ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի դրսից կառավարվող «լրտեսական ընդդիմությունը» եւ ձեւավորվի նոր՝ պետականակենտրոն ու իրական ընդդիմություն։
Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրություններում «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ոչնչացվել է, հիմա եկել է «պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ եւ միայն սեփական ընտրողների կողմից կառավարվող եւ ուղղորդվող ընդդիմություն» ձեւավորելու ժամանակը։ Նա հայտարարել է, որ կառավարությունը թեեւ չի կարող օգնել կամ աջակցել նրանց, բայցեւ ոչ մի բանով չի խանգարի, ու առաջարկել է նոր ընդդիմության ձեւավորման շուրջ հանրային լսումներ կազմակերպել։
Իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցը, որը «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն էր, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, նկատեց. «Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով հաստատում է, որ դիկտատոր է, նա ամենօրյա ռեժիմով հաստատում է, որ չի կարող հանդուրժել այն ամենը, ինչն իր քիմքին ու սրտին հաճո չէ, նա կարողացել է փչացնել այնպիսի ինստիտուտներ, որոնք ժամանակին բավականին կայացած էին, օրինակ՝ նույն քաղաքացիական հասարակությունը: Նա քանդում է այն բոլոր կառույցները, որոնք ժամանակին ինչ-որ չափով գործել են արդյունավետ ու կայացած են եղել: Այս մարդն իրեն մաքսիմալ կոմֆորտ է զգում դիկտատորական կարգավիճակում: Առաջին բանը, որն այս երկրում պետք է անհապաղ փոխվի, իշխանությունն է: Անկախ այն բանից, թե ինչպիսի ընդդիմություն կունենա մեր երկիրը, մեզ անհրաժեշտ է պետականակենտրոն իշխանություն: Մի իշխանություն, որի համար ոչ թե կլինի իր քիմքին հաճո ընդդիմություն, այլ կաշխատեն այն ինստիտուտները, որոնք կկասեցնեն այն բոլոր հնարավորությունները, որոնք իշխանությանը թույլ կտան վերածվել հանցավոր ռեժիմի: Ցավոք, մենք չունենք այնպիսի համակարգ, որը կկասեցնի իշխանության ապօրինի գործողությունները, մեր ինստիտուտները չեն աշխատում, իսկ այս իրավիճակում Փաշինյանն իրեն մաքսիմալ կոմֆորտ է զգում: Նա իր նոր ֆանտազիաներն է գործի դրել կամ գուցե նոր հրահանգ է ստացել, մի հերթական պատվեր, որը բացում է օվերտոնի պատուհան: Հավանաբար, նրա պատվիրատուն ոչ միայն սահմանադրության փոփոխություն է պատվիրել, այլեւ` ընդդիմության փոփոխություն: Ինչ վերաբերում է այն թիմերին, որոնց հետ ես աշխատել եմ, ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության համար խիստ անհարմար մարդկանցից է կազմված: Մենք ոչ մեկի հետ փոխկապակցված չենք, մեզ հնարավոր չէ կապել որեւէ հանցագործության հետ, մեզ չեն կարող մեղադրել երկիրը ծախելու մեջ, մենք բոլորի համար անհարմար ընդդիմություն ենք: Մենք կանխատեսելի ընդդիմություն չենք, եւ դա է պատճառը, որ չորս կողմից ուզում են մեզ չեզոքացնել, բայց մենք դիմակայում ենք»:


Բաց մի թողեք
Կրկին կփորձեն նոյեմբերի 6-ին. Լուսանկար
Հաղթանակներն անսպասելի ու հանկարծահաս են լինում.․․
Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի