25/08/2026

EU – Armenia

Հայտնի է՝ երբ դատարան կներկայացվի ձերբակալված Ռոբերտ Քոչարյանը

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։

Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Նրանք, ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրավված ևս 4 անձ ձերբակալվել են:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունն առավել մանրամասնել էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Ք.-ի որդի Ս. Ք.-ն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Ս.-ն, ՀՀ նախկին վարչապետ Ա. Մ.-ն, Երևանի նախկին քաղաքապետ Գ. Բ.-ն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս. Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա. Ո.-ն., Ա. Ո.-ի կինն ու երկու դուստրերը: