«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքով՝ այս պահին դեռ հստակ չէ, թե ինչ քրեական գործի կամ վարույթի շրջանակում են գործողություններ իրականացվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարաններում և նրանց հետ առնչվող ընկերություններում։
Խամոյանը տեղի ունեցող գործընթացը քաղաքական հետապնդման դրսևորում է համարում։ Նա հիշեցրել է խորհրդային բռնաճնշումների տարիներին տարածված հայտնի արտահայտությունը՝ «մարդը լինի, հոդվածը կգտնվի», ընդգծելով, որ եթե քաղաքական հետապնդման որոշում կա, ապա դրա համար համապատասխան իրավական հիմնավորում, իր գնահատմամբ, անպայման կգտնվի։
Պատգամավորը նշել է, որ նման զարգացումն իր համար անսպասելի չէ։ Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ օրը խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո արդեն ակնկալվում էր, որ կարող են իրավապահ գործողություններ սկսվել։ Խամոյանի գնահատմամբ՝ այդ ընթացքում վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն ազդակներ է հղել ուժային և իրավապահ կառույցներին։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությանը՝ ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, տարբեր արհեստական հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական ու տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր՝ Խամոյանը կասկածի տակ է դրել այդ հայտարարության շարժառիթները։
Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն, ամենայն հավանականությամբ, փորձում է առավել ակտիվ դրսևորել իրեն և արժանանալ իշխանության ղեկավարի հավանությանը։ Պատգամավորը տեղի ունեցող գործընթացը կապում է Քոչարյանի նկատմամբ տարիներ շարունակվող քաղաքական և իրավական ճնշումների հետ։
Խամոյանը նաև հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շրջանում արված հայտարարությունները՝ ընդգծելով, որ նախկին նախագահը հայտարարել էր՝ չի պատրաստվում հրաժարվել իր սկսած պայքարից և չի պատրաստվում հետ կանգնել քաղաքականությունից՝ անկախ հնարավոր ճնշումներից։
Պատգամավորի խոսքով՝ Քոչարյանը դեռ 2018 թվականից, երբ նրան, իր պնդմամբ, հորդորել էին չվերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար, ընտրել է պայքարի ճանապարհը և, ըստ Խամոյանի, մտադիր է այն շարունակել։
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, ամենայն հավանականությամբ, ծանր էր տարել քննչական կոմիտեի նախագահի փառքը և հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնել»,- ասել է Խամոյանը։

Բաց մի թողեք
Մեղավորները նշանակվում են Փաշինյանի կողմի՞ց, թե՞ իրավապահներն են մի գիշերում հայտնաբերում «հանցավորներին»
Բա, բանակում տիրող բարդակի հետևանքով մահերի համար ո՞ւմ մեղադրենք՝
Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում