Իհարկե, շատ կարևոր է, թե ինչ են խոսում իշխանության առաջին դեմքերը, քանի որ ինչքան էլ ստում են, մեկ է` խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը:
Պարզ է, որ քրիստոնեության ընդունման, ցեղասպանության ճանաչման, Արցախի մասին խոսելիս սրանք մատնում են իրենց բուն էությունն ու ոչ մի նորմալ հայ մարդ չի կարող այդ խոսույթը հանդուրժել: Բայց խոսքից շատ ավելի կարևոր է գործը, քայլերը…
Երբ խոսում ենք իշխանափոխության անհրաժեշտությունից, մենք, որպես կանոն, հիշում ենք Արցախը, 120 հազար անտուն արցախցիներին, աղետալի պատերազմն ու պարտությունը, մեծացած Եռաբլուրը, Ջերմուկի եւ Սեւ լճի գլխին թառած ադրբեջանական զինուժը: Հիշում ենք, որովհետև թիվ 1 ապացույցը, որ այս իշխանությունները ձախողել են երկրի կառավարումն ու պետք է հեռանան, համարում ենք անվտանգային խնդիրները, մեր թանկ կորուստները` մարդկային, տարածքային, հոգևոր…
Բայց մեր կյանքի մյուս բոլոր բնագավառներում էլ ախր վիճակը բարվոք չէ ու շատ չի տարբերվում անվտանգության ոլորտից: Միայն թվարկումը սարսափ է առաջացնում.
– Բանակում զոհերի թիվն ահռելի չափերի է հասել, խաղաղ պայմաններում այսքան զոհերը բացառապես ՊՆ և բանակի ղեկավարների մեղքն է:
– Ծանր հանցագործություններն ու մահվան ելքով վթարներն աճել են` ոչ վերլուծող կա, ոչ կանխարգելող, ոչ մեղավոր, ոչ պատասխանատու…
-Թմրամոլների քանակն աստղաբաշխական չափերի է հասել, մտել դպրոց, անգամ տնօրեններն արդեն անմասն չեն…ոչ մեկի վեջը չի:
– Մեզ թվում էր, թե մենք ամուր կրթական համակարգ ունենք եւ ուսման հանդեպ ավանդական հարգանք, բայց մի միջազգային ուսումնասիրություն բավական էր, որ պարզվի խայտառակ վիճակ է` զիջում ենք անգամ հարևան երկրներին: Բայց ԿԳՄՍ նախարարը պինդ նստած է իր աթոռին:
-Սխալ դեմոգրաֆիական քաղաքականության արդյունքում գյուղերը դատարկվում են (200-ից ավելի դպրոց են փակել սահմանամերձ գոտում), իսկ Երեւանն այնպես են ուռճացրել, որ մայրաքաղաքը խեղդվում է շինարարությունից, խցանումներից, փոշուց, մարզերից, Ռուսաստանից, Հնդկաստանից, նույնիսկ Պաղեստինից Երևան տեղափոխված մարդկանց քանակից: Միայն այսքան ապօրինի շինթույլտվությունների համար Ավինյանը վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ պաշտոնին:
– Հոսանքի, ջրի, գազի մատակարարման ընդհատումները սովորական են դարձել: Երևանում կատաղի շինարարություն է գնում` անվերահսկելի: Ոչ սեյսմիկ խնդիրներն են հաշվի առնում, ոչ կոմունիկացիաների ու կայանատեղիների պակասը: Խցանումներն այն չափերի են հասել, որ մարդիկ հյուծվում են ճանապարհներին:
-Պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում մարդիկ օրերով հերթ են կանգնում, առողջապահական ապահովագրությունը չի աշխատում: Անահիտ Ավանեսյանը լայվեր է անում:
-Անձնագիր կամ որեւէ տեղեկանք ստանալը որևէ պետական հիմնարկից թանկ է ու տանջալից:
– Վատ որակի օդ ենք շնչում, ամառն աղբավայրերն են այրվում, կանաչ զանգվածը կատաստրոֆիկ կրճատվել է, գումարած` վտանգավոր սնունդ ենք ընդունում: Կաթնամթերքի, միրգ- բանջարեղենի մեջ ծանր մետաղներ, ցուպիկներ, սնկեր` ինչ ասես կա: Անգամ ջրում սնդիկ են հայտնաբերում: Եվ դրանց բացահայտումը ոչ թե մեր հարկերից սնվող պետական մարմիններն են անում, այլ ՀԿ-ները, մասնավոր անձինք, լրատվամիջոցները: Ու ոչ ոք չի պատժվում:
– Սպորտում հետընթաց է, ֆուտբոլային բոլոր մրցաշարերում մեր հավաքականը պարտվում է: Օլիմպիական կոմիտեն ու Օլիմպավանը Ծառուկյանի ինադու փակ են:
-Բուհ դիմողների քանակն է կրճատվել, խայտառակ թվով թափուր տեղեր կան, բուհ կա ընդամենը 20-30 դիմորդ ունի այս տարի:
-Գյուղմթերքը, կոնյակն ու ծաղիկը չի արտահանվում` սանկցիաների պատճառով: Նոր արտադրություններ չեն հիմնվում: Ջերմոցներ են փակվում, ձկնաբուծարաններն են կրճատվում: Գևորգ Պապոյանը խաչքարերից է խոսում:
– Բերդերում ասեղ գցելու տեղ չկա` աննախադեպ քանակի կալանավորվածներ, որոնք առանց դատավճիռների ամիսներով նստած են, մի այդքան մարդ էլ տնային կալանքի տակ է` ամիսներով սպասում են դատերին ու դատավճիռներին: Դատախազը դատախաղերով է զբաղված:
-Քննիչների, դատախազների հոսունություն է, անգրագետ ու անփորձ կադրերով են համալրում թափուր հաստիքները: Բաց մրցույթներ են հայտարարում (այսինքն` ոչ թե համակարգի ներսում, այլ փողոցից ամեն մեկը կարող է մասնակցի) դատախազների և անգամ պետական արարողակարգի ղեկավարի համար, ինչն աննախադեպ է:
– Մեկ անձից գնումներ են անում` առանց մրցույթների, իրական արժեքից տասնապատիկ բարձր գին վճարելով ապրանքների, ծառայությունների համար` բյուջեն դատարկելով:
-Պետական պարտքն է կրկնապատկվել:
– ՏԻՄ ընտրությունների գաղափարն են այլասերել:
Ո՞ր մեկն ասես: Էս շարքը կարելի է հա շարունակել: Ով աչք ունի` կտեսնի, ով ականջ ունի` կլսի. եթե իշխանական ստերի ու գարշելի քարոզչության տակ չէ և հասկանում է, որ «իրական Հայաստանը» վերը նկարագրված դեմքն ունի…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը
Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան
Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան