Կառավարությունը, ինչպես հայտնի է, որոշել է միավորել Վանաձոր եւ Փամբակ համայնքները՝ ձեւավորել նոր համայնք, որի մեջ միավորվելու է եւս 22 բնակավայր: ԱԺ-ն սեպտեմբերի 14-ին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչո՞ւ խոշորացնել առանց այդ էլ խոշոր համայնքը, որը խորհրդային տարիներին երրորդ քաղաքն էր հանրապետությունում, իսկ 2021 թվականի վարչատարածքային բարեփոխումների ժամանակ արդեն իսկ խոշորացվել է` իրեն միացնելով Գուգարք, Շահումյան եւ Դարպաս գյուղերը։ Խորհրդային տարիներին հանրապետության երրորդ քաղաք համարվող, արդյունաբերական հսկա Վանաձորը հերթական անգամ հայտնվել է կառավարական «վիրաբույժների» սեղանին:
Իշխող մեծամասնությունը սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում արտակարգ՝ 24-ժամյա ռեժիմով, առաջին ընթերցմամբ անցկացրեց Վանաձոր եւ Փամբակ համայնքների միավորման նախագիծը: Առանց այն էլ խոշոր մարզկենտրոն Վանաձորին, որը 2021 թվականին արդեն մեկ անգամ խոշորացվել էր՝ միավորվելով Գուգարք, Շահումյան եւ Դարպաս գյուղերը, հիմա էլ կցում են եւս 22 բնակավայր:
Ինչո՞ւ խոշորացնել խոշորը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս որոշումը «փաթեթավորել» է նրանով, որ ռեսուրսների համախմբումը թույլ կտա ավելի լավ կազմակերպել համայնքային ծառայությունները: Երկրորդ․ պետք է փրկել Փամբակը, որն անհաջող խոշորացման զոհ է: Ընդամենը 5 տարի առաջ ձեւավորված Փամբակ խոշորացված համայնքը պետք է ուժեղացնել տնտեսապես: Ընդամենը 5 տարի առաջ նույն ՔՊ-ականները հպարտ դեմքով հայտարարում էին, թե 300 բնակիչ ունեցող Փամբակ գյուղը 15 այլ գյուղերի հետ խոշորացնելով՝ դրախտ են կառուցում: Հիմա պարզվում է՝ «դրախտը» ձախողվել է, ու Փամբակը պետք է շտապ կուլ գնա Վանաձորին:
«Այդ խոշորացման տակ որեւէ չափորոշիչ, որեւէ չափելի միավոր` արդյունավետության, կառավարման, ֆինանսների տեղաբաշխման կամ գյուղական համայնքների ձուլման-չձուլման համար գոյություն չունի»,- ԱԺ-ում հայտարարել էր Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը: «Հրապարակին» տված հարցազրույցում նա ասել էր, որ անգամ նախորդ խոշորացման գործընթացը չի կարելի կայացած համարել, որովհետեւ գործող ավագանին իր լիազորությունները, հայտնի պատճառներով, չի կատարել: Նոր խոշորացման նպատակը, ըստ նախկին քաղաքապետի, զուտ քաղաքական է: «Հավանաբար, հույս ունեն Փամբակի գյուղերը միացնելով` իրենց թեկնածուին ավելի շատ ձայներ ապահովել»,- նշել էր նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հարցրինք, թե արդյո՞ք կիսում է ընդդիմադիրների տեսակետը, որ այս ամենի տակ թաքնված է ոչ թե լոռեցու հոգսը, վարչական ավելի արդյունավետ կառավարումը, այլ իշխանության սարսափն ընտրություններից, որ 2021 թվականին Վանաձորում ՔՊ-ն տապալվեց, ու հիմա էլ վստահ չէ իր ուժերին, ուստի ցանկանում է հետաձգել ընտրությունները մինչեւ 27 թվականի մարտը: Ի՞նչ է տալու ՔՊ-ին այդ հետաձգումը: «Չեմ ուսումնասիրել այդ թեման, բայց կարծում եմ՝ ոչինչ»,- ասաց Մարուքյանը: Նա առաջարկում է Վանաձորի խոշորացման պլանը համեմատել Էջմիածնի խոշորացման հետ: 2025 թվականի ՏԻՄ ընտրություններում Էջմիածին քաղաքում (Վաղարշապատում) իշխանությունը լուրջ խնդիրներ ուներ, եւ քաղաքին կցեցին տասնյակից ավելի շրջակա գյուղեր՝ Խոյ, Այգեկ, Ամբերդ, Դոխս եւ այլն։ Նպատակն իշխանության գործը հեշտացնելն էր, որպեսզի դեմ քվեարկողների ձայները «խեղդվեն» գյուղական բնակավայրերի վարչական ռեսուրսի մեջ:
Բայց, ըստ Մարուքյանի, Վանաձորում ՔՊ-ն քաղաքական իմաստով խնդիր չի ունենալու: «Այնտեղ իրենց դեմ ուժեղ թեկնածու չկա: Էջմիածնում խնդիր ունեին, քանի որ ուժեղ թեկնածու կար իրենց դեմ, բայց Վանաձորում այդ իրավիճակը չկա: Հետեւապես, ընտրությունների արդյունքներում էական փոփոխություն չի լինելու՝ լինեն դրանք այս տարվա վերջին՝ դեկտեմբերին, թե մարտին: Դրանից մեծ բան չի փոխվելու: Կարող են պահանջել համայնքային ընտրություններ, կարող են հայտարարել, որ համայնքների կարծիքը չեն հարցրել, բնականաբար, դրանք լեգիտիմ հարցեր են: Բայց ընտրության ժամկետի առումով տարբերություն չկա»,- ասում է Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը, ըստ էության, ակնարկում է, որ Մամիկոն Ասլանյանն այլեւս չի առաջադրվելու:
Այդ դեպքում միավորելու իմաստը ո՞րն է՝ հարցրինք նրան: «Ենթադրում եմ, որ ուզում են, որ նա, ով դառնալու է քաղաքապետ, ավելի մեծ իշխանություն ունենա՝ ավելի մեծ բյուջե, ավելի խոշոր տարածք: Թե չէ՝ գյուղերը միացնեն Վանաձորին կամ ոչ՝ որեւէ բան չի փոխվելու»: Եթե հաշվի առնենք, որ իշխանությունն ակնհայտորեն ցանկանում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին կարգել Վանաձորի քաղաքապետ, ինչի համար վերջինս նույնիսկ իր գրանցումն Ալավերդուց տեղափոխել է Վանաձոր, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։
Մարզպետի պաշտոնից հետո Վանաձորի քաղաքապետի պաշտոնը իջեցում կլինի, սակայն 2028 թվականին մարզպետարանները վերանում են, եւ համայնքապետերը, ըստ էության, փոխարինելու են մարզպետների խավին: Այս պարագայում` Վանաձորը դառնում է Երեւանից հետո երկրորդ ամենամեծ համայնքը, եւ ընտրված համայնքապետը հաստատ մարզպետի իշխանությանը հավասար իշխանություն է ունենալու։

Բաց մի թողեք
100 հազար դրամ կաշառքի համար` 4 տարի 4 ամիս ազատազրկում
ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում
Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ …