Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է ․
«Հետաքրքիր քննարկումներ են մեր հարևան Իրանում Հայաստանի գործող վարչապետ Փաշինյանի` Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին հայտարարությունների համատեքստում։
… Այն պայմաններում, երբ Հարավային Կովկասի միջանցքային հավասարումները փոխվում են Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված «Թրամփի միջանցք» նախագծի իրականացմամբ, Իրանը ևս, զարգացնելով այլընտրանքային երթուղին Հայաստանի հողի վրա, մտել է տարածաշրջանային միջանցքային մրցակցության նոր փուլ։ Թուրանական միջանցքին ի հակակշիռ Իրանը այժմ իրականացնում է իր միջանցքի ծրագիրը Հայաստանի տարածքով, որ նրան պետք է հնարավորություն տա միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս շրջանցել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքները:
Այս երթուղու առանցքային կետը ներկայում Քաջարանի 7.2 կիլոմետրանոց թունելն է, որի գործնական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։
Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմուհամմադին նախագծի մեկնարկային արարողությանը շեշտել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի ավարտը կարող է ապահովել Իրանի և Հայաստանի կապը Սև ծովի հետ: Նշենք, որ Հայաստանի տարածքում ընթացող շինարարությանը զուգահեռ ներկայում իրանական կողմում ևս իրականացվում են Ջուղա-Նուռդուզ ճանապարհի զարգացման և Նուռդուզի կամրջի կառուցման նախագծերը, որպեսզի այս երթուղու օղակները ամբողջանան:
Այս ճանապարհը ավելի մեծ շղթայի մաս է, որը սկսվում է Պարսից ծոցից և Իրանի տրանսպորտային ցանցից, անցնում Նուռդուզի սահմանով, հասնում Հայաստան, այնուհետև Վրաստան և միանում Սևծովյան նավահանգիստներին:
Այսպիսով, Իրանը ստեղծում է միջանցքային տարբերակ մի իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է TRIPP նախագծի իրականացման և Զանգեզուրի միջանցքով առնվազն 15 միլիոն տոննա բեռի փոխադրման թիրախի մասին:
Փաստորեն, ներկայիս մրցակցությունը Կովկասում միայն ճանապարհի կամ երկաթգծի կառուցման մասին չէ, այլ այն բանի, թե առաջիկա տարիներին Հարավային և Արևելյան Ասիայի բեռները որ ուղով են փոխադրվելու դեպի Եվրոպա, Ռուսաստան և Սևծովյան շուկաներ:
Նման պայմաններում Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է մրցակցային լինել Ադրբեջանով և Թուրքիայով անցնող երթուղիների նկատմամբ:
Իրանի տեսանկյունից՝ Հայաստանի հետ հաղորդակցային ուղու պահպանումը և Սյունիքը ադրբեջանա֊թուրքական էքսկլավ չդարձնելն ունի ռազմավարական նշանակություն: Հետևաբար, այս տարածքում ենթակառուցվածքների զարգացումը միայն տնտեսական քայլ չէ։
…Մյուս կողմից, Քաջարանի թունելի կառուցմանը իրանական ընկերությունների մասնակցությունն ունի նաև այլ տնտեսական ուղերձ. Իրանը, բացի առևտրի և տարանցման համար այս ուղին օգտագործելուց, արտահանում է իր տեխնիկական և ինժեներական ծառայությունները դեպի տարածաշրջանային կարևոր նախագիծ, ինչը կարող է ամրապնդել իրանական ընկերությունների դիրքերը Կովկասի ենթակառուցվածքային շուկայում:
Քաջարանի թունելը, Իրանի սահմանից դեպի Քաջարան ձգվող ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շարունակությամբ, կառուցվում է իրանական «Թունել Սեդ Արիանա» ընկերության կողմից և, շրջանցելով Քաջարանի լեռնանցքը, զգալիորեն կրճատում է ճանապարհի տարածությունն ու ժամանակը:
Իրանը հիմա բանակցում է Հայաստանի և Վրաստանի հետ մրցակցային տարանցիկ ուղի ստեղծելու համար, որին հնարավոր է փորձելու են ընդդիմանալ Ադրբեջան֊Թուրքիա֊ԱՄՆ եռյակը։
..Զանգեզուրը Իրանի աշխարհաքաղաքական կշիռն ավելացնելու բանալին է, որ որևէ պարագայում չի կարելի զիջել թշնամական եռյակին, քանի որ այն կարող է ապահովել իրանական ապրանքների և էներգիայի տարանցման անվտանգ և այլընտրանքային ուղի, որը քիչ կենթարկվի արևմտյան պատժամիջոցների և վերահսկողության ազդեցությանը»:

Բաց մի թողեք
Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս
«ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում