25/11/2026

EU – Armenia

Արգելքը չի փոքրացնում հերոսին, այն միայն բացահայտում է արգելողների վախը նրա հիշատակից. Լուսանկար

Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 69 տարեկան։

Հերոսի ծննդյան տարեդարձի առթիվ Ռուսաստանի մի շարք քաղաքներում նախատեսվում էր ցուցադրել նրա կյանքին ու գործունեությանը նվիրված «ՄՈՆԹԵ» հայկական ֆիլմը։ Սակայն ցուցադրությունները չեղարկվել են։

«Genetic Production» ընկերության հայտարարության համաձայն՝ պատճառը Ռուսաստանի իշխանությունների սահմանած արգելքն է։ Միևնույն ժամանակ, ընկերությունը չի հստակեցրել, թե ռուսական պետական որ մարմինն է կայացրել այդ որոշումը և ինչ իրավական հիմնավորմամբ։ Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան նախատեսված էր դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում։

«Ես կարծում եմ անհրաժեշտ է պահանջել որոշման պաշտոնական հիմնավորումը։ Չնայած կոնկրետ ինձ համար շատ հասկանալի է, ռուսական դարավոր «բարեկամության» այս դրսևորումը։ Կրեմլը, որը Արցախի հարցը փակելու կնքահայրերից մեկն է, պարզ է, որ չի կարող թույլ տալ Ավոի նման կերպարի վերարժևորումը։ Մոնթե Մելքոնյանի կերպարը կարող է դիտարկվել որպես քաղաքականապես անցանկալի՝ այն պատճառով, որ նրա անունը կապված է Արցախի հայության ինքնապաշտպանության և ազատագրական պայքարի հետ։ Եվ սա ոչ միայն ֆիլմի ցուցադրության խնդիր է, այլև ուղղված է Հայաստանի ազգային հիշողության, ինքնության ու մշակութային ինքնիշխանության դեմ»,- ասաց հնագետ և վերլուծաբան Արմինե Հայրապետյանը։

Ընկերությունը հայտնել է, որ իր վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով կինոթատրոնները ստիպված են եղել չեղարկել նախատեսված ցուցադրությունները։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնել ֆիլմին սպասող հանդիսատեսին՝ ընդգծելով, որ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ֆիլմը նրանց հասանելի դարձնելու համար։

«Եթե Ռուսաստանում ադրբեջանական քաղաքական պահանջները կարող են դառնալ հայկական մշակույթի սահմանափակման հիմք, ապա սա լուրջ հարց է, և հայերը պետք է մտածեն սրա շուրջ։ Հայ ժողովրդի հերոսների հիշատակը որևէ պետության քաղաքական շահերի առարկան չէ և Մոնթե Մելքոնյանի հիշատակի հարգումը ոչ մեկի թույլտվության կարիքը չունի։ Նրանք, ովքեր այսօր փորձում են արգելել Մոնթեի մասին ֆիլմը, պետք է հասկանան՝ արգելքը չի փոքրացնում հերոսին, այն միայն բացահայտում է արգելողների վախը նրա հիշատակից»,-ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Սուրեն Սաֆարյանի հեղինակած «ՄՈՆԹԵ»⁠ կենսագրական գեղարվեստական ֆիլմում Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորում է Վլադիմիր Մսրյանը։ Ֆիլմը ներկայացնում է Մոնթեի կյանքի ճանապարհը՝ ԱՄՆ-ում անցկացրած մանկությունից և հայկական արմատների բացահայտումից մինչև Հայաստան գալն ու Արցախյան առաջին պատերազմին մասնակցությունը։

2025 թվականին «Վազգեն. Վերջին սպարապետը» պատմական ֆիլմը նկարահանած «Genetic Production» ընկերությունը «ՄՈՆԹԵ» ֆիլմի նկարահանումները սկսել է 2026 թվականի ապրիլին։ Հայաստանում ֆիլմի ցուցադրությունները կմեկնարկեն նոյեմբերի 26-ին։

Հատկանշական է, որ մինչ ցուցադրությունների չեղարկումը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ Ռուսաստանին կոչ էին արել արգելել ֆիլմի ցուցադրությունը⁠։ «Genetic Production»-ի հայտարարության մեջ չի հստակեցվում, թե Ռուսաստանի պետական որ մարմինն է սահմանել արգելքը։ Որոշման վերաբերյալ պաշտոնական հիմնավորում նույնպես չի ներկայացվել։

Blog Image