03/11/2026

EU – Armenia

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլևը հանդես կգա Երևանում և մարզերում․ Լուսանկար

Դմիտրի Մասլեևը մեկնարկում է իր առաջին մենահամերգային շրջագայությունը Հայաստանում, ծրագրված են նաև վարպետության դասեր, հայ երաժիշտներին բացառիկ հնարավորություն կտրվի հայկական ստեղծագործության կատարմամբ զուգանվագով հանդես գալ վարպետի հետ:

Այս աշնանը Հայաստանի մշակութային կյանքը կհարստացվի նշանակալի իրադարձությամբ. Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի հաղթող, հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը վերադառնում է Հայաստան՝ իր առաջին մենահամերգային շրջագայությամբ: Ծրագիրը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի սիրված և ճանաչված գլուխգործոցներին: Մասլեևի շրջագայությունն իրականացվում է «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական ֆլհարմոնիայի համագործակցությամբ:

Դմիտրի Մասլեևն այն երաժիշտներից է, ով նվաճել է աշխարհի առաջատար բեմերն ու քննադատների համակրանքը՝ շնորհիվ իր կատարյալ տեխնիկայի և նրբաճաշակ, խորը պոետիկ մեկնաբանությունների: Հայաստանյան հանդիսատեսի համար նրա անունը վաղուց դարձել է բարձրարժեք կատարողական արվեստի խորհրդանիշ: Դաշնակահարը բազմիցս այցելել է Հայաստան՝ որպես մենակատար ելույթ ունենալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սակայն Մասլեևի կապը Հայաստանի հետ դուրս է գալիս սովորական համերգային ծրագրերի շրջանակից: Հանդիսանալով «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի դաշնամուրային բաժնի ղեկավարը՝ դաշնակահարն ակտիվ լուսավորչական և մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում: Նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում տաղանդավոր երիտասարդ հայ դաշնակահարների համար՝ անգնահատելի ավանդ ներդնելով տեղի դաշնամուրային դպրոցի զարգացման և երաժիշտների նոր սերնդի աջակցման գործում:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Դմիտրի Մասլեևը նշում է. «Հայաստան կատարած յուրաքանչյուր այց ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է և ներշնչանքի աղբյուր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մաեստրո Էդուարդ Թոփչյանի և «Պրիմավերա ֆաունդեյշն»-ի հետ տարիների համագործակցության ընթացքում այս երկիրն ինձ համար հարազատ է դարձել: Հիմնադրամում իմ մանկավարժական աշխատանքի շրջանակներում ես պարբերաբար շփվում եմ երիտասարդ հայ դաշնակահարների հետ և ամեն անգամ հիանում նրանց խորը երաժշտականությամբ ու արվեստի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումով: Հենց այդ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է նաև մեկնել մարզեր, կիսվել փորձով և դասական երաժշտությունը հասանելի դարձնել բոլորի համար: Իմ առաջին մենահամերգային շրջագայությունը՝ նվիրված Ռախմանինովին, ինչպես նաև վարպետության դասերն ու տեղի տաղանդների հետ համատեղ ելույթները, իմ երախտագիտության նշանն են Հայաստանին և նրա հրաշալի հանդիսատեսին»:

Մասլեևի գալիք հայաստանյան համերգային ծրագիրն ընդգրկելու է ինչպես մայրաքաղաք Երևանը, այնպես էլ Հայաստանի մարզերը: Ընդ որում, Վարդենիսում և Կապանում կայանալիք համերգների մուտքն ազատ է լինելու, ինչն ընդգծում է նախագծի կարևոր սոցիալական և կրթական առաքելությունը: Դաշնակահարը նոյեմբերի 17-ին հանդես կգա Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցում (մուտքն ազատ է), նոյեմբերի 19-ին՝ Դիլիջանի UWC Dilijan քոլեջում, Նոյեմբերի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Երևան) և Նոյեմբերի 23-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Երգեհոնային դահլիճում (մուտքն ազատ է):

Դմիտրի Մասլեևը երիտասարդ հայ երաժիշտներին բացառիկ հնարավորություն է ընձեռումում իր հետ զուգանվագով ելույթ ունենալ համերգների ընթացքում՝ որպես «բիս» կատարելով հայ կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը (բնօրինակ կամ փոխադրված տարբերակով): Նախապես հայտ ներկայացրած երաժիշտներից Մասլևը կկատարի իր ընտրությունը, մասնակիցն անպայման պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամ վերջինիս Գյումրու մասնաճյուղի ուսանող կամ շրջանավարտ կամ «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի ծրագրերի մասնակից:

Նոյեմբերի 22-ին, ժամը 10:00-ից 13:00-ն Առնո Բաբաջանյանի համերգասրահի Մեծ դահլիճում Դմիտրի Մասլեևը կանցկացնի դաշնամուրի վարպետության դասեր:
Վարպետության դասերին և զուգանվագի ընտրությանը մասնակցելու համար հայտերը հասանելի են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ primavera-foundation.am: