27/08/2026

EU – Armenia

Նոր առարկաներ՝ առանց դասագրքերի

ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է դրել քննարկման, ըստ որի՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչով ուսուցում իրականացնող դասարաններում «Առողջ ապրելակերպ» խմբակին 2026-2027 ուստարում՝ 6-9-րդ եւ 11-րդ դասարաններում, 2027-2028 ուսումնական տարում՝ 7-9-րդ դասարաններում, 2028-2029 ուսումնական տարում՝ 8-9-րդ դասարաններում, 2029-2030 ուսումնական տարում՝ 9-րդ դասարանում հատկացվում է տարեկան 17-ական ժամ, իսկ 2030-2031 ուստարվանից «Առողջ ապրելակերպ» խմբակ չի նախատեսվում։

«Մասնագիտական կողմնորոշում» խմբակին՝ 8-10-րդ դասարաններից յուրաքանչյուրում հատկացվում է տարեկան 34-ական, 11-րդ դասարանում՝ տարեկան 15 ժամ: «Առողջ ապրելակերպ» եւ «Մասնագիտական կողմնորոշում» խմբակներին սույն կետով նախատեսված ժամաքանակը հատկացվում է անկախ սովորողների թվից։

Նախագծի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց պատմաբան, կրթության ոլորտի անկախ փորձագետ Վանո Կարապետյանը. «21-րդ դարում, երբ տեղեկատվության աղբյուրներն անհամար են, առավել կարեւորվում է ոչ թե դասագրքի դերի նվազեցումը, այլ դրա անհրաժեշտությունը։ Երեխային պարզապես տարբեր աղբյուրների հղումներ կամ ուսուցչի կողմից հավաքագրված նյութեր տրամադրելը չի կարող լիարժեք փոխարինել մասնագիտական փորձաքննություն անցած, տարիքին համապատասխան, միասնական եւ համակարգված դասագրքին։

Մտահոգիչ է, որ «Առողջ ապրելակերպ» առարկան ընդհանրապես դասագիրք չի ունենալու, իսկ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի համար նախատեսվում է միայն աշխատանքային տետր։ Սա կարող է առաջացնել մի շարք խնդիրներ․

1. Տարբեր դպրոցներում եւ տարբեր ուսուցիչների մոտ նույն առարկայի բովանդակությունը կարող է էապես տարբերվել։

2. Ուսուցիչը ստիպված կլինի դառնալ նաեւ դասագրքի «հեղինակ»։ Նա պետք է ինքնուրույն որոնի, ընտրի եւ համակարգի նյութը՝ փոխարենը կենտրոնանալու ուսուցման վրա։

3. Դասագրքի բացակայության դեպքում երեխան կախված է լինելու ուսուցչի տրամադրած նյութերից, համացանցից կամ այլ աղբյուրներից։

4. Կթուլանա բովանդակության նկատմամբ վերահսկողությունը։ Հատկապես առողջության եւ անվտանգության վերաբերյալ թեմաներում կարեւոր է, որ երեխան ստանա գիտականորեն հիմնավորված եւ միասնական տեղեկատվություն։

5. Կմեծանա անհավասարության ռիսկը։ Մի դպրոցում կարող են ունենալ հարուստ լրացուցիչ նյութեր եւ տեխնիկական հնարավորություններ, մյուսում՝ ոչ։

6. Կդժվարանա նաեւ ծնողի վերահսկողությունը։ Դասագիրքը ծնողին հնարավորություն է տալիս տեսնել՝ ինչ գիտելիք է նախատեսված երեխայի համար, եւ ինչ է նա սովորում։

Եթե հաշվի առնենք, որ ուսուցիչների համար ձեռնարկներ կան, ապա խնդիրը պետք է ներկայացնել ոչ թե որպես ուսուցչին նյութով չապահովելու, այլ դասագրքի բացակայության հետեւանքների հարց»։

Կարապետյանը կարծում է, որ աշխատանքային տետրը կամ ուսուցչի ձեռնարկը չի կարող փոխարինել աշակերտի դասագրքին։ «Ուսուցիչը կունենա մեթոդական ուղեցույց, բայց ստիպված կլինի այդ նյութը վերածել աշակերտի համար հասանելի եւ համակարգված ուսումնական բովանդակության։ Դասագրքի բացակայության պայմաններում ուսուցիչը կարող է լրացուցիչ ժամանակ ծախսել՝ նյութը բացատրելու, ամփոփելու, լրացուցիչ աղբյուրներ տրամադրելու եւ աշակերտներին տնային աշխատանքի համար անհրաժեշտ նյութերով ապահովելու վրա։ Մյուս խնդիրը միասնականության հարցն է՝ դասագիրքը բոլոր աշակերտների համար ստեղծում է նույն գիտելիքային հիմքը, երբ այն չկա, նույն թեմայի մատուցման ձեւը եւ խորությունը կարող են ավելի շատ կախված լինել կոնկրետ ուսուցչից, նրա ընտրած նյութերից եւ դպրոցի հնարավորություններից։ Արդյունքում ուսուցչի վրա չի դրվում պարզապես «դասագիրք ստեղծելու» պարտականություն, քանի որ ձեռնարկն արդեն կա։ Սակայն նրա աշխատանքը կարող է բարդանալ աշակերտի համար միասնական, ամբողջական եւ շարունակական ուսումնական նյութ ապահովելու անհրաժեշտությամբ։

Հետեւաբար, եթե նախարարության մոտեցումն այն է, որ ժամանակակից կրթության պայմաններում դասագիրքը կարելի է ամբողջությամբ փոխարինել այլ ռեսուրսներով, պետք է հստակ հիմնավորել՝ ինչով է ապահովվելու աշակերտի միասնական, համակարգված եւ վստահելի ուսումնական նյութը, հատկապես տանը ինքնուրույն սովորելու եւ ծնողի կողմից ուսումնական գործընթացը վերահսկելու տեսանկյունից։ Մինչեւ այժմ «Առողջ ապրելակերպը» դպրոցում դասավանդվում էր որպես պարտադիր ուսումնական խմբակ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ից այն դառնում է պարտադիր դասավանդվող առարկա։ Եթե առարկան փոխում է իր կարգավիճակը, պետք է փոխվի նաեւ դրա բովանդակային եւ մեթոդական տրամաբանությունը։ Եթե նախկինում խմբակի նպատակը որոշակի թեմաների շուրջ տեղեկություն տալն ու գործնական հմտություններ ձեւավորելն էր, ապա պարտադիր առարկայի դեպքում պետք է հստակ պատասխան տրվի՝ 1. ինչ գիտելիքներ պետք է ունենա աշակերտը դասընթացի ավարտին, 2. սովորողների մոտ ինչ նոր հմտություններ եւ կարողություններ պետք է ձեւավորվեն, 3. ինչպես է բովանդակությունը զարգանալու դասարանից դասարան, 4. ինչպես է գնահատվելու աշակերտի առաջընթացը, 5. եւ ամենակարեւորը՝ ինչով է նոր առարկայի բովանդակությունը տարբերվելու նախկին խմբակի բովանդակությունից»։

«Անվտանգ կենսագործունեու­թյուն» առարկայի դեպքում, ըստ փորձագետի, իրավիճակը մի փոքր այլ է՝ սա նոր առարկա է, որը նախատեսվում է ներդնել 5-րդ դասարանից եւ աստիճանաբար փոխարինելու է 8-րդ դասարանից դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկային։ ԿԳՄՍՆ-ի հիմնավորմամբ՝ նոր առարկան պետք է ավելի լայն ընդգրկում ունենա՝ ներառելով բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական եւ ռազմական բնույթի ռիսկերին արձագանքելու կարողություններ, ուստի այստեղ դասագրքի հարցն առավել կարեւոր է։ «Նոր առարկա է ստեղծվում՝ նոր բովանդակությամբ եւ նոր տրամաբանությամբ, բայց աշակերտի համար նախատեսվում է միայն աշխատանքային տետր, որը կարող է լինել գործնական աշխատանքի շատ լավ միջոց, սակայն չի կարող ամբողջությամբ փոխարինել նոր առարկայի համակարգված դասագրքին․․․ Կարելի է շատ հստակ հարց բարձրացնել. եթե «Անվտանգ կենսագործունեությունը» նոր առարկա է, որը 5-րդ դասարանից փուլային կերպով փոխարինելու է ՆԶՊ-ին, ապա ինչո՞ւ նոր բովանդակությամբ առարկայի համար աշակերտին չի տրամադրվում լիարժեք դասագիրք։ Աշխատանքային տետրը կարող է լրացնել դասագիրքը, բայց չի կարող լինել լիարժեք փոխարինող։ Նոր առարկան պահանջում է ոչ միայն նոր անվանում, այլեւ նոր, ամբողջական եւ համակարգված ուսումնական բովանդակություն։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ առարկան առանց համապատասխան դասագրքի ներդնելու մոտեցումն իրեն չի արդարացրել։ Եղել են դեպքեր, երբ առարկաները մտել են ուսումնական գործընթաց, մինչդեռ համապատասխան դասագրքերը պատրաստ չեն եղել։ Արդյունքում ուսուցիչները ստիպված են եղել աշխատել հին դասագրքերով, տարբեր լրացուցիչ նյութերով եւ սեփական ռեսուրսներով։ Այս փորձը պետք է դիտարկել որպես ձախողված մոտեցում, որից պետք էր դասեր քաղել։ Սակայն այսօր նույն տրամաբանությունը կրկին տեսնում ենք․ «Առողջ ապրելակերպը» դառնում է պարտադիր առարկա՝ առանց դասագրքի, իսկ նոր «Անվտանգ կենսագործունեությունը» նախատեսվում է ապահովել միայն աշխատանքային տետրով»։