28/10/2026

EU – Armenia

Հաղթանակներն անսպասելի ու հանկարծահաս են լինում.․․

Երկու օր է «կոկորդիլոսի արցունքներ» արտահայտությունն է ուղեղումս` Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը լսելուց հետո: Երևի գիտեք, որ կոկորդիլոսներն իրենց զոհին ուտելիս լաց են լինում և այդ արտահայտությունը դրանից է ծագել:

Հրապարակ թերթը գրել է․ Ուրեմն, ոչնչացրել է ընդդիմությանը, 8 տարի շարունակ ամբողջ պետական մեքենան ու լծակները գործի դրել, որ ընդդիմադիր դաշտն ամայացնի և հիմա ասում է` «երջանիկ չեմ, որ ՔՊ-ն որոշ համայնքներում 90 տոկոս ձայն է ստացել»…

Ճիշտ է` ամեն ինչ արել եմ, որ գործող ընդդիմությունը ջախջախվի, բայց ուզում եմ նոր ընդդիմադիր ուժեր հայտնվեն: Չէ, մի կարծեք, թե կառավարելի ընդդիմություն եմ ձևավորելու` «հաճախորդների» բանակ, ուզում եմ «պետականամետ, ազնիվ, օբյեկտիվ… ընդդիմություն» ստեղծվի երկրում:

Եկեք մի քիչ այս «կոկորդիլոսի» հիշողությունը թարմացնենք ու մի երկու պարզ քաղաքագիտական բանաձև բացատրենք:

Ոչ մի իշխանություն, առավել ևս ձեր տիպի ազգակործան իշխանությունը, չի կարող ինքը որոշել` ով և ինչպիսին լինի ընդդիմությունը: Որովհետև ինչքան իշխանությունը վատն է, բռնակալ է, ինչքան այդ իշխանությունից ազատվելը բարդ է ու ցանկալի, այնքան փոքրանում են «կառուցողական ու պետականամետ» ընդդիմության շանսերը: Շանս ունենում են արմատական տրամադրված, իշխանություններին վռնդելու ունակ, ագրեսիվ քաղաքական ուժերը: Ու դա հստակ երևում է 20 թվից հետո կայացած ընտրություններում հաղթողների ցանկից: Եթե այդպես չլիներ, ապա հիմա խորհրդարանում կլինեին «Արամ Զավենիչ ընդ փարթնըրս»-ը…նույնիսկ Արման Թաթոյանն ու Շնորհապետականը, որ նախընտրական փուլում կոշտ քննադատում էին, ընտրողին չհամոզեցին, որ գալիս են ՔՊ-ին ճամփելու և չստացան բավարար ձայներ:

Բայց եկեք հասկանանք` թողե՞լ է արդյոք մեր «կոկորդիլոսը» գեթ մեկ շանս, որ դաշտում հայտնվի որևէ նոր քաղաքական ուժ, նոր անձ: Ամբողջ 8 տարի ոչ միայն ագրեսիվ քարոզչություն են արել նախկին իշխանությունների դեմ, այլև բոլոր կատաղի մեթոդներով պայքարել: Իսկ ողջ աշխարհում քաղաքական ուժերը հերթագայում են` նույն ուժը մեկ իշխանություն է լինում, մեկ` ընդդիմություն: Ոչ մի տեղ Մարսից ու Վեներայից նոր քաղաքական ուժ չի հայտնվում: Եվ ինչպե՞ս հայտնվի, երբ` բանտ ու հալածանք, եկամտից զրկել, աշխատանքից ազատել, ազգուտակերով գործազուրկ դարձնել. ամեն ստոր մեթոդ կիրառվել է ընդդիմություն դառնալու փորձ անողների նկատմամբ:

Բայց ձեզ թվում է միայն նախկինների՞ն է ատում մեր «կոկորդիլոսը», բոլորովին ոչ: Նախ, նախկիններից ոմանց լավ էլ սիրում է` Շիրակ Թորոսյանն ու Սերգեյ Բագրատյանը, նույնիսկ` Առուշը, ձեզ վառ օրինակ: Բայց, ասենք, Վարդան Ղուկասյանին ու Մամիկոն Ասլանյանին ոչ մի ներում չկա, քանի որ համարձակվել են իր թրի տակով չանցնել, անգամ ՏԻՄ-երում առաջադրվել ու հաղթել:

Նախկինների նկատմամբ, ենթադրենք, պաթոլոգիկ ատելություն ունի և դա է բարձր ամբիոններից հնչող այդ զազրելի լեքսիկոնի պատճառը (քառագլուխներ, տաբռներ…և այլն): Բայց մի ահռելի ցանկ կա` մարդկանց, որոնց դժվար է նախկին անվանելը, բայց նրանց դեմ էլ է ամբողջ ուժով և 8 տարի շարունակ պայքարում:

Մի քանիսին թվարկեմ, ում օրուարև չի տվել այս իշխանությունը, թույլ չի տվել, որ կայանան, ընդդիմադիր որևէ գործունեություն ծավալեն երկրում: Ավետիք Չալաբյան, Արման Թաթոյան, Արթուր Վանեցյան, Բագրատ Գալստանյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Միքայել Աջապահյան, Միքայել Համբարձումյան, Արշակ Կարապետյան, Խաչիկ Գալստյան, Վահե Հակոբյան, Արթուր Սարգսյան…նույնիսկ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին է հեռահար վարկաբեկում, որովհետև վտանգ է զգում նաև նրանից (մեկ էլ տեսար` մի հրաշքով ազատվեց ու վերադարձավ Հայաստան)…

Ու նման ռեպրեսիաներ կիրառող մարդը խոսում է ընդդիմություն ձևավորելու մասին, երբ բոլոր մեթոդներով արգելել է անգամ մի հեռավոր համայնքում ընդդիմադիր որևէ ուժի առաջադրումը, իրեն ուղղված քննադատությունը շատերի համար ավարտվել է բանտով ու կալանքով:

Բայց Հայաստանն ավելի վատ երկիր չէ, քան Սերբիան, հայերն էլ սերբերից վատ ժողովուրդ չեն: Ընտրություններից 6 շաբաթ առաջ ձևավորված դաշինքը` հայտնի բժիշկ Իլյա Սրդանովիչի գլխավորությամբ, ով ասպարեզում հայտնվել է ընդամենը 2024 թվականին`երիտասարդական պայքարին աջակցելու իր քայլով, փառահեղ հաղթանակ է գրանցել: Ամեն ժողովուրդ, իհարկե, սեփական ուղին ունի, բայց հաղթանակները նաև անսպասելի ու հանկարծահաս են լինում…