20/10/2026

EU – Armenia

Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը

«А вы дайте ему сдачи», «Я ему дам сдачи, только другим способом»․ «Ծառայողական սիրավեպը» ֆիլմում այսպես է արձագանքում Սամոխվալովը, երբ նրան առաջարկում են պատասխանել իրեն ապտակող Նովոսելցևին։

Մոտավորապես նման ձևով է այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանում տարիներ առաջ Սյունիքի մարզում իրեն «սյունյաց ողջույններ» հղողներին, ընդ որում՝ այդ պատասխանը ոմանց համար շատ ավելի ցավոտ է, քան եթե նույն օրը ենթարկվեին հետապնդումների։ Այդպես գուցե կորցնեին ազատությունը, բայց պահեին տղամարդկությունը, իսկ այսօր հակառակն է տեղի ունենում՝ պահելով ազատությունը, ոմանք տղամարդ են մնում միայն կենսաբանորեն։

Նիկոլ Փաշինյանն իր վրեժը լուծում է այնպես, որ սյունյաց «հերոսներից» ոմանք բռնել են ինքնաստորացման, ինքնանվաստացման, ինքնահայհոյանքի ու ինքնաապտակի ճանապարհը։ Խոսքը միայն ճամբարափոխության մասին չէ։ Շատերը, նախկինում լինելով ընդդիմադիր, հետագայում հայտնվել են որևէ պաշտոնի, բայց փորձել են սեփական կոշիկներով չտրորել սեփական արժանապատվությունը։ Փորձել են հիմնականում զբաղվել իրենց աշխատանքով, խոսել են հիմնականում իրենց ոլորտից, հակադրված քաղաքական հայտարարություններին էլ տվել են ընդհանուր տեսք։

Այլ է Առուշ Առուշանյանի պարագայում։ Եթե չլիներ նրա նախկին ակտիվ գործունեությունը, Գարեգին Նժդեհի կերպարում «տեղավորվելու» երբեմնի ցանկությունը, հատկապես եթե չլինեին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած վիրավորանքները, ապա Գորիս համայնքի ղեկավարի ճամբարափոխությունը գուցե համեմատաբար անցնցում լիներ իր համար ու անցավ։

Բայց եթե Առուշանյանը փորձում է մոռացության մատնել նույնիսկ իր արած հայտարարությունները՝ դրանք գցելով իր աշխատողների գրպանը, ապա Նիկոլ Փաշինյանը չի մոռացել։ Իսկ Փաշինյանն այն մարդն է, որն առաջնորդվում է հայտնի ասույթով. «Վրեժն այն ուտեստն է, որը համեղ է, երբ մատուցում են սառը վիճակում»։ Ու հիմա Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է Փաշինյանի կողմից մատուցված այդ կերակուրը։

Նախքան նրան հնարավորություն կտրվի վերընտրվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում, նախքան նրան տարկետում կտրվի կալանավայր ուղևորվելուց առաջ (Նիկոլ Փաշինյանը երբեք ոչինչ չի ներում ու չի մոռանում), Առուշ Առուշանյանը ներկայումս պատժվում է ամենադաժան ձևով։ ՔՊ-ական իշխանությունը ոչնչացնում է նրա մեջ տղամարդուն, ընդ որում՝ բուն ՔՊ-ականները նրա հասցեին ոչ մի վատ բան չեն ասում։ Առուշ Առուշանյանն ինքն է իրեն նվաստացնում, ստորացնում, ինքն է իրեն ապտակում ու պատժում։ Նա այնպես ակտիվորեն է մեղա գալիս Նիկոլ Փաշինյանի առաջ, որ այդ քստմնելի պատկերը նողկանք է առաջացնում, նա այնպես թախանձագին է ներում խնդրում Նիկոլ Փաշինյանից, որ նույնիսկ խղճահարություն է առաջացնում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա համառությունը՝ իր անձը նույնացնել պատմական այս կամ այն կերպարի հետ, իր արդյունքը տալիս է։ Տվյալ պահին նրան հաջողվել է նմանվել Ներոնին, որը հաճույք էր ստանում մարդկանց տառապանքներին ու ստորացումներին սառնասրտորեն հետևելուց, ու հիմա Կառավարական ամառանոցում բազմած՝ վայելում է Առուշ Առուշանյանի ինքնանվաստացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրոք պետական գործիչ լիներ ու իրոք ինքն իրեն մարդ համարեր, ապա թույլ չէր տա, որպեսզի ոչ միայն Առուշ Առուշանյանը, այլև ցանկացած մեկ ուրիշն այս աստիճան խոնարհվեր իր առաջ, քանի որ իրական ինքնասիրություն ունեցող մարդուն կվիրավորեր քծնանքի նման մեծ չափաբաժինը։

Հ․Գ․ Յուրաքանչյուր մարդ, որքան էլ ձգտի բոլորին այլ լույսի ներքո ներկայանալ, ամեն դեպքում ինքն իրեն բավականին լավ գիտի։ Պարոնա՛յք, քաղաքականությունը, հատկապես մեր նման երկրներում, դժվար ուղի է, որը ոչ բոլորն են ունակ անցնելու։ Դուք ձեզ վատ չեք ճանաչում, ու եթե գտնում եք, որ չեք կարող անցնել այդ ճանապարհը, չեք կարող դիմանալ հալածանքներին ու զրկանքներին, ոտք մի՛ դրեք այդ ճանապարհի վրա, որովհետև միայն գաղափարներ ունենալը բավարար չէ, պետք է նաև կամք ունենալ։ Հետևաբար ավելի լավ է հեռու մնալ այս վտանգավոր ասպարեզից, քան հետո հայտնվել խղճուկ վիճակում՝ որքան էլ որ ի սկզբանե ունենայիք ազնիվ ու հայրենասիրական մղումներ։