Նոյեմբերի 3-ին Ֆրանսիայի ազգային գրադարանի (BnF) Ռիշելյեի մասնաշենքում տեղի է ունեցել «Պրո Արմենիա» հանդեսին նվիրված գիտաժողով՝ ի հիշատակ Ֆրանսիայում հայասիրական շարժման (Mouvement arménophile en France)։
Միջոցառումը կազմակերպել էին Ֆրանսիայի ազգային գրադարանը, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցը (EHESS) և Բարձրագույն նորմալ դպրոցը (ENS)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։
Իր խոսքում դեսպան Խաչատրյանը նախ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, անդրադարձ է կատարել Ֆրանսիայում հայասիրական շարժման պատմությանը: Նա կարևորել է Ժան Ժորեսի, Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի, Ֆրանսիս դը Պրեսանսեի և ֆրանսիացի այլ մտավորականների դերակատարությունը, ինչպես նաև 1900 թվականին Փարիզում հիմնադրված «Pro Armenia» հանդեսի նշանակությունը՝ որպես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ֆրանսիական հասարակական-քաղաքական շրջանակների համախմբման հարթակի։
Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ներկա փուլին՝ դեսպանը հիշատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարած պետական այցը, որի ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը։
Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի ազգային գրադարանը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել նաև Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ՝ շարունակելով Հայաստանի ազգային գրադարանի հետ 2025 թվականին հաստատված համագործակցությունը։
Գիտաժողովին հայկական կողմից մասնակցել են նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։



Բաց մի թողեք
Անդրեն նոր սիրելի ունի՞. Լուսանկար
«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել» … մեկ տարի երեք ամիս անց. Լուսանկարներ
Հին Հայաստանին նվիրված Ակրոպոլիսի թանգարանում երկու օրից մեկնարկող աննախադեպ ցուցահանդեսի մասին և ոչ միայն․ Լուսանկարներ