գործունեությունն է համապատասխանել բնապահպանական սահմանված չափանիշներին»։ Տեսչական մարմնից պատասխանել են․ «Տավուշի մարզում ներկայում հաշվառված 25 աղբավայրից գործում է 18-ը՝ ըստ համայնքների՝ Իջեւան-7, Բերդ-6, Նոյեմբերյան-4, Դիլիջան-1։ 2025 թվականի 4-րդ եռամսյակում «Նոյեմբերյան համայնքի համայնքային տնտեսություն սպասարկող» ՀՈԱԿ-ում իրականացվել է պլանային ստուգում (4 աղբավայր)։ Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման արդյունքներով՝ ստուգման նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։ Գործող մյուս աղբավայրերի գործունեության համապատասխանությունը ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «ՀՀ տարածքում գոյություն ունեցող եւ գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմեր հաստատելու մասին» N 27-Ն որոշմանը, բնապահպանական նորմերը կարգավորող օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին՝ կպարզվի նախատեսվող վերահսկողական/պլանային ստուգում, դիտարկում, ուսումնասիրություն/միջոցառումների շրջանակներում»։
Տեսչական մարմնի ղեկավարին հարցում եմ արել նաեւ Դիլիջան համայնքի չցանկապատված, բաց աղբավայրի վատթար վիճակի, այնտեղ հաճախ բռնկվող հրդեհների մասին։ Տեսչական մարմինը տեղեկացրել է․ «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025-2026 թվականներին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի աղբավայրում արձանագրվել է հրդեհի բռնկման 22 դեպք, որից 2-ով Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀՈԳՎ) Դիլիջանի բաժին, 20-ով՝ Տավուշի մարզպետարան՝ իրենց լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Հարուցված վարչական վարույթների շրջանակներում, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Դիլիջանի բաժնից ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր դեպքերով տեղի է ունեցել աղբի ինքնաբռնկում (ինքնայրում)»։
Դիլիջանի աղբավայրում հրդեհներ շատ հաճախ են բռնկվում, բայց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2 տարում ընդամենը 22 դեպք է արձանագրել։ Որպես հրդեհների պատճառ՝ նշվել է ինքնայրումը, սակայն, դիլիջանցիների կարծիքով, համայնքի աղբավայրը միտումնավոր են հրդեհում, այդ հրդեհներով համայնքի աղբավայրը «բարեկարգում» են։

Բաց մի թողեք
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին
Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը