25/11/2026

EU – Armenia

ՔՊ-ն համայնքապետի «ինադու»` դեմ է քվեարկել

Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան խոշոր համայնքում տեղի կունենան ավագանու համամասնական ընտրություններ, որին մասնակցում են «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։

Նոյեմբերի 23-ին «Տավուշ» մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավեճ կայացավ, որին մասնակցեցին այդ 3 կուսակցություների ընտրական ցուցակները ղեկավարող Արսեն Աղաբաբյանը, Մխիթար Խաչիկյանը և Նարեկ Սիրադեղյանը։

Բանավեճի ընթացքում Նարեկ Սիրադեղյանն Արսեն Աղաբաբյանին հարց ուղղեց, թե նա` որպես համայնքի ղեկավար, ինչպե՞ս է գնահատում համայնքի ավագանու 21 անդամների կատարած աշխատանքը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցության անդամների աշխատանքը:

Արսեն Աղաբաբյանը պատասխանեց, որ իրենք մի շարք որոշներ են կայացրել՝ ի շահ Նոյեմբերյան համայնքի զարգացման, իսկ ավագանու ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել բոլոր այն որոշումներին, որոնք կապված են համայնքի բյուջեից արվող ծախսերի հետ։

ՔՊ խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ է քվեարկել նաեւ Նոյեմբերյան համայնքի մանկապարտեզներում, երաժշտական, արվեստի դպրոցներում երեխաների ուսումն անվճար դարձնելու վերաբերյալ ավագանու որոշումներին։ Բայց որոշումն անցել է` Նոյեմբերյանի մանկապարտեզներում, երաժշտական, արվեստի դպրոցներում երեխաների ուսումն անվճար է։