04/11/2026

EU – Armenia

Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ կառավարող մեծամասնությունը նոր սահմանադրության շուրջ բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա եւ համոզիչ պատասխաններ տա նաեւ դրանից հետեւող հարցերին, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեով կողմ կքվեարկի նոր սահմանադրությանը:

Հրապարակ թերթը գրել է․ Իսկ եթե ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնի նոր սահմանադրության ընդունումը, կնշանակի, որ նա դեմ է Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղությանը։ «Իմ պատկերացումը հետեւյալն է, որ այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի»,- հայտարարել է վաչապետը։ Հանրային տրամադրությունը, ըստ նրա, կախված է այն պատասխաններից, որոնք իշխանությունը կբերի հիշատակված հարցերին:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Փաշինյանի այս շանտաժն ընդդիմության վրա, պարզ է, որ մեր հանրությունը շատ է կարեւորում խաղաղությունը, եւ այն վտանգելը չի կարող հավանության արժանանալ: Ասլանյանը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Փաշինյանն էդ ակցիան չորս-հինգ ամիս առաջ՝ ընտրությունների ժամանակ արդեն արել է: Ավելի համապետական, ավելի մասշտաբային եւ ճնշիչ գործողությունների տեսքով: Դա արել է թե՛ ընդդիմության դեմ, թե՛ այն քաղաքացիների, ովքեր ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ: Նա այդ նույն օրակարգով մասնակցել է ընտրություններին, սակայն ակնկալիքները չեն արդարացվել: Այսինքն` հասարակությունը բավարար չափով ձայներ չի տվել Փաշինյանին, որ նա իր ցանկությունները կատարի: Խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է: Նիկոլ Փաշինյանը չունի այդ մանդատը: Ընտրություններից ամիսներ անց շանտաժի նման փորձեր կատարելը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիոն պրիմիտիվ հնարք: Նա չի կարող այդ քայլերով սահմանադրություն փոխել: Պիտի հասարակությունն աջակցի իրեն, իսկ դա չի արել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում: Նա չի ստացել այնքան քվե, որ կարողանա սահմանադրություն փոխել, վերջ` դրանով ամեն ինչ ասված է: Եթե ՀՀ քաղաքացիներն անգամ այսպիսի ճնշման տակ Փաշինյանին նման մանդատ չեն տվել, ապա դա նշանակում է, որ այս մարդը չի կարող այդպիսի քայլի գնալ»:

Եթե Նիկոլ Փաշինյանն ընդդիմության դեմ ակցիաների մեկնարկը տա, ընդդիմությունը փողոցային պայքար կսկսի՞։ «Մենք՝ կոնկրետ «Ուժեղ Հայաստանը», ունի իր օրակարգը եւ շարժվում է այդ օրակարգով: Մենք ուրիշ ոչ մի քաղաքական ուժի գործողությունների մեջ չենք մտնում: Կլինեն գործողություններ, կլինեն նաեւ համապատասխան հետեւություններ ու գործողություններ, չեն լինի` մենք մեր օրակարգով կշարժվենք: Մենք Փաշինյանի խոսույթի մեջ չենք ցանկանում մտնել եւ իր ոճով հաթաթա տալ: Դա սխալ է եւ ոչ նպատակահարմար: Մարդիկ ակնհայտորեն դեմ են սահմանադրական փոփոխություններին, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն կունենար»: