17/09/2026

EU – Armenia

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են

Հակակոռուպցիոն կոմիտեն Արտաքին կապերի եւ արարողակարգի բաժնի նախկին պետ Հասմիկ Խաչատրյանին` պաշտոնից ազատվելուց հետո պարգեւատրել է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերների հաշվառման ձեւաթղթից պարզ է դառնում, որ վերջինս այս բաժինը ղեկավարել է 2021թ. նոյեմբերի 9-ից մինչեւ 2026թ. հունվարի 9-ը։ Սակայն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը նվերը նրան հանձնել է օգոստոսի 31-ին, իսկ որպես նվեր ստանալու հանգամանք նշվում է խրախուսում՝ աշխատանքային վերջին օրվա կապակցությամբ՝ ծառայողական պարտականությունները պատշաճ եւ բարեխղճորեն կատարելու, արարողակարգային գործընթացների կազմակերպման ու միջազգային համագործակցության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար։ Իսկ որպես խրախուսում նրան հանձնվել է հուշանվեր՝ ձեռքի ժամացույց՝ 125 հազար դրամ արժողությամբ։

Մենք զանգահարեցինք Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Մարինա Օհանջանյանին, ով հայտնեց, որ հավանաբար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի էջում սխալմունք է եղել` պաշտոնից ազատման օրը` 01.09.2026-ի փոխարեն գրել են 09.01.2026 այդպիսով սեպտեմբերի 1-ի փոխարեն հունվարի 9 է ստացվել. «Հասմիկ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեում կառույցի կազմավորումից ի վեր զբաղեցրել է Արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի պաշտոնը։ Վերջինս Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել է հուշանվեր-ժամացույցով՝ արարողակարգային գործընթացների կազմակերպման ու միջազգային համագործակցության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի և արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար։ Խաչատրյանն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեում չի աշխատում, քանի որ տեղափոխվել է այլ աշխատանքի»։