Տասը քաղաքական ուժեր դիմել են նախագահ Էրդողանին և կոչ արել «վերջ տալ Աբխազիայի մեկուսացմանը» և առաջին փուլում թույլատրել, որ աբխազզական «կապույտ անձնագիր» ունեցող անձինք կարողանան մուտք գործել Թուրքիա։
Այդ մասին գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն և հատուկ ընդգծել, որ թուրք-աբխազական ուղղակի կապերի հաստատման առաջարկությունը պաշտպանել է նաև վերջերս կազմավորված «Նոր կուսակցությունը»։
Աբխազիայի ԱԳՆ-ն արդեն թուրք քաղաքական գործիչներին երախտագիտություն է հայտնել։ Ինչպես ձևակերպել է ռուսաստանյան լրատվամիջոցը՝ Աբխազիայում «հանրային ոգևորվածության աստիճանը կտրուկ բարձրացել է, և քաղաքացիները ի պաշտպանություն թուրք պատգամավորների նախաձեռնության ստորագրահավաք են սկսել»։
Աբխազիայի «նախագահի խորհրդական» Սերգեյ Շամբան հիշել է «արտաքին գործերի նախարարի կարգավիճակով» իր մի քանի այցը Թուրքիա։ Նա հոռետես է և ասել է, որ թուրք քաղաքական գործիչների նախաձեռնությունից «հազիվ թե գործնական ինչ-որ բան ստացվի»։
Բացառված չէ, որ Շամբան պարզապես չի ցանկացել դեպքերից առաջ ընկնել։ Աբխազիայի խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների «փորձաքար է եղել» նաև խորհրդային առաջին տասնամյակներին, երբ ինքնավար հանրապետության ղեկավարությունը մեղադրվել է Թուրքիայի «հովանու ներքո Վրաստանից անջատվելու» մտադրության մեջ և ենթարկվել բռանդատության։
Կարծես թե Մոսկվայում աբխազական վերնախավից լուրջ դժգոհություն է հասունանում։ «Նեզավիսիմայա գազետա»-ի հեղինակը բավական թափանցիկ ընդգծել է, որ եթե Ռուսաստանի համար «Թուրքիան ռազմական թշնամի դաշինքի անդամ և աշխարհաքաղաքական մրցակից է, ապա աբխազների համար սևծովյան հարևան երկիր» է։
Թուրքիայում ազդեցիկ աբխազական սփյուռք կա, որ իսլամադավան է և պատմական հայրենիքի հետ կապը դեռևս գիտակցում է։
«Նեզավիսիմայա գազետա»-ն Թուրքիայի և Աբխազիայի միջև հարաբերությունների հացի շուրջ զրուցել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ, հայկական համայնքի ներկայացուցիչ Լևոն Գալուստյանի հետ։ Նա նույնպես աջակցել է «Թուրքիայի և Աբխազիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին»։
Գալուստյանը շեշտել է, որ Աբխազիայի հայ բնակչության մեծամասնությունը «Համշենից է, ունի պատմական հիշողություն և ցավոտ է արձագանքում Թուրքիայի հետ առնչվող շատ բաների, բայց մենք Աբխազիայի հանրապետության քաղաքացի ենք, և այն, ինչ օգտակար է մեր հայրենիքին, օգտակար է նաև մեզ համար»։
Վերջին երկու-երեք շաբաթներին աբխազական թեման քննարկվել է նաև Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ Կա տեսակետ, որ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին առաջարկել են «աշխարհաքաղաքական լոյալություն՝ ակնակալելով Աբխազիայի խաղաղ վերամիավորում»։
Բացառված չէ, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները Էրդողանին առաջարկել են «իրավիճակից առավելագույնը քամել և հրապարակայնացնել Աբխազիայի հետ հարաբերությունները»։
Ըստ երևույթին, հայկական համայնքի ներկայացուցչի հայտարարությունը պետք է հասկանալ այն իմաստով, որ «աբխազահայությունը հանուն Ռուսաստանի դեմ չի գնա հանրային իշխող տրամադրությանը»։

Բաց մի թողեք
Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններին
Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի․ Լուսանկար