25/08/2026

EU – Armenia

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում։

Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», -ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ին ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։

Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։

«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումը արտոնյալ պայմաններով», – ընդգծել է նա։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։