Մի սկանդալը չմարսած՝ ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում․ տպավորություն է, թե որոշել է հակահայկական հայտարարությունների գծով ռեկորդ սահմանել: Եղոյանը նոր նստաշրջանի մեկնարկին նախ հայտարարեց, որ Լոռու մարզը եւ Տաշիրը եղել են Վրաստանի մաս, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց:
Հետո հայտարարեց, թե ուժեղ սփյուռք՝ նշանակում է թույլ Հայաստան, սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա: Նախօրեին էլ թիրախավորեց Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ հայտարարելով. «… հանուն Հայաստանի հարատեւության, անկախության եւ ինքնիշխանության, այս նպատակի իրականացման համար անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի, դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից», եւ որ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. «Սա ֆունդամենտալ նախապայման է Հայաստանի հարատեւության, անկախության եւ ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը եւ իրենց գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք ՀՀ-ն եւ հայ ժողովուրդն իրենց պատմության մեջ չեն առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել են այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է հայ քաղաքական միտքը եւ շարունակում է դա անել մինչեւ հիմա: Անամոթաբար վեր են կացել եւ ասում են՝ 2025 թվականի 10-րդ դասարանցին ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Տիկին Գալստյան, 10-րդ դասարանցին գրել-կարդալ սովորել է 2015-16-17-18 թվականներին ձեր գրած չափանիշներով, ամոթը ձեզ է»: Այսինքն, եթե 2015-16 թվականներին կարդալ չեն սովորել, վերջ` 18-ից հետո դպրոց չեն գնացել եւ այլեւս ոչինչ չէին կարող սովորել` սովորելու փուլն ավարտվել է, եւ 18-ին դպրոցները փակվել են:
Ըստ Եղոյանի՝ «դաշնակցականությունը եւ դաշնակցական մտածելակերպն անցյալին անընդհատ զոհեր մատուցելն է, անցյալի քաղաքական աստվածներին պաշտելն է, մեր ապագա շահերը զոհաբերելն է»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Եղոյանի կեցվածքի մասին, ասում է. «Անցած խորհրդարանում ոչնչով աչքի չընկած այս երիտասարդը հանձնարարականներ է ստացել շեֆի կողմից եւ որոշել է հակապետական, հակազգային, անգրագետ ու հակապատմական, կեղծ մտքեր արտահայտել եւ սկանդալներ հրահրել: Նա այս ամենով փորձում է նախ ցույց տալ ՔՊ-ի գաղափարախոսությունը, ապա՝ հասարակության ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնք գոյություն ունեն մեր երկրում: Արման Եղոյանը չի կարող ինքնուրույն նմանօրինակ ակտիվություն դրսեւորել: Այս ամենը գալիս է իր կուսակցապետից: Այդ երիտասարդը որոշել է հակապետական, անկիրթ ու հակահայ հայտարարություններով հայտնի դառնալ: Նպատակը հետեւյալն է` նախ շեղել հանրության ուշադրությունը, ես նաեւ չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արման Եղոյանի շուրթերով վերջնականապես բացահայտել իր կուսակցության գաղափարախոսությունը»: Իշխանությունն ասում էր, որ Դաշնակցությունը չունի ձայներ, այլեւս ավարտված կուսակցություն է, անցյալում է, այդ դեպքում ինչո՞ւ են այդքան թիրախավորում ՀՅԴ-ին։ «Խնդիրն այն է, որ նրանք Դաշնակցության մեջ նախկին են տեսնում, սա` մեկ, եւ հետո՝ Դաշնակցությունն ազգային կուսակցություն է, իսկ ցանկացած ազգային երեւույթ թշնամի է Փաշինյանի գաղափարներին, այդ պատճառով էլ դաշնակցականները թիրախում են հայտնվել: Այս խորհրդարանում ոչ միայն Արման Եղոյանն է ակտիվացել, այլեւ` Արփի Դավոյանը, Հասմիկ Հակոբյանը: Անդադար Եկեղեցու դեմ են խոսում եւ այլն»:

Բաց մի թողեք
Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ …
Ինչո՞ւ խոշորացնել խոշորը. վանաձորյան մանիպուլյացիաներ
Լկտիության աղբյուրը դուք եք