«Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են խորհրդարանի կողմից գործուղման մեջ գտնվող պատգամավորներին ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի նիստերին եւ խորհրդարանի բաց քվարկություններին որեւէ եղանակով մասնակցելու հնարավորությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նա առաջարկում է պարտադիր դարձնել պատգամավորների անմիջական ներկայությունը եւ արգելել, օրինակ, նամակով քվեարկության մասնակցելու հնարավորությունը, որը տարիներ առաջ ընձեռվեց պատգամավորներին` հեշտացնելով քվեարկությունների կազմակերպումը եւ վերացնելով գործողումների մեկնելուն երբեմն խոչընդոտող բոլոր արգելքները։ Ղազարյանն օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը թերեւս քննության կառնվի առաջիկա նիստերին։
Ինչպես հայտնի է, գործող կարգավորումները թույլ են տալիս, որ գործուղման մեկնած պատգամավորները մինչեւ գործուղման մեկնելը փակ ծրարով իրենց դիրքորոշումները հայտնեն առաջիկայում քննարկվելիք նախագծերի վերաբերյալ։ Շատ հաճախ հենց այս հնարավորության շնորհիվ է, որ իշխանությունը կարողանում է ցանկացած նախագիծ անցկացնել խորհրդարանում, քանի որ գործուղումների սիրահար ՔՊ-ականները նախապես քվեարկում են` ծրարները թողնում ու հանգիստ մեկնում վոյաժների։ Եվ այլեւս կարիք չի լինում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, որ իշխանություններին անհրաժեշտ օրինագիծն անցկացնեն խորհրդարանում:
Հիմա, երբ նախորդ գումարման խորհրդարանների համեմատ ՔՊ-ականները շատ ավելի քիչ մանդատներ ունեն, բարդանում է ցանկացած նախագիծ անցկացնելու գործը, ուստի մեկ քվեն անգամ կարեւոր է ու որոշիչ, եւ կանոնակարգ օրենքի այս դրույթն իշխանությունների, կարելի է ասել, փրկօղակն է դարձել։
Մինչդեռ նույն օրենքը նման հնարավորություն չի տալիս գաղտնի կամ անվանական քվեարկությունների դեպքում։ «Եթե գաղտնի կամ անվանական քվեարկությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությունը պարտադիր է, ապա այն պետք է պարտադիր լինի նաեւ բաց քվեարկությունների ժամանակ։ Անկախ քվեարկության ձեւից եւ եղանակից՝ պատգամավորն ԱԺ-ում որոշումների ընդունման գործընթացին մասնակցում է քվեարկության միջոցով, հետեւաբար, միայն բաց քվեարկությանը մասնակցելուն տրվող առավելությունը չունի որեւէ հիմնավորվածություն»,- կարծում է նախագծի հեղինակը, միեւնույն ժամանակ նկատում, որ պատգամավորի դիքորոշումը կարող է փոփոխության ենթարկվել հանձնաժողովների քննարկումներից հետո էլ, ուստի նախապես թողնել գրավոր դիրքորոշում՝ առնվազն ճիշտ չէ։
Բացի այդ, «ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշում արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների եւ ընդդիմախոսների կարծիքը»,- կարծում է Ղազարյանը եւ վերջում հիշեցնում, որ նույն՝ ԱԺ կանոնակարգ օրենքով պարտադիր է նիստերին մասնակցությունը, իսկ գործուղումների գնալը պարտադիր չէ եւ կարող է կազմակերպվել ըստ հայեցողության եւ նպատակահարմարության: Պարզ ասած՝ Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին, ինչը «պատերազմի» առիթ է դառնալու խորհրդարանում»։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում
Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը
Նիկոլի մոսկովյան «սիրո» ու որդնած խնձորի մասին, որն այդպես էլ չգնաց Եվրոպա