Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,38 տոկոսը (5 հազար 504 ձայն), ՔՊ-ն՝ 35,2 տոկոսը (4 հազար 681 ձայն)։
Հրապարակ թերթը գրել է․ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։ «Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, 2021-ին ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ դարձած Արմեն Գրիգորյանը, որն ընտրություններից առաջ ասում էր, որ երբեք չի միավորվի ՔՊ-ի թեկնածուի հետ, իսկ հիմա, ասում են, կոալիցիա է կազմելու, եւ անգամ հնարավոր է ինքը չլինի համայնքապետը, այլ իրեն պարտված Լոռի Բերդի համայնքապետը, որը ՔՊ-ի պաշտոնական թեկնածուն էր Ստեփանավանում։

«Գործարար» կուսակցությունը, ի դեպ, Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Այս դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը՝ Առուշը հաղթել է «Ապրելու երկրի» թեկնածուին: Իսկ Ստեփանավանն աչքի է ընկել ընտրողների ակտիվ մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաեւ Եղեգնաձորում՝ 62,56, եւ Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ այլընտրանք է եղել, մի քանի թեկնածու է առաջադրվել։ Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է եղել՝ 25,39 տոկոս։ Այնտեղ, որտեղ առաջադրված է եղել մեկ թեկնածու, մասնակցությունը ցածր է եղել, արդյունքը՝ խորհրդային ժամանակների ոգով։
Ընտրություններից առաջ իշխանությունները մի շարք ապօրինությունների դիմեցին՝ ընդդիմադիր ուժերի թեկնածուներին կալանավորեցին, երկրում վախի եւ շանտաժի մթնոլորտ ձեւավորեցին, եւ արդյունքը գերազանցեց նրանց սպասելիքները: Առաջիկայում դեռ երկու ՏԻՄ ընտրություն էլ կա․ նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 13-ին մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրելու:
Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը մի քանի անգամ հաղթել է ՏԻՄ ընտրություններում, մի քանի անգամ հետապնդվել է, ազատ արձակվել, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրությունների եւ ընդդիմության ձախողումների մասին, ասում է. «Ընդդիմության անգործության հետեւանքն է: Այդ մարդիկ չեն կարողանում նորմալ կադրեր ընտրել, ամեն մեկն իր բարեկամին, փեսուն, բաջանաղին, չգիտեմ ում սարքել է քաղաքական դեմք: Ես ընդհանրապես այս կուսակցականացմանը դեմ եմ: Ընտրությունները չեն կարող հաջողել, երբ այսքան կուսակցություն է գործում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն է մեր երկրում գործում»: Բայց ընդդիմությունն ասում է, որ իրենց թեկնածուներին կա՛մ բանտարկում են, կա՛մ շանտաժի ենթարկում, դա է պատճառը, որ մարդիկ հրաժարվում են մասնակցելուց։ «Ինձ էլ են կալանավորել, ինչո՞ւ ես էլ իմ կարծիքը չեմ փոխել կամ չեմ վախեցել: Փաստ է, որ արդեն 9 տարի է՝ այս ընդդիմությունը ջուր է ծեծում: Շարունակ նույն բանն են հարթակներից խոսում, արդեն իրոք մարդիկ հոգնել են նույն բաները լսելուց»:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանին նոր եւ պետականակենտրոն ընդդիմություն է հարկավոր։ «Ընդդիմություն պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ճանապարհ ունեն անցած, աննահանջ են, անբիծ են, անվախ են, այլ ոչ թե երեկվա թալանից պրծել են, եկել են՝ ընդդիմություն դառել կամ փախել գնացել են Մոսկվա, հիմա էլ մեզ փորձում են ուղղություն ցույց տալ: Դրանցից ի՞նչ ընդդիմություն: Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր մեզ ուզում են ցույց տալ, որ ընդդիմադիր են: Ես մեր ընդդիմության մեջ ոչ մի գաղափարական բան չեմ տեսնում, նույն խոսույթն է, նույն ճառերը: Ժողովրդի հետ ազնիվ չեն խոսում, ինչ ասես ասում են` է՛լ զոմբի, է՛լ ոչխար, է՛լ ինչ ասես ու էդքանից հետո ուզում են, որ ժողովուրդը գնա իրենց հետեւից: Ժողովրդին հիշում են միայն ընտրությունից ընտրություն»:


Բաց մի թողեք
Երեւի պատվիրատուն ընդդիմության փոփոխություն է պահանջել
Կրկին կփորձեն նոյեմբերի 6-ին. Լուսանկար
Հաղթանակներն անսպասելի ու հանկարծահաս են լինում.․․