04/11/2026

EU – Armenia

Հարգելի փաստաբաններ, երբ ձեզ դիմում են լրատվամիջոցներին դատի տալու խնդրանքներով, մի տրվեք փող աշխատելու գայթակղությանը

Մարտի 20-ի մեր հրապարակման մեջ՝ «Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար», անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի` արցախցիների հետ կայացած հանդիպմանը, որտեղ մի քանի տող կար նաեւ արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի մասին:

Գրել էինք, որ նա «ջերմ հարաբերություններ ունի իշխանությունների հետ», գործում է Արայիկ Հարությունյանի «տանիքի» տակ, նրա վրա է դրված վտարանդի արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը մոռացության տալու գործը։ Այս հրապարակումից հետո Պետրոսյանը դիմել էր դատարան:

Օրերս Երեւանի քաղաքացիական դատարանը (դատավոր` Սամվել Բաբայան) արձանագրել է հայցվորի պարտությունը եւ «Հրապարակի» հաղթանակը:

Դատարանը գտել է, որ իրականությանը չհամապատասխանող եւ զրպարտություն հանդիսացող ձեւակերպումներ չկան կամ չեն արատավորում հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, եւ հայցն ամբողջությամբ մերժել է:

Հարգելի փաստաբաններ, երբ ձեզ դիմում են լրատվամիջոցներին դատի տալու խնդրանքներով, մի տրվեք փող աշխատելու գայթակղությանը, ձեր հաճախորդներին բացատրեք, որ անհիմն հայց ներկայացնելը չի բխում նրանց իսկ շահերից:

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին